HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ուրանի շահագործումը երբեք անվնաս չի լինում

«Հետքի» խնդրանքով անդրադառնալով ուրանի հանքի շահագործմանը` ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը նշեց, որ թեև ամբողջությամբ չի տիրապետում, թե Կապանում ուրանի հանքի հետազոտությունը որ փուլում է գտնվում, սակայն կարող է վստահաբար ասել, որ պետք է լինել առավելագույնս զգոն:

«Այդ գործընթացն անվնաս երբեք տեղի չի ունենում, եւ պետք հաշվի առնել նաեւ այն, որ մեզանում տարածքները խիտ են բնակեցված: Չեմ ասում, ոչ չկան անվնաս տեխնոլոգիաներ, բայց բարձր տեխնոլոգիաներն ակտիվ կիրառելու համար, բացի բուն տեխնոլոգիայից, պետք է հաշվի առնել տեղի արդյունաբերական մշակույթի մակարդակը, որը մեզանում շատ ցածր է, տեղի մենթալիտետը, որը մեզանում այդքան էլ բարենպաստ չէ: Դրա համար շատ զգոն է պետք լինել»,- ասում է նա:

Անդարադառնալով հանքարդյունաբերությանը ընդհանրապես` Արմեն Սաղաթալյանը նշում է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Հայաստանը շատ աղքատ է բնական ռեսուրսներով. «Չգիտեմ, թե ում է ձեռնտու այդ պնդումը, բայց մենք ունենք աշխարհի մոլիբդենի պաշարների 6 տոկոսը, մենք ունենք աշխարհի ամենախոշոր ոսկու հանքավայրերից մեկը` Սոտքը, մենք ունենք հոյակապ պղնձի, երկաթի բազմամետաղային հանքավայրեր: Այդ հանքավայրերն ունեն վատ հատկություն` սպառվում են: Այն, ինչն այսօր դառնում է թափոն, հնարավոր է մշակել եւ դարձնել օգտակար նյութ: Հարցը պետք է դնել` ինչի՞ համար է այդ շահագործումը, որքանո՞վ է օգտակար ազգի համար: Մեր հանքավայրերն այսօր ավելի շատ բոմժանոցի են նման»: «Հետքն» Արմեն Սաղաթելյանին խնդրեց գնահատել նաեւ Երեւանի էկոլոգիական վիճակը: Վերսինս նշեց, թե մութ եւ ցուրտ տարիներին կորցրեցինք Թամանյանի նախագծած կանաչ գոտին, բայց միեւնույն ժամանակ չի կարելի ասել, որ ոչինչ չի արվում. «Մեր կենտրոնը քաղաքապետարանի պատվերով մշակեց կանաչապատման վերաբերյալ ծրագիր, որը 40 տոկոսով կիջեցնի օդի աղտոտումը»:

Ինչ վերաբերում է Ամերիկյան համալասարանի հետազոտությանը, ըստ որի` 2020թ. Հայաստանում անտառներ չեն լինի, Արմեն Սաղաթելյանն ասում է. «Այսօր, այո, հատումը շարունակվում է, բայց չէի ասի, թե անտառ չենք ունենալու 2020թ: Մենք այսօր չունենք արդյունաբերական անտառներ, բայց ընթանում են արդյունաբերական հատումներ: Ի զարմանս ինձ` մի քանի ամիս առաջ իմացա, որ մեր երկիրը փայտանյութ է արտահանում, որը տրամաբանության սահմաններում չի տեղավորվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter