HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ո՞ր մզկիթները կվերականգնի Թուրքիան Սամցխե-Ջավախքում

Վրացական մամուլում վերջին շաբաթվա ընթացքում հրապարակումներ եղան Վրաստանի եւ Թուրքիայի նախնական պայմանավորվածության մասին, համաձայն որի` Թուրքիան Վրաստանում կվերականգնի 3 եւ կկառուցի 1մզկիթ, իսկ Վրաստանն իր հերթին կվերականգնի Թուրքիայի տարածքում գտնվող 4 հնագույն վրացական եկեղեցիները։

Վրացական մամուլը նաև գրել է, որ թուրքական կողմը մզկիթներ կվերականգնի Սամցխե-Ջավախքում: «Հետքի» հարցին, թե ինչ մզկիթներ կան Սամցխե-Ջավախքում, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ Ջավախքի տարածքում կա 1 մզկիթ: Ախալքալաք քաղաքին կից հին պարսպապատ քաղաքատեղին է, որի տարածքում`ամրոցի մեջ, մզկիթ կա դեռ 18-րդ դարից, եւ հավաբար այդ մզկիթն են ուզում նորոգել:

Սամվել Կարապետյանը հավանական է համարում, որ մյուս վերականգնվելիք մզկիթները Ախալցխայի տարածքում լինեն, քանի որ այնտեղ մզկիթներն ավելի շատ են, չնայած Խորհրդային միության ժամանակ մեծամասամբ քանդվել են:

Հուշարձանագետի տվյալներով, Ախալցխա քաղաքում երկու մզկիթ կա: Երբ Ռուսաստանը նվաճել է Ախալցխայի փաշայությունը, երկու մզկիթներն էլ վերածվել են եկեղեցիների. մեկը` ռուսական` գտնվում է, բերդի մեջ, մյուսը` հայկական` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

«Դա մինչեւ այսօր գործած միակ եկեղեցին է, այսինքն` Ախալցխայի հայկական եկեղեցին մզկիթ է, շենքը ինքնին մզկիթ է, հատակագիծը, հորինվածքը եւս, օծվել է եկեղեցու ծեսով, բայց ինչքան մենք իրավունք ունենք ասենք` եկեղեցի է, այնքան իրենք իրավունք ունեն ասել` մզկիթ է: Ես չգիտեմ` թուրքերը դա՞ են ուզում վերանորոգել: Շատ լավ է, թող գան վերանորոգեն: Շատ էլ շնորհակալ կլինենք»,-ասում է Սամվել Կարապետյանը:

Նրա կարծիքով`վրացիները  շահագրգռված են այդ մզկիթները թուրքերի փողերով վերականգնել, իսկ մեր խնդիրը, ըստ Սամվել Կարապետյանի, ուրիշ տեղ է. Տայքի հայ քաղկեդոնական վանքերը վրացիներն ուզում են վերանորոգել որպես վրացական. «Թուրքերը թող նորոգեն իրենց մզկիթները, բայց մեր հայ քաղկեդոնական վանքերը կրոնի նույնության պատճառով վրացիները իրենցն են համարում, իսկ թուրքերն էլ շահագրգիռ են տալ բոլորին, բայց ոչ երբեք հայերին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter