HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ արժե եվրոպական էներգետիկ անվտանգությունը Ադրբեջանի դիրքերից

Ֆորմալ առումով մինչեւ մարտ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի այն հարցում, թե Հարավային միջանցքը կազմող չորս գազատարից (NABUCCO, TAP-Թուրքիա-Ալբանիա-Իտալիա, «Սպիտակ հոսք»-Վրաստան-Ուկրաինա-Լեհաստան, ITGI-Թուրքիա-Հունաստան-Իտալիա) որո՞վ պետք է ուղղի Շահ-Դենիզ-2 գազը, երբ 2017-ին սկսի հանքավայրի շահագործումը:

Բայց բոլորը գիտեն, որ եթե եվրոպական էներգետիկ անվտանգությունը «մաքսիմում էներգիա - մինիմում Ռուսաստան» մոդելն է, ապա Հարավային միջանցք ասվածը պետք է հասկանալ որպես NABUCCO: Ադրբեջանի համար դարձյալ նեղացրել են արտաքին մանեւրումների տարածությունները: Ադրբեջանում, ինքնորոշված Հարավային Սուդանի թեմայի փոխարեն, հրատապ է եվրոպացիների եւ ռուսների նկատմամբ վերաբերմունքի խնդիրը:

«Ո՞ւմ տալ գազը» հարցը սոսկ կոմերցիոն չէ: Այն ուղղակիորեն կապվում է Ղարաբաղյան եւ ներքին բնույթի բազմաթիվ խնդիրների հետ: Բացի դրանից` եթե Ռուսաստանին դուրս են հրավիրում մի բնագավառից, նա անպայման իրեն զգալ է տալիս բոլորովին այլ ոլորտում: Սա աքսիոմ է, որը հատկապես լավ են սերտել Հարավային Կովկասում:

Օրերս Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Բաքու եւ Աշխաբադ էր մեկնել՝ դիվերսիֆիկացնելու դեպի Եվրոպա էներգետիկ մատակարարումների ներկայիս կառուցվածքը: Դիվերսիֆիկացում այս դեպքում նշանակում է ոչ միայն Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցում, այլեւ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական ու այլ մրցակցության մեջ սեփական դիրքերի շրջադարձային ամրապնդում: Այնպիսի իրադրության ստեղծում, երբ, հանուն եվրոպացիների էներգետիկ անվտանգության պահպանման, այլեւս պետք չի լինի ենթարկվել Ռուսաստանի կամքին այլ բնագավառներում:

Եվրոպայում ծախսվող վառելիքի 40%-ը գալիս է Ռուսաստանից: Բարոզուի եւ Ալիեւի ստորագրած հռչակագրում կողմերը եկան համաձայնության Հարավային միջանցք գազային խոշոր ծրագրի իրագործմանը քաղաքական աջակցություն ցուցաբերելու հարցում: Բարոզուն շտապեց ավանսով համաձայնությունը գնահատել որպես ճեղքում՝ հավանաբար մտքում ունենալով այն տարբերակը, որ Ադրբեջանը Հարավային միջանցքի տակ հասկացվող 4 գազամուղներից կանգ կառնի NABUCCO-ի վրա:

ԵՄ յուրաքանչյուր անդամ-երկրի ղեկավար պարզ գիտակցում է, որ եվրոպական ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր հասկացությունը ամեն անգամ անհասկանալի եւ անընդունելի է դառնում բարեկեցիկ կյանքի սովոր սեփական քաղաքացիների համար, երբ պարզորոշ ուրվագծվում է գազից թեկուզ որոշ ժամանակով զրկվելու հեռանկարը:

Իսկ այլեւս նման հեռանկարներ չունենալու իրական տարբերակը հենց NABUCCO-ն է՝ առանց Ռուսաստանի: Ունի՞ այսօր Ադրբեջանը հիմնավոր պատճառ՝ դեմ գնալու Ռուսաստանին եւ քաղաքական, եւ կոմերցիոն առումներով, խախտելու երկու տարի առաջ Ռուսաստանի հետ կնքված գազային տարանցման պայմանագիրը:

Որքան անհասկանալի է եվրոպացի քաղաքացիների համար «միացյալ Եվրոպայի աշխարհաքաղաքական շահեր» հասկացությունը, երբ խոսքը սեփական անվտանգության մասին է, նույնքան էլ, դատելով այս օրերին Ադրբեջանում ընթացող քննարկումներից ու հնչող հայտարարություններից, ադրբեջանական քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների համար հասկանալի չէ, թե ինչու պետք է Ադրբեջանը հոգա Եվրոպայի անվտանգության մասին, երբ Եվրոպան ոչինչ չի արել մինչեւ հիմա Ադրբեջանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության վերականգնման համար:

Բարոզուի հայտարարությունը, թե ԵՄ-ն հանդես է գալիս հօգուտ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Ադրբեջանում առաջվա խանդավառությունը առաջ չբերեց: Մի շարք փորձագետների ու վերլուծաբանների տեսանկյունից եվրոպական գործիչները նման հայտարարություններ շատ են արել, սակայն բանը դրա կիրառմանը չի հասել:

Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանի դիրքորոշումը բավական խոսուն է այս տեսանկյունից. որպեսզի Ադրբեջանը շահագրգռվի եվրոպական էներգետիկ անվտանգությամբ, կամ պետք է առաջարկվի ավելի գայթակղիչ ֆինանսական հատուցում, քան առաջարկում են ուրիշները (Ռուսաստանը, Իրանը ձեռք են բերում ադրբեջանական գազը` վճարելով 240 դոլար 1000 խմ-ի դիմաց), կամ էլ Եվրոպան պետք է իր հերթին ապահովի Ադրբեջանի անվտանգությունը նրա տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով: Հայտնի է, որ հանքավայրի լիարժեք շահագործման ժամանակ (2020 թ.) Շահ-Դենիզ-2-ից տարեկան կարտահանվի 16 մլրդ խմ գազ:

Սակայն անցած տարի Թուրքիայի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ դրանցից 6 մլրդ-ն Ադրբեջանն արդեն պարտավորվել է ուղղել դեպի Թուրքիա՝ եղբայրական երկրի գազի կարիքները բավարարելու նպատակով: Բոլորը հասկանում են, որ, հանուն անվստահելի եվրոպացիների անվտանգության, Ադրբեջանը դեմ չի գնա Թուրքիայի էներգետիկ շահերին:

Մանավանդ, որ օգտագործելով Թուրքիան որպես դեպի Եվրոպա եւ այլ երկրներ տանող ճանապարհ` Ադրբեջանը նախապես հոգացել է իր գազի այսօրվա եւ վաղվա պաշարների իրացման խնդիրների մեծ մասը: Այսպես, 2012 թ.-ից Հունաստանը, կնքված կոմերցիոն համաձայնագրի հիմքով, Թուրքիայի միջոցով մտադիր է ստանալ մինչեւ 1 մլրդ խմ ադրբեջանական գազ: 2012 թ. հունական գազատարին կմիանա նաեւ Բուլղարիայի գազատարը, ինչի արդյունքում ադրբեջանական գազը կհասնի նաեւ սեւծովյան այս երկիր:

Այս տարի սկսելու է շահագործվել նաեւ Թուրքիա-Սիրիա-Հորդանան գազամուղը, որով Թուրքիան էլ ավելի կամրապնդի ադրբեջանական գազի տարանցման հանգույցի իր նշանակությունը եւ կամուրջ կդառնա մինչեւ 2015 թ. դեպի Սիրիա եւ Հորդանան ուղղվող ադրբեջանական 2 մլրդ խմ գազի համար:

Երբ ԱՄՆ դեսպանի նշանակման հարցում նախագահ Օբաման շրջանցեց Կոնգրեսը, Ադրբեջանում դա նորմալ համարեցին՝ նշելով, որ ԱՄՆ-ի նման հզոր երկիրը պետք է դեսպան ունենա այնպիսի երկրում, որը ածխաջրածնային պաշարներ է մատակարարում տարբեր ուղղություններով:

Բայց եթե Մ. Բրայզան շահագրգռված է ԱՄՆ Կոնգրեսում իր վարկանիշի վերականգնման հարցով, ապա պետք է անի հնարավորն ու անհնարինը՝ էներգետիկ դիվերսիֆիկացումն ամերիկաեվրոպական մոդելով իրականություն դարձնելու համար: Դրա համար նա ունի ուղիղ մեկ տարի ժամանակ: Ադրբեջանում ու Թուրքիայում անհապաղ` հենց այս տարեսկզբից, դեսպաններ ունենալու հարցը ԱՄՆ-ում որոշվել է ճիշտ պահի եւ ճիշտ անձանց առումով:

Ի միջի այլոց, որքան մեծանում է Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը եվրոպական կառույցների համար, նույնքան մեծանում է նաեւ ադրբեջանական լիբերալների հուսալքությունը: Բարոզուի հայտարարությունը, թե Եվրոպայի համար չափազանց կարեւոր է Ադրբեջանում կայունության պահպանումը, ընկալվեց որպես բռնապետական իշխանության դիրքերի ամրապնդման եւս մեկ գրավական եւ յուրովի առեւտրի առաջարկ. «Դու մեզ` NABUCCO, մենք` հանդուրժողականություն մարդու իրավունքների խախտումների հարցում»: Այլ հարց է, որ Ալիեւին այդ լոյալությունը պետք էլ չէ:

Ադրբեջանցի ընդդիմադիրներին ու դիսիդենտներին վաղուց արդեն ոչ ոք բանի տեղ չի դնում ոչ երկրի ներսում, ոչ էլ դրսում: Հավանաբար ճիշտ էր WikiLeaks-ի այն տեղեկությունը, թե ամերիկյան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Լիբերալ կուսակցության ղեկավար Լալա Շովկեթը ցավով նշել էր, որ Ադրբեջանի նավթագազային հարստությունները Ադրբեջանի դժբախտությունն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter