HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Թուրքերը վերականգնում են Սարգիս Լոլեի գերեզմանը

Թուրքիայի «բարի» քաղաքականության հանդեպ մենք էլի բարի ենք

Հայկական հուշարձանների նկատմամբ Թուրքիայի ցուցադրական քաղաքականությունը շարունակվում է: Վերջերս և թուրքական, և հայկական լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները` վարչապետ Էրդողանի հովանավորությամբ, պատրաստվում են վերականգնել հայտնի ճարտարապետ Սարգիս Լոլեի գերեզմանը:

Մեզանում Լոլեի անունը այնքան հայտնի չէ, որքան օրինակ` Պալյանինը: Լոլե գերդաստանի յոթ սերունդ հայտնի ճարտարապետներ և շինարարներ են եղել: Այդ ընտանիքը տարբեր ճարտարապետական շինություններ է նախագծել ու կառուցել Հարավարևելյան Թուրքիայում, հատկապես` Մարդինում: Ընտանիքից ամենահայտնին վերջին սերնդի ներկայացուցիչ Սարգիս Լոլեն է:

Լոլեի մասին սկսեցին շատ խոսել այն բանից հետո, երբ Մարդինում նրա նախագծած ու կառուցած տներից մեկը գնեց «Սաբանջի» հիմնադրամը, որը թուրքական խոշոր հոլդինգներից մեկն է, զբաղվում է բարերարությամբ և կառուցել էր Մարդինի քաղաքային թանգարանը: Մարդինի փողոցներից մեկը վերանվանվել է Լոլեի անունով:

«Այս տենդենցը թուրքերը օգտագործում են արտաքին աշխարհում դիվիդենտներ ստանալու համար, ինչպես նաև կա ինքնության խնդիր. ուզում են ցույց տալ, որ բազմամշակույթ են, ընդունում են բոլոր քաղաքակրթությունները: Ուզում են ցույց տալ նաև, որ Ստամբուլը քաղաքակրթությունների կենտրոն է, որ Թուրքիան հանդուրժող է բոլոր ազգերի նկատմամբ»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում թուրքական իշխանությունները, ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների, առանձնահատուկ քաղաքականություն են իրականացնում: Մարդինի փողոցներից մեկը հայ ճարտարապետի անունով կոչելու նպատակն էր ցույց տալ, որ Մարդինը նկարագիր, պատմություն ունեցող քաղաք է. ունի ճարտարապետ, ով ազգությամբ հայ է: Թուրքագետը թուրքական իշխանությունների այս քայլը պայմանավորում է Թուրքիայի զարգացման միտումներով և քաղաքակրթության կենտրոն լինելու ձգտման հանգամանքով, ինչը վերջիններս շատ լավ օգտագործում են քաղաքական նպատակներով: «Երբ նրանք մի կոթող են հայտնաբերում, անպայման ուզում են դա վաճառել, քանի որ դա իրենց դիվիդենտներ է բերում»,- ասում է Անուշ Հովհաննիսյանը:

Պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը այստեղ միտում չի տեսնում: Նա այս ամենը համարում է խաղ, որը ներկայացվում է տենդենցի տեսքով, իսկ տենդենցը, ըստ նրա, իր մեջ դրական բան ունի:

Պատմաբանի խոսքերով` մենք շատ անելիքներ ունենք մեր մշակութային ժառանգությունը պաշտպանելու և դրան տեր կանգնելու գործում: Պետք է համապատասխան փաստաթղթեր ձեռք բերել` ներկայումս Թուրքիայի տարածում գտնվող մշակութային ժառանգության հայկականությունը ապացուցելու համար: Այդ ամենով, պատմաբանի խոսքերով, պետք է զբաղվեն սփյուռքի ու մշակույթի նախարարությունները, ճարտարապետական կազմակերպությունները: Թուրքագետի խոսքերով` միակ բանը, որը մենք կարող ենք անել, միջնորդավորված դիմումներ ներկայացնելն է տարբեր միջազգային կազմակերպություններին, օրինակ` ՅՈւՆԵՍԿՕ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter