HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Եթե իրականում 6000 կայք է կոտրվել, ուրեմն մենք ունենք 6000 ընկեր

Թուրքերը կոտրում են արտասահմանյան կայքեր, որտեղ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներ կան

Վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ թուրք հակերները կոտրել են արտասահմանյան մոտ 6000 կայք, որոնցում եղել են Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներ:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեցին «Սմարթ-տեխ» ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանը եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը: Ռուբեն Մուրադյանը փոքր-ինչ տարակուսում է այս թվի առումով, նա չի կարող պնդել, որ, իրոք, այդքան կայք ջարդվել է: Նրա խոսքերով` նորագույն պատմության մեջ առաջին անգամ 1923 թուրք հակերների խումբը լայնամասշտաբ գործունեություն է ծավալել արդեն քաղաքական դաշտում: 1923 թուրք հակերների խումբը բավականին հայտնի է, ունի շատ մասնակիցներ, որոնք բավականին  ակտիվ են եւ  ջարդել են մոտ 96.000 կայք: «Այժմ  այդ խումբը կա, այդ խումբը պատասխանատվությունը վերցրել է եւ կենտրոնացնում է հակերական հարձակումները»,- ասում է «Սմարթ-տեխ» ընկերության անվտանգության գծով փոխտնօրենը:

Նրա կարծիքով`սա ահազանգի է նման, քանի որ թուրքերի կողմից կայքեր ջարդելը սեզոնային բնույթ ունի ` ապրիլի 24-ի նախօրեին, փետրվարի 27-28-ին, հունվարի 20-ի նախօրեին.  «Այս վեբ-կայքերը ջարդելը ուղղված է հայոց ցեղասպանության ժխտման գործին»,- ասում է նա: Տիգրան Քոչարյանը այս ամենի մեջ տեսնում է նաեւ դրական կողմեր.

«Պատկերացրեք` մարդը ինչ-որ կայք ունի արտասահմանում, որտեղ ինֆորմացիա կա Հայկական ցեղասպանության մասին, թուրքերը այդ կայքը ջարդում են, ապա հոգեբանական առումով նա դառնում է մեր ընկերը: Եթե իրականում 6000 կայք է կոտրվել, ուրեմն մենք ունենք 6000 ընկեր, որոնց հետ կարելի է աշխատել, որտեղ կարելի է տեղադրել մեր ինֆորմացիաները»,- ասում է նա:

Տեղեկատվական անվտանգության մասնագետի խոսքերով` խաղաղ ժամանակ կայքեր կոտրելը երեխայություն է, որովհետեւ կայք կոտրելով միայն ուժեղացնում են թշնամուն, քանի որ սրանից հետո կսկսեն մեծ ուշադրություն դարձնել իրենց կայքերի անվտանգությանը:

Բայց Տիգրան Քոչարյանը հիշեց վրաց-օսական պատերազմը եւ նշեց, որ այն սկսվելուց հետո վրացիները ջարդեցին ռուսական կայքերը, իսկ հետո ռուսները` վրացական կայքերը: Ռուբեն Մուրադյանի խոսքերով` կայքեր կոտրողները պետք է քրեական հետապնդման ենթարկվեն: Կա միջազգային հայեցակարգ կայքեր կոտրողների վերաբերյալ, որով դատապարտվում են հակերային գործողությունները: Բայց դատի տալու դեպքում էլ, Ռուբեն Մուրադյանի խոսքերով, այդ թուրք հակերը թուրք հասարակության համար կհամարվի հերոս, եւ դա առանձապես մեծ բան չի տա:

Խոսելով հակահարվածի մասին` Ռուբեն Մուրադյանը նշեց, որ հակահարվածը եւս քրեական հանցագործություն է համարվում. «Այս ամեն ինչը ֆուտբոլ չի, այս ամեն ինչը պատերազմ չի, հակահարվածի մասին խոսելիս մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակներ է այս ամենը հետապնդում»,- ասում է Ռուբեն Մուրադյանը:

Բանախոսների խոսքերով` չի կարելի ասել, որ մենք տեղեկատվական պատերազմներում տանուլ ենք տալիս կամ համարժեք պատասխան չենք տալիս: Այս դաշտում Ռուբեն Մուրադյանը նշեց մի քանի զարգացումներ. 2009թ ամռանը ազգային անվտանգության ծառայությունը պետական հսկողության ներքո վերցրեց մի շարք հայկական պետական կայքերի անվտանգությունը, որից հետո այդ կայքերը չեն կոտրվել: Երկրորդ կարեւորագույն  զարգացումը, ըստ նրա,  այն է, որ բազմաթիվ հայկական կայքեր հասկացել են, որ անհրաժեշտ է իրենց կայքի անվտանգությունն ուժեղացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter