HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողի տակ է մնացել մոտ 35 ավտոմեքենա, որից 25-ը մարդատար է

Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածի 25 կմ-ում՝ Այրում քաղաքի վարչական տարածքում, հոկտեմբերի 2-ին լեռնալանջի հսկա փլուզումը, ըստ ականատեսների, տեղի է ունեցել երեկոյանը ժամը 18:00-ի սահմաններում: Սողանքից առաջ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները փակել էին սողանքի ենթարկված հսկա լեռնալանջին հարող մայրուղին. այնտեղ երկու վերամբարձ կռունկ է աշխատել՝ մեկ շաբաթ առաջ վթարի ենթարկված բեռնատար ավտոմեքենայի կոնտեյները ճանապարհից հանելու համար:

«Ես և ընկերս ընկերոջս «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Իջևանից էինք գալիս: Եկանք Այրում քաղաքի շրջադարձի մոտ՝ այն հատվածում, որտեղ կռաններն էին կանգնած, կանգնեցինք: Մոտավորապես մեկ ժամի չափ կռանները չէին կարողանում բարձրացնել բեռնատարի կոնտեյները, որը մի երկու անգամ փախավ: Մի հատ տղա կողքս կանգնած էր, ասավ՝ ապեր երկրաշարժ, ու թե իրա վախից էր, թե ինչից ուղղակի ինձ բզեց, որ ես կենտրոնանամ: Ես երբ շրջվեցի, որ էդ տղային նայեմ, նայեցի տեսա մոտավորապես մի 40 սմ-ին մոտիկ, եթե ոչ ավել, առաջս գետինը ճղվեց: Ասֆալտը միանգամից բացվեց: Ես լոնք արեցի վրայով, որ փախչեմ, առաջիս ասֆալտը էլի բացվեց: Հողը արդեն թափով դեպի գետի կողմ էր գնում»,- սողանքից ժամեր անց «Հետքին» պատմեց Այրում քաղաքի բնակիչ Մարտիկ Խառատյանը:

Ըստ նրա՝ փակված ճանապարհը վերահսկել է ճանապարհային ոստիկանության 4 ավտոմեքենա. «Դրանցից մեկը ես տեսա, թե ինչպես ընկավ հողի տակ, բայց մարդկանց ասելով, մեկ ուրիշն էլ կար»:

Մարտիկ Խառատյանն ասաց, որ սողանքի ենթարկված լեռնալանջի տակ, ճանապարհի մի կողմում սպասելիս է եղել 40-50, իսկ մյուս կողմում՝ 15-20 ավտոմեքենա. «Այս ավտոմեքենաների մի 70 տոկոսը մնաց հողի տակ»,- ասաց սողանքի ականատեսը:

Ժամը 22-ի սահմաններում ոստիկանությունը փակել էր սողանքին հարող տարածքը: Սակայն այդ ժամին փրկարարները դեռևս չէին եկել դեպքի վայր: Դեպքի վայրում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Արտակարգ իրավիճակում փրկարարներն ուշանում էին: Իսկ հայտնվելուց հետո նրանք ապահովված չէին փրկարարական աշխատանքներ կատարելու համապատասխան տեխնիկայով:

Տավուշի մարզի արտակարգ իրավիճակների վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը հոկտեմբերի 3-ին՝ գիշերվա ժամը 2-ին, լրագրողներին ասաց. «Հողի տակ, մեր հաշվարկներով, պետք է լինի 14-15 ավտոմեքենա, բայց չի բացառվում՝ ավտոմեքենաների թիվը հասնի մինչև 30-ի»:

Այն դեպքում, երբ փրկարաների որոնողական աշխատանքները դեռ չէին սկսվել, Վաղինակ Հովսեփյանը լրագրողներին ասում էր, թե, բարեբախտաբար, դեռևս տուժած մարդիկ չեն հայտնաբերվել, իր կարծիքով՝ բոլոր մարդկանց հաջողվել էր փախչել սողանքից:

Փրկարարական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր ճանապարհը ազատել 3 մեծ բեռնատարից, որոնք ամեն րոպե պատրաստ էին գետն ընկնել: Դրանք խանգարում էին որոնողական աշխատանքներին: Ինքը՝ պրն Հովսեփյանը, նույնպես կարծում էր, որ միայն բեռնատարները հանելուց հետո պարզ կլինի, թե ինչ է հնարավոր անել:

«Մեքենաները հանելու համար մեծ տեխնիկա է հարկավոր, փրկարարները սպասում են մեծ տեխնիկայի, որպեսզի կարողանան գրունտը մաքրել և գրունտի տակից մեքենաները հանել»,- ասում էր Վաղինակ Հովսեփյանը:

Լրագրողներին արգելում էին անցնել սողանքի տարածք: Ժամը 3-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը լրագրողներին ասաց. «Հիմա մասնակիցներ կան նույնիսկ Երևանից ժամանած: Բոլորը դիտարկում են ամբողջ այդ սողանքի երևույթը՝ ոնց գործել, ինչ չափեր ունի, որովհետև սողանքը ինքը աշխատող է: Սողանքը անընդհատ շարժվում է: Դրա համար պետք է այնպես անել, որ փրկարարական աշխատանքները կատարելիս մարդիկ սողանքի տակ չհայտնվեն: Տարածքը մաքրելու խնդիրը կարվի: Մենք առաջին հերթին մտածում ենք, որ եթե սողանքների տակ մարդիկ կան, մարդկանց փրկել»:

Փրկարաները ժամը 3-ին դեռևս տուժողներ չէին հայտնաբերել. «Մոտ 35 ավտոմեքենաներ կան երկու կողմից հաշվարկված, նախնական, ինչքան որ տեսել ենք: Կարող է՝ այս հողի մասսայի տակ դեռևս էլի մեքենա լինի: 35, մոտավոր եմ ասում սա, որից 25 մարդատար մեքենաներ են»,- ասաց Վրեժ Գաբրիելյանը:

Սողանքի վայրում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար կանգնած էին Այրումի, Ալավերդու և Նոյեմբերյանի շտապօգնության մեքենաները: Ժամը 3-ի սահմաններում փրկարարները աշխատում էին սողանքի փլվածքների տակից հանել մի «Ժիգուլի» ավտոմեքենա: Մեքենայի ներսը լցված էր հողով:

Սողանքի վայրում հավաքված բնակչության մեջ լուրեր էին շրջանառվում էին, թե վարորդը մեքենայի մեջ է: Սակայն փրկարարները հայտնեցին, որ մեքենայում վարորդի նստատեղը դատարկ է:

Տավուշի մարզի արտակարգ իրավիճակների վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը կարծում էր, որ ճանապարհի սողանքի ենթարկված հատվածը սողանքային գոտիների մեջ չի մտնում:

«Եթե մեքենաները, մեխանիզմը ամեն ինչ հավաքենք, 1-2 օրում կարելի է այս ամեն ինչը մաքրել: Բայց որպեսզի կարողանանք վերջնական պատասխան տալ, այստեղ անհրաժեշտ են երկրաբանական խոր ուսումնասիրություններ,- ասաց Վաղինակ Հովսեփյանը:

Ըստ վերջինիս՝ սողանքի ենթարկված ճանապարհը կփակվի: Կլինի շրջանցիկ ճանապարհ Իջևանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter