HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Վարչապետը խոստանում է, Ֆինանսների նախարարը` մերժում

Ֆինանսների նախարարությունը մերժել է գրքի համար ավելացված արժեքի հարկի գծով արտոնություններ ստեղծելու առաջարկը: Այսօր Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառի բացման ժամանակ այս մասին ասաց «Անտարես Հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: «Գրքի գործը դրված է ընթերցողների, հրատարակիչների, գրողների վրա: Մենք չպիտի ապավինենք իշխանությանը, համենայնդեպս, գոնե այս հարցով: Կամ պիտի ավելի համառ պայքար վարենք, որպեսզի կարողանանք գիրքն ավելի էժան, ավելի լավ տեսքով հրամցնենք ընթերցողին»,- ասաց նա: Դեռևս անցած տարի մի խումբ հրատարակիչներ և պոլիգրաֆիստներ հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` վարչապետը խոստացել է, որ գնալով գրքի տոնին ընդառաջ` Հայաստանի կառավարությունը քաղաքական որոշում կկայացնի եւ կհավասարեցնի այստեղ արտադրվող գրքերի եւ ներմուծվող գրքերի պայմանները: Այսինքն` գրքի արտադրության բոլոր փուլերում ավելացված արժեքի հարկը կհանվի: «Անտարես Հոլդինգի» տնօրենը նշեց, որ վարչապետին ներկայացնելիս բերել են այնպիսի երկրների օրինակներ, ինչպիսիք են Գերմանիան, որտեղ 5 տոկոսով է հարկվում գիրքը, Ուկրաինան, որտեղ ավելացված արժեքի հարկը եւ շահութահարկը 0 տոկոս է եւ այլն: Ֆինանսների նախարարը ոչ նպատակահարմար է համարել «Հրատարակիչների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի գծով արտոնություններ սահմանելու վերաբերյալ առաջարկության ընդունումը` հաշվի առնելով, որ «Ադրբեջանի Հանրապետությունում, Թուրքմենիայում և Բելառուսում նման քաղաքականություն չկա գրքի նկատմամբ»: «Եթե վարչապետն այս խոստումը տվել է և չի կարողանում կատարել, նշանակում է` նրան խանգարում են ինչ-որ ուժեր: Մենք պիտի կարողանանք այդ ազդեցությունը չեզոքացնել»,- «ՀԵտքի» հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Արդյոք այդ որոշումն իրականանալու դեպքում կլուծվե՞ն բոլոր խնդիրները: Հարցին ի պատասխան` «Անտարես Հոլդինգի» տնօրենն ասաց. «Իհարկե, ոչ, ամենակարեւոր խնդիրը, որ Հայաստանում գիրք չի գնվում, գրքի գինը չէ: Քանի դեռ ճանապարհը դեպի հաջողություն չի անցնում գիտելիք ձեռք բերելու միջոցով, Հայաստանում գիրք չեն գնելու»: Արմեն Մարտիրոսյանն ավելի շատ գիրք է հրատարակում վրացիների համար, քան հայերի, որովհետև այնտեղ գիրք գնում են. տարին 3-4 անգամ նույն գիրքը հրատարակվում է: «Երբ մենք պրոպագանդում ենք գիրքը, սա միայն բիզնեսի խնդիր չէ: Այսօր գրագետ աշխատակիցների խնդիր ունենք: Ես կարծում եմ` հրատարակչությունն այնքան վատ վիճակում չի գտնվում, որքան հասարակությունը»,- ասում է Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter