HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Զինվորը մահացել է բռնության հետևանքով

Փետրվարի 6-ին ԼՂ-ի Հադրութի զորամասերից մեկում զինծառայողների կողմից ծեծի ու խոշտանգման արդյունքում մահացել է 1992 թվականին ծնված ժամկետային զինծառայող Գեւորգ Անդրանիկի Կոտինյանը: Վանաձորցի Գեւորգ Կոտինյանը բանակ էր զորակոչվել 2010-ի մայիսի 12-ին: Ծառայության 9 ամիսները, հարազատների ասելով, խաղաղ են անցել: Ինքը բանակային կյանքից դժգոհություն չի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ի երեկոյան` ժամը 19-ի սահմաններում: «Ինչ-որ 6 հոգի են էղել, 1-ի ծնունդն ա էղել, խմած վիճակում էն էղել: Էս էրեխեն էլ ա գնացել: Պապիրոսը վառել ա պեչկից ու ձեռները գրպանը դրել: Թե` էդ խի ես ձեռներդ դրել գրպանդ, ասել ա` դուք էլ դրեք: Էդ ա էղել»,- պատմում է Գեւորգի պապը` Զալիկոն: «Դեպքը կապտյորկում ա եղել: Գեւորգը եղել ա կազարմի տարածքում: Խոսակցությունը գալիս ա էսպես, որ չի կարելի կազարմում ծխել, ինչը որ առաջացրել ա քաշկռտուք. 4-ը` խմած, ինքը` լուրջ»,- ասում է Գեւորգի քեռին` Բորիսը: Դրանից հետո հարբած զիվորները դաժանաբար ծեծել են Գեւորգին: Արդյունքում երիտասարդը մահացել է: Գեւորգի մահը հարազատներին սկզբում որպես հանկարծամահություն է ներկայացվել. սպաների պատմելով` «էկել ա մտել կազարմա ու բերնի վրա ընկել»: «Զանգել են կամանդիրին, ասել են` տոչնին ասա, թե` ընկել ա, ինֆարկտ ա տվել»,- ավելացնում է Զալիկո պապը: Բայց մարմնի վրայի բռնության հետքերից պարզ է դարձել, որ զինվորը մահացել է ոչ բնական մահով: «Էրեխուս էրեսը որ տեսա, պաչեցի, ձախու կողմը կապտած էր: Ասին, թե ընգնելուց ա: Ասի` ընգնելուց թող պլոկված ըլի, մի բան ըլի, ոնց կըլի տենց բան: Հետո էկան, թե` ոտքերի կողքերից հետ սաղ կապտած ա»,- պատմում է Զալիկո պապը: «Մարմնի յուրաքանչյուր հատվածում կային արյան զեղման հետքեր, յուրաքանչյուր հետք հարվածի հետք էր` սկսած գլխի մասից, վերջացրած գոտկատեղով: Կային հետքեր արմունկի մասում, թիկունքի մասում: Առողջ էին միայն ոտքերը: Նրա նկատմամբ դաժան բռնություն է գործադրվել: Զինվորի նկատմանբ գործադրվել է դաժան բռնություն: Մահվան վկայականի մեջ գրված է` մահը վրա է հասել կրծքավանդակի բութ հարվածի եւ սրտի սալջարդի հետեւանքով»,- ասում է դիահերձմանը ներկա գտնված Բորիսը: Գեւորգին սպանած զինվորները բացահայտված են ու ձերբակալված: Նրանցից երկուսը խոստովանել է իր հանցանքը, մյուս երկուսը դեռ ժխտում է: Ի դեպ, Գեւորգ Կոտինյանի ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում է ապրում. 7 հոգով մեկսենյականոց տնակում են ապրում: Տանը աշխատող չկա: Գեւորգի եղբայրը` Կարենը, երկու անչափահաս երեխայի հայր է: «Շատ համեստ էր, զիջող, իրա ոտքը չտրորեին, ոչ մեկի ոչ մի բան չէր ասի: Էդ ձեւի դեպք չի եղել, որ կռիվների մեջ ընկնի»,- եղբոր մասին ասում է Կարենը: «Ծիծաղն էրեսին, ջանով, քաղցր խոսքով, սաղի հոգին մտնող, սաղի դեմ սիրվող, իրա հարեւանն եմ, իմ ըրեխու պես սիրել եմ»,- ասում է հարեւանը: Քեռին էլ է անհնար համարում, որ Գեւորգը ինքը կռիվ հրահրած լինի: «Խմիչքի ազդեցության տակ համեստ երեխուն ուզեցել են «կոտրեն»»,- ասում է նա: «Մենակ մի բան կասեմ. գնդի հրամանատարից, օֆիցերներից ա գալիս: Տայգայում ծառայել եմ, 100 ազգի հետ, մի մարդու պես ծառայել ենք, էկել,- ասում է Զալիկո պապը:- Արի դե պահի մեծացրու, բանակ ղըրգի. ու՞մ հըմար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter