HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու «բերանբացություն» արեց սփյուռքի նախարարը

«Մենք ուզում ենք փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մեր պառլամենտը դարձնել երկպալատանի. առաջին պալատ` ներքին պալատ եւ վերին պալատ: Վերին պալատը Սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաեւ սփյուռքահայեր»,- ելույթ ունենալով Կալիֆոռնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` օրերս հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Դժվար է ասել` արդյո՞ք նախագահականից իսկապես նախարարի առջեւ խնդիր են դրած եղել ԱՄՆ-ում անելու նման պատասխանատու հայտարարություն, որն իսկական շոկ է առաջացրել Հայաստանում: Սակայն փաստ է, որ նման մտահղացում իսկապես կա, եւ դա չի ժխտում նաեւ ՀՀ նախագահը: «Դեռ 2010 թ. մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան-սփյուռք կապերի ընդլայնման ուղիների մասին, եւ խորհրդի անդամներին առաջարկվել էր մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ: Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման»,- նախարարի ելույթին անմիջապես արձագանքեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Վերջինիս այսպիսի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ այդ ճանապարհով գնալու նախնական քաղաքական որոշումն արդեն կայացված է, կամ առնվազն այդպիսի տպավորություն է ստեղծվում: Եվ հիմա այդ իրողությունն օգտագործելով որպես «տեղեկատվական խայծ»` նախագահի աշխատակազմը փորձում է ստուգել խնդրո առարկայի նկատմամբ հասարակական վերաբերմունքը: Պատահական չէր Արզումանյանի մեկնաբանությունը, թե «նման որոշում կայացնելու համար, բնականաբար, պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ եւ մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ»: Սակայն, ինչո՞ւ հիմա, եւ ինչո՞ւ է այն քննարկման դրվում առաջնահերթորեն հենց սփյուռքում: Նախագահականի եւ սփյուռքի նախարարի հայտարարությունների համադրումը ցույց է տալիս, որ չնայած «Համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստում Հայաստան-սփյուռք հարաբերությունների սերտացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու համար մեկ տարի ժամանակ է սահմանվել, սակայն սփյուռքի նախարարը շտապողականություն է հանդես բերել ու «բերանբացություն արել»: Ավելին, նախարարը վերցրել է միայն Սենատ ստեղծելու առաջարկությունը եւ ամերիկահայերին, փաստորեն, մատուցել որպես նախագահի նախաձեռնություն: Դա այն դեպքում, երբ սեղանին դրված է եղել առնվազն եւս մեկ` համասփյուռքյան կառույց ստեղծելու գաղափարը, որի հեղինակը «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր, հրապարակախոս Հարութ Սասունյանն է: Իսկ Սենատի գաղափարը շրջանառության մեջ է դրել ՀՅԴ-ն, ավելի կոնկրետ` Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, Տորոնտոյում 2010-ի դեկտեմբերի սկզբին Դաշնակցության 120-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: «Այո, կա համահայկական կառույցի անհրաժեշտություն, եւ այդ կառույցը մեր պետականությունն է: Ընդլայնենք Ազգային ժողովի կազմը կամ առաջացնենք վերադաս համահայկական նոր սենատ, դարձնենք այն համահայկական, որտեղ նաեւ ներկայացուցիչներ լինեն արտերկրից»,- ասել էր Մարգարյանը: Եվ, փաստորեն, ստացվում է, որ սփյուռքի նախարարը հանրապետության նախագահի նման մտադրության մասին հայտարարում է ՀՅԴ-ի` այս առաջարկությունը ներկայացնելուց ուղիղ երկու ամիս անց, այսինքն` գործնականում դրանից անմիջապես հետո: Մյուս կողմից, իշխանությունը նախընտրեց դրա մասին առաջինը խոսել ոչ թե Հայաստանում, որի Սահմանադրության փոփոխության մասին է խոսքը (եւ ըստ այդմ` նրա քաղաքացիները բարոյական առումով ավելի շատ իրավունքներ ունեին առաջինն իմանալու այդ մասին), այլ ԱՄՆ-ում, որտեղ ավանդաբար ուժեղ է հատկապես Դաշնակցությունը: Այս երկու իրողությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ նախագահը, շրջանառության մեջ դնելով Սենատ ստեղծելու գաղափարը, մարտավարական առնվազն երկու խնդիր է ուզում լուծել: Նախ` սա ժեստ էր Դաշնակցությանը: Գալիք խորհրդարանական, ապա նաեւ նախագահական ընտրություններում թիկունքն ապահովագրելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ձեռք բերել ՀՅԴ-ի աջակցությունը` հաշվի առնելով հատկապես ԲՀԿ-ի` ինքնուրույն խաղալու նկրտումները եւ վերջինիս հետ ՀՅԴ-ի հնարավոր տանդեմը խափանելու անհրաժեշտությունը: Եթե այդպիսի տանդեմ կայանա, կենտրոնացված իշխանություն ստեղծելու նրա ծրագրերը կարող են ձախողվել: Կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու գործնականում միակ պատճառը հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն էր եւ ԼՂ հարցում որդեգրված պարտվողական քաղաքականությունը: 2010-ին այս երկու ուղղություններով էլ Ս. Սարգսյանը զգալիորեն կոշտացրեց իր դիրքրոշումը, ինչը համապատասխանում էր ՀՅԴ-ի ակնկալիքներին: Եթե հաջողվի նաեւ Սենատի ստեղծման գաղափարով գրավել Դաշնակցությանը, Ս. Սարգսյանը կարող է հույս ունենալ, որ վստահության հետ միաժամանակ կվերադարձնի նաեւ ՀՅԴ-ի պոտենցիալ ընտրազանգվածին: Այս իմաստով նախագահի վերջին տակտիկական քայլերն իսկապես փակուղու առաջ են կանգնեցնում ՀՅԴ-ին: Երկրորդ` Ս. Սարգսյանը փորձում է վերականգնել հայ-թուրքական հաշտեցման իր իսկ ձախողված նախաձեռնության պատճառով սփյուռքում խաթարված հեղինակությունը: Դա նաեւ յուրահատուկ ուղերձ է Հայաստան-սփյուռք հարաբերություններում ճեղքվածք առաջացնելու հստակ քաղաքականություն որդեգրած Թուրքիային: Ս. Սարգսյանը ձգտում է հասկացնել, թե Անկարայի կողմից գործընթացը փակուղի տանելն ավելի պահպանողական է դարձնում հայկական կողմի դիրքորոշումը: Ինչեւէ, իրականում, սակայն, շատ ավելի էական է, թե ինչ կտա երկպալատ խորհրդարան ստեղծելու այս նախաձեռնությունը Հայաստանին եւ սփյուռքին: Սակայն դա առանձին, շատ ավելի խորքային վերլուծության նյութ է, որին դեռ կանդրադառնանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter