HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Հայաստանը ունի փոքր շուկա եւ մեծ խնդիրներ»

Գործարարների միությունը երեք տարի կորցրե՞ց Ներսես Երիցյանի օրոք

Այսօր էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության /ՀԱԳ(Գ)Մ նախագահության համատեղ նիստ տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նիստում  քննարկվում էին արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձեւավորումը, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը, տնտեսության զարգացմանն առնչվող ծրագրերի քննարկումը: Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձեւավորման շուրջ քննարկումներում նախարարությունը եւ գործարարաների միությունը տարակարծություններ ունեցան: Այս խնդրի վերաբերյալ նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ այս հարցը բազմիցս քննարկվել է նաեւ վարչապետի հետ, եւ արտահանումը պետք է լինի երկրի տնտեսական զարգացման գերակայություն: Խխնդրի լուծմանը, նախարարի խոսքերով, պետք է ձեռնամուխ լինել համատեղ` մասնավոր սեկտոր եւ պետություն: Պետությունը պետք է նախ ձեռնամուխ լինի թե ներքին, թե արտաքին օրենսդրական դաշտի կարգավորմանը: Տիգրան Դավթյանի խոսքերով` ներքին օրենսդրությունը արտահանման մասով բավականին ազատական է, եւ այդ առումով համարվում ենք միջազգային չափանիշներին համապատասխանող երկիր, մասնավորապես` չունենք արտահանման հարկեր, ոչ տարիքային կարգավորումներ, քվոտաներ, լիցենզիաներ: Բացի նրանից, որ մեզանում արտահանումը բավականին հեշտացված է, նախարարը խոսեց նաեւ այն մասին, թե առեւտրի ինչ ռեժիմ ունենք տարբեր երկրների հետ:

Օրինակ` ԱՊՀ անդամ երկրների հետ ունենք ազատ առեւտրի ռեժիմ, որը նշանակում է առանց մաքսատուրքի մուտք այդ երկրի շուկաներ,Եվրոպական միության հետ` GSP+ համակարգ, որը նշանակում է նվազեցված տարիֆներով մուտք, առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում շուրջ 150 երկրների հետ ունենք առավել բարենպաստ ռեժիմ, GSP համակարգ ունենք նաեւ ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ մի շարք այլ զարգացած երկրների հետ, բայց չնայած սրան` արտահանողների միայն 60 տոկոսն է  օգտվում այս համակարգից, իսկ մնացածները տեղյակ չեն եւ ավել գումարներ են վճարում: Նախարարի խոսքերով` առեւտրական ռեժիմների առումով Հայաստանը բավական լավ պայմաններ ունի, իսկ մեր խնդիրը հիմնականում պայմանավորված է որակի համակարգի ձեւավորման, սերտիֆիկացման, ստանդարտացման համակարգի բարելավման եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցման հետ: Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա նախարարը նշեց, որ այժմ աշխատում են պետեկամուտների կոմիտեի հետ, որպեսզի հեշտացնեն վարչարարությունները, ընթացակարգերը, օրինակ` նախորդ տարի կրճատեցին պարտադիր փաստաթղթերի քանակը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության /ՀԱԳ(Գ)Մ նախագահ Արսեն Ղազարյանը Տիգրան Դավթյանին խնդրեց այլեւս ժամանակ չկորցնել, քանի որ երեք տարի շարունակ նրանք նախկին նախարարի հետ ռազմավարություն են մշակել եւ «այդ երեք տարին կորցրել, իսկ այսօր ժամանակ չունեն»: Գործարարների միության նախագահը խնդրեց, որպեսզի Հայաստանում շատ արագ ներդրվի սերտիֆիկացման համակարգ, քանի որ բազմաթիվ ապրանքներ չեն կարողանում մտնել Եվրոպա առանց դրա, իսկ սերտիֆիկացումը արտասահմանում շատ թանկ է: Ա. Ղազարյանի խոսքերով` պետք է ամեն ինչ անել, միջազգային առաջնակարգ մասնագետների միջոցով լաբորատորիաներ ստեղծել այստեղ, եւ սերտիֆիկացման գործընթացը կատարել հենց մեր երկրում: Տիգրան Դավթյանը սրա վերաբերյալ հարցրեց, թե արդյոք բիզնեսը պատրաստ կլինի նման ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւ պետության հետ համատեղ ստեղծել այդ լաբորատորիաները: Գործարարների միությունից առաջարկեցին լաբորատորիա ստեղծել ոչ թե Հայաստանում, այլ համագործակցել արտասահմանյան որեւէ լաբորատորիայի հետ եւ ապրանքներից նմուշները ուղարկել այնտեղ սերտիֆիկացման համար:

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը, խոսելով արտահանման վերաբերյալ, նշեց, որմենք ունենք ապրանքների որակի խնդիր, ինչի հետ գործարարները չհամաձայնեցին: Միության նախագահ Ղազարյանը նշեց, որ եթե մենք ունենայինք ապրանքների միջազգային չափանիշներին չհամապատասխանելու խնդիր, ապա դրանք պարզապես չէին արտահանվի:

«Իմ եւ իմ գործընկերների կարծիքով` մենք ունենք ներդրումների հետ կապված խնդիր, պետք է փորձել ամեն կերպ խթանել այն: Միայն բարենապստ մթնոլորտ ստեղծելով է, որ մենք կկարողանանք թե ներդրող բերել, թե Հայաստանում պահպանել բիզնես ակտիվությունը»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Ա. Ղազարյանը:

Ինչ վերաբերում է Ներսես Երիցյանի օրոք երեք տարի կորցնելուն, ապա Արսեն Ղազարյանը նշեց, որ այս անգամ կստացվի, քանի որ նախարարության կողմից պրագմատիզմ է տեսնում: «Ես չեմ ուզում նախկին նախարարի վերաբերյալ գնահատական տալ, նա եւս մեր գործընկերն էր, մենք շատ բարդ վիճակում էինք, հեշտությամբ չէր ռազմավարության մշակումը հատկապես, երբ երկիրը անցումային փուլ էր ապրում, երբ երկիրը ունեցել է խոշոր արդյունաբերական ժառանգություն եւ անցել է շուկայական փուլին, ես ուզում եմ գնահատական տալ մեր անելիքներին, ոչ թե անցյալին»,- նշեց նա:

Միությունը նախորդ տարի գույքագրեց մեկ ճյուղ` քարի ոլորտը, իսկ մյուս ճյուղերի վերաբերյալ կհայտնեն մի քանի ամիս հետո: Հայաստանում տնտեսական դաշտի բարելավումը, ըստ Արսեն Ղազարյանի, պետք է սկսել տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործիքների ակտիվ կիրառումից եւ հավասար, առանց արտոնյալ վիճակի, բիզնես կառուցվածքների զարգացումից:

«Դուք հավատու՞մ եք Ձեր ասածին»,- հարցրեցին լրագրողները: «Եթե չհավատամ, վաղը Հայաստանից կգնամ»,- պատասխանեց Արսեն Ղազարյանը: «Հայաստանը, ունենալով փոքր շուկա, ունի մեծ խնդիրներ նաեւ մրցակցային դաշտի հետ կապված: Դա օբյեկտիվ է, որովհետեւ փոքր շուկան դժվարեցնում է մրցակցային մեծ դաշտ ստեղծելը»,- նշեց նախարար Դավթյանը: Այսօրվա նիստի նպատակն էր նախեւառաջ հստակեցնել մոտեցումները եւ ռազմավարությունը, թե ինչ պետք է անի պետությունը եւ մասնավոր հատվածը, որպեսզի այդ գործողությունները կոորդինացված լինեն, եւ երկրորդ` աշխատել կոնկրետ ծրագրերի վրա, որոնք շուրջ երկու տասնյակ են: Դրանք տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման ծրագրեր են, որոնց հիմնական հատվածը արդյունաբերության վերաբերյալ է, եւ պետք է աշխատեն, որ 1-1,5 տարում այդ  ծրագրերը բերեն իրենց տրամաբանական ավարտին:

Ինչպես ասաց նախարարը, ծրագրերի ծավալը մի քանի տանսյակ մլրդ դրամ է, իսկ աղբյուրները` ամենատարբեր` օտարերկրյա կապիտալ, համատեղ ձեռնարկներ, տեղական ներդրումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter