HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Երիտասարդները փորձում են աշխարհում ստեղծել Հայաստանի մշակութային իմիջը

Մարտին Փարիզում կսկսվեն «Մայր իմ» ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 24-ը: Ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի Մեծ եղեռնի օրը, ըստ որում` ոչ միայն հայկական, այլև եվրոպական հեռուստաալիքներով:

2010 թ. նոյեմբերի 11-ին Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական մշակութային բարեկամություն» ծրագրի շնորհանդեսը: «Էֆ էմ էս մեդիա» մշակութային հասարակական կազմակերպության և ֆրանսիական մի շարք կազմակերպությունների և անհատների համագործակցության արդյունքում ստեղծված ծրագրի շրջանակներում հայ և ֆրանսիացի էստրադային արտիստները ձայնագրել ու տեսագրել են համատեղ կատարումներ: Ծրագիրը ներառում է տասը երգ, որոնց մի մասը («Մայր իմ», «Մեր երազներ», «Քամիներ», «Կռունկ») արդեն վերջնականապես պատրաստ է: Այժմ կազմակերպությունն աշխատում է «Մայր իմ» ֆիլմի վրա, որը նկարահանվելու է համանուն երգի հիման վրա:

«Պետք է ստեղծել մտածելակերպ, որ եվրոպացին, հայ բառը լսելով, լրջություն տեսնի: Ամբողջ աշխարհում Հայաստանի մարկետինգը անել, նպաստել հայկական հիմնահարցերի հայամետ լուծմանը»,- ծրագրի իրականացման նպատակը այսպես է բացատրում «Էֆ Էմ Էս մեդիայի» հիմնադիրներից Կարեն Ֆիդանյանը:

«Մայր իմ» երգում միացված են ֆրանսիական սլամը և հայկական շարականը: Երգը կատարում են հայ դասական երգչուհի Ռոզին և ֆրանսիացի երգիչ Դևոնը, երգում է նաև ֆրանսիացի Ջիֆան: «Մայր իմ» երգի ձայնագրությունը պատրաստ է: Երգի մեջ Ռոզիի հատվածը հայերեն է, իսկ Ջիֆան ֆրանսերենով արտասանելու է «Նարեկը»: Տեսահոլովակի երկու տարբերակները` մուլտֆիլմը և սլայդ շոուն, պատրաստ են:

«Մենք երգի սլայդ շոուում ցույց տվեցինք, որ հայկական հուշարձանները չեն պահպանվում, ինչը վատ է: Եվրոպական շատ երկրներում կա այդ խնդիրը, երբ իսլամիստական ուժերը փորձում են իրենցով անել ուրիշ երկրի արժեքները, ոչնչացնել դրանք»,- պատմում է ՀԿ-ի նախագահ Դավիթ Սարգսյանը:

Երաժշտական հոլովակի հիման վրա նկարահանվելիք ֆիլմը ևս նվիրված է Արևմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդրին: Ֆիլմի ռեժիսորը ֆրանսիացի Ստեֆան Զիլբերգն է: Սցենարի վրա աշխատել են ֆրանսիացի մի շարք սցենարիստներ: Հայ ռեժիսորներից Վիգեն Չալդրանյանը նույնպես կարդացել է սցենարը և հավանություն է տվել: Այժմ երիտասարդները մտածում են արտիստի ընտրության մասին, ցանկանում են Գրիգոր Նարեկացու դերը առաջարկել ֆրանսահայ նշանավոր դերասան Սիմոն Աբգարյանին, ով Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլում մարմնավորել է Արշիլ Գորկու կերպարը:

Ֆիլմի սյուժեն հետևյալն է. ֆրանսիացի գող Ջիֆան փորձում է կողոպտել Ռոզիին, խլում է պայուսակը, որի մեջ Նարեկացու «Մատյանի» ֆրանսերեն թարգմանությունն է: Գողանում է նաև խաչը: Հետո Ջիֆան սկսում է հետաքրքրությունից կարդալ «Նարեկը», և նրա աչքին պատկերվում են Արևմտյան Հայաստանի մի շարք հուշարձաններ: Ֆիլմի ավարտը լավատեսական է. խաչը դնելով Ռոզիի ձեռքում` աղջիկը հարություն է առնում: Նույն կերպ հարություն են առնում հայկական հուշարձանները: Ֆիլմը որոշ առումով նաև փաստավավերագրական է. այն ավարտվում է տվյալներով, ըստ որոնց` մինչ ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում կար 2.200 հայկական եկեղեցի, իսկ այժմ մնացել է 200-ը: «Մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ ոչ միայն մեր խնդիրները, այլև այն, որ մենք մտահոգված ենք նաև գլոբալ հարցերով: Օրինակ` առաջին տեսահոլովակը պատմում է հայկական եկեղեցիների ավերման մասին, բայց դրանով մենք նաև բողոք ենք բարձրացնում, որ որտեղ էլ դա լիներ, անընդունելի է մշակութային գենոցիդը»,- ասում է Կարեն Ֆիդանյանը: Ծրագրի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները: Երիտասարդները մտադիր են ծրագիրը ներկայացնել բարերարներին և հուսով են, որ կլինեն մարդիկ, ովքեր կհետաքրքրվեն նախագծով և կհովանավորեն այն:

«Մենք այս պրոյեկտից զգում ենք հոգևոր բավարարվածություն, իսկ բարերարների օգուտը այն է լինելու, որ իրենք իրենց հայրենիքի համար մի լավ գործ են կատարել»,- ասում է Կարեն Ֆիդանյանը: Այս 10 երգից ոչ բոլորն են նյութ դառնալու համանուն ֆիլմերի համար: Երիտասարդները մտադիր են նկարահանել ֆիլմաշարեր հայությանը հետաքրքրող տարբեր թեմաների վերաբերյալ, օրինակ` Արցախի հիմնախնդիր, փակ սահմաններ և այլն: Հետագայում մտադիր են թողարկել նաև ձայնասկավառակ, կազմակերպել համերգ, մշակութային երկխոսության մեջ մտնել այլ ազգերի հետ:

«Էֆ Էմ Էս մեդիան» հիմնադրվել է 2010 թ.: Հիմնադիրները երեքն են` Դավիթ Սարգսյանը, աուդիտոր Կարեն Ֆիդանյանը և Արամ Սարգսյան, ով աշխատում է Բելգիայում ու Ֆրանսիայում և իրականացնում է ծրագրի եվրոպական հատվածը: ՀԿ-ի անվան մեջ ԷՖ-ը Ֆիդանյան Կարենն է, Էմ-ը` Մարտիրոսյան Հակոբը, Էս-ը` Սարգսյան Արամը:

Կազմակերպություն ստեղծելու գաղափարը առաջարկել է Արամ Սարգսյանը: Նա մոտ 15 տարի Ֆրանսիայում ու Բելգիայում ապրելու ընթացքում հասկացել է, որ Եվրոպայի ազգերը շատ քիչ բան գիտեն մեր մասին, և անհրաժեշտ է մտածել հայ ազգի մշակութային իմիջի մասին: ՀԿ-ն խնդիր է դրել պահպանել ու քարոզել հայության մշակութային արժեքներն ու հոգևոր ավանդները` հայոց լեզուն, հայ մեծանուն արվեստագետներին, պատմաճարտարապետական հուշարձանները, արվեստն ու գրականությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Էֆ Էմ էս մեդիայի» երիտասարդները մտածում են նաև ներքին խնդիրները լուծելու մասին: Համագործակցելով մի շարք կազմակերպությունների հետ` մտադիր են տեսահոլովակ նկարահանել ծխելու դեմ պայքարի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter