HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի կանխարգելման` Հայաստանին հասցեագրված ծրագիր

Հատուկ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված զեկույցով Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) վաղուց  հանդես չէր եկել: Ինչպես միջազգային քաղաքականության հայտնի ճարտարապետները, ՄՃԽ-ն էլ, դատելով վերջին ժամանակների նրա զեկույցներից, զբաղված էր այլ վայրերում տեղի ունեցող գործընթացների վերլուծությամբ` Եգիպտոս, Հյուսիսային Կորեա, Սուդան, Կենտրոնական Ասիա եւ այլն:

ՄՃԽ Կովկասյան ծրագրերի տնօրեն Լորենս Շիթսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ փետրվարի 8-ին հանրությանը ներկայացրած «Հայաստան-Ադրբեջան. պատերազմի կանխարգելում» զեկույցը պատրաստվել է ի հիշեցում «արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող մարդկանց» այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված, իրավիճակը շարունակում է ահագնանալ եւ ինչ-որ պահի կարող է վերաճել պատերազմի:

Ենթադրում եմ, որ նա նկատի ունի բոլոր այն գործիչներին, որոնք որոշումներ են կայացնում միջազգային ասպարեզում այս կամ այն պայթյունավտանգ իրավիճակները կանխարգելելու եւ կամ արդեն պայթածները կարգավորելու ուղղությամբ, այլ ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի, առավելեւս` Ղարաբաղի ղեկավարներին: Նախ` քանի որ վերջիններս հասկանալի պատճառներով նման հիշեցման կարիք չունեն, երկրորդ` քանի որ արտաքին քաղաքականության վրա ազդելու նրանց միջոցները բավական համեստ են, բացառությամբ պատերազմի:

Պատերազմի մասին դատողությունները պտտվում են երկու` այսպես կոչված ծրագրված եւ պատահական պատերազմների սցենարների ծիրում: Երկու դեպքում էլ, ըստ զեկույցի, եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը պատերազմը նախաձեռնողի դերում հայտնվելու համազոր հիմքեր ունեն:

Ադրբեջանը` եթե շարունակվի բանակցություններն ըստ էության տապալելու Հայաստանի քաղաքականությունը (առանց խորանալու էլ զեկույցն ընթերցելիս ստանում ես հենց այս տպավորությունը), Հայաստանը` քանի որ քաջ տեղյակ է այն «կարմիր գծի» մասին, որն ավելի ակնհայտ է դառնալու 2014 թ.-ից հետո, երբ սկսեն նվազել Ադրբեջանի նավթային ռեսուրսները, եւ այս երկիրն այլեւս բան չունենա կորցնելու ու անցնի ռուբիկոնը: Ուստի, չի բացառվում, որ Հայաստանը առաջինը կսկսի պատերազմը:

Տարօրինակ է, որ հակամարտության գոտում տեղի ունեցող գործընթացներից սովորաբար քաջատեղյակ ՄՃԽ-ում այս ամենը ներկայացնելիս հաշվի չեն առնում անցած տարվա ընթացքում կնքված պայմանագրերը, որոնցով Թուրքիան հանդես է գալու որպես Ադրբեջանի, իսկ Ռուսաստանը` Հայաստանի անվտանգության պաշտպանի դերում:

Հետեւաբար, այսպես կոչված ծրագրված պատերազմներն արագ կդադարեցվեն հենց Ռուսաստանի եւ Թուրքիայի ջանքերով, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունների փչացումը գոնե տեսանելի ապագայում հարմար չէ ոչ Ռուսաստանի, ոչ էլ Թուրքիայի շահերին:

Զարմանք է առաջացնում նաեւ այն, որ արդեն երկրորդ զեկույցն է, որ ՄՃԽ-ն ընդգծում է Ադրբեջանի նավթային ռեսուրսների նվազմանը զուգընթաց նրա ձեռքերն այլեւս արձակված համարելու հեռանկարը, իբրեւ թե այնտեղ չգիտեն, որ ադրբեջանական նավթառեսուրսներին հիմա փոխարինելու են գալիս գազային պաշարները, եւ նույնիսկ տեղյակ չեն Ադրբեջանի հետ այս հարցում տարբեր երկրների եւ ԵՄ-ի վերջին բանակցություններից: Պատահական պատերազմի սցենարը կապվում է շփման գծում բախումների թվի աճի հետ:

Դատելով զեկույցից` դրանց համար հավասարապես մեղավոր են եւ ադրբեջանական, եւ հայկական կողմերը: Սակայն, դոմինոյի սկզբունքով սկսվող այս պատերազմը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հայկական եւ ադրբեջանական կողմերի ղեկավարները չունենան բավարար ազդեցություն սեփական բանակների վրա: ՄՃԽ-ում լավ գիտեն, որ դա այդպես չէ: Ասենք դրա համար նույնիսկ պետք էլ չէ տիրապետել շփման գծում տեղի ունեցող իրական տեղեկատվությանը, այնպես, ինչպես անկասկած տիրապետում են ՄՃԽ-ում:

Բավական է պարզապես չմոռանալ, որ անցած տարիների ընթացքում բոլոր բախումները դադարեցվել են հակամարտության կողմերի կամքով, առանց նույնիսկ ԵԱՀԿ դիտորդների միջամտության: Առաքելություն, որը մինչ օրս չի կարողացել հասնել իր մանդատի ընդլայնմանը թեկուզ ուշացած, բայց գոնե արդյունավետ հետաքննություններ անցկացնելու եւ հրադադարը խախտող կողմին հայտնաբերելու համար: Այս մասին, ի դեպ, բազմիցս խոստովանել են առաքելության ղեկավարները մամուլի համար արված իրենց հայտարարություններում:

Դրանց համաձայն` իրավիճակն իսկապես այնքան լարված է, որ եղել են դեպքեր, երբ սկսվել են բախումներ կողմերի դիրքերում դեգերող կենդանիների առաջացրած շրշյունի պատճառով, երբ մի կողմում դիրքավորված զինվորն այդ աղմուկն ընդունել է որպես հակառակորդի հարձակման նշան, կրակել է, ստացել պատասխան կրակահերթ: Նման դեպքերում, սովորաբար, կողմերը սկսում են մեղադրել մեկը մյուսին հրադադարն առաջինը խախտելու համար, եւ իսկապես դժվար է հայտնաբերել իրական մեղավորներին:

Չի ստացվում նաեւ շրջանցել այն թեզը, որի համաձայն` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ավելի ու ավելի քիչ հնարավորություն ունի ներքաղաքական մանեւրումների համար: Նկատի ունեն հայկական դիսկուրսում կատարված այն փոփոխությունը, որով այժմ արդեն շատերն են դադարել Ադրբեջանի «գրավյալ տարածքներն» (ձեւակերպումն` ըստ ՄՃԽ-ի) անվանել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններ` փոխարենն օգտագործելով «ազատագրված տարածքներ» եւ կամ «պատմական հայկական տարածքներ» արտահայտությունները:

Կարծես թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պատերազմի միջոցով վերականգնելու թեզն ի սկզբանե ընկած չի էլ եղել Ադրբեջանի ներքաղաքական դիսկուրսի ձեւավորման հիմքում, եւ գոնե միայն այդ պատճառով չէ, որ Ադրբեջանի ղեկավարները ստիպված չեն լինելու մի օր անցնելու «պատերազմելու եւ չպատերազմելու» փխրուն սահմանը:

Ադրբեջանական դիրքորոշումների նկատմամբ դրսեւորած այս ըմբռնողականությունը ամենեւին էլ չի բարձրացնում զեկույցի նկատմամբ վստահությունը, չնայած սպառազինությունների մրցավազքի, ռազմական հռետորաբանության եւ այլ իսկապես  վտանգավոր միտումները` ընդհանրացումներով, երկու կողմերին էլ հավասարապես հասցեագրելու ճիգերին: Իհարկե, հակամարտող կողմերից հնարավորինս հավասար հեռավորության պահպանման շնորհիվ կարելի է հասնել օբյեկտիվության:

Սակայն նման մոտեցման գլխավոր բացթողումն այն է, որ այդ դեպքում շիլաշփոթի նման խառնվում են պատճառներն ու հետեւանքները: Ով, եթե ոչ ՄՃԽ-ի վերլուծաբանները, փայլուն գիտեն այն մասին, որ եթե չլինի պատճառահետեւանքային անվերջ շղթան, ապա չի լինի նաեւ բուն հակամարտությունը, եւ հակամարտող կողմերում չի լինի հայելանման վարվեցողությունը, մանավանդ փոխվստահության նվազման կամ ամրապնդման գործում:

Ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի համար «ստատուս-քվոն անտանելի չդարձնելու համար»: Ահա ՄՃԽ-ի առաջարկությունը` «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանություններրը պետք է դադարեցնեն ադրբեջանական գրավյալ տարածքները հայերով բնակեցնելը, ադրբեջանական քաղաքների մեծ մասի վերանվանումը, այնտեղ միակողմանի հնէաբանական պեղումների կազմակերպումը»:

Իսկ Հայաստանը չպետք է զինակոչիկներին ուղարկի ծառայելու հակամարտության գոտի: Հանուն արդարության պետք է նշել, որ զեկույցում առկա են նաեւ հիմա, այս պայմաններում իրագործելի քայլերի առաջարկություններ. դիպուկահարների ետքաշում, շփման գծի երկայնքով զինավարժությունների չկազմակերպում, հրետանու ետ քաշում ու չկիրառում, ընդհուպ հակառակորդի դիրքերը հասնող խրամատների չկառուցում:

Սակայն, այս քայլերն առաջարկվում են` առանց նշելու, թե երբ եւ որ կողմն է ժամանակին մերժել դրանց ընդունումը: Դրանք նոր չեն:

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter