HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Մանուկները կճանաչեն աշխարհը իրենց մայրենիով

Լույս է տեսել 10 գիրք` «Իմ առաջին գիրքը» շարքից Առաջին անգամ հայերենով լույս է տեսել հանրահայտ «Դորլինգ Քինդերսլի» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» շարքի 10 անուն գիրք, որը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար: Գրքերի շարքը 2010 թ.-ին հայերեն է թարգմանել եւ հրատարակել «Վէմ» հրատարակչությունը: Գրքերը լույս են տեսել 5000 տպաքանակով: «Եթե մենք հոգ ենք տանում մեր երեխաների հագուստի, մաքրության, սննդի համար, նմանապես մենք պետք է հոգ տանենք նաեւ մեր լեզվի համար: Խոսքը շատ կարեւոր նշանակություն ունի մարդու կյանքում, խոսքը նաեւ հոգեւորի կրիչն է. ամբողջ հոգեւոր ժառանգությունն է փոխանցվում խոսքի միջոցով»,- ասաց «Վէմ» հրատարակչության ղեկավար տեր Մեսրոպ քահանա Արամյանը այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ, որտեղ մեկնարկեց «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավը: «Մանուկները, որոնք արդեն սկսում են մեծանալ, իրենց մոտ ամեն ինչ սպիտակ թղթի նման է, մենք միշտ մտածում ենք` ինչ պետք է իրենց սովորեցնենք, ինչպես պետք է փոխանցենք  որոշ գիտելիքներ կամ դաստիարակենք: Այս գրքերը նրանց դնում են ճիշտ ճանապարհի վրա, սովորեցնում են ճիշտ բառեր օգտագործել եւ չխառնել դրանք այլ լեզուների բառերի հետ»,- ասաց «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավի գործընկեր «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Իմ առաջին գիրքը» շարքը ներառում է հետեւյալ գրքերը. «Ագարակ», «Բառեր», «Բեռնատարներ», «Գույներ», «Թվեր», «Կենդանիներ», «Հականիշներ», «Մարմին», «Շարժվող առարկաներ», «Տնային կենդանիներ»: Գրքերում ամփոփված է շուրջ հազար բառ: Այս գրքերի հայացման վրա աշխատել են բազմաթիվ մասնագետներ: Դրանցում ներկայացված բառերի զգալի մասը գործածվում է ոչ հայերեն համարժեքներով: Ուստի, այս հրատարակությունները նպատակ ունեն նաեւ վերականգնել հայերենի մաքրությունը եւ լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: «Երբ երեխան օտար բառեր է սովորում, գործածում է ոչ հայերեն համարժեքները, երեխայի ներաշխարհում նաեւ բարդույթ է ձեւավորվում սեփական լեզվի նկատմամբ: Արդյոք սեփական լեզվով հնարավոր է այդ ամենը արտահայտել: Պետք է խոստովանեմ, որ մենք ունենք շատ գեղեցիկ, շատ հզոր ու դինամիկ լեզու, որով մենք ի վիճակի ենք արտահայտելու ցանկացած բառ»,- ասում է տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Հանրահայտ «Դորլինգ Քինդերսլի» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» շարքի նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը: Բառերի ընտրությունը, դրանց համադրումը եւ գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն երեխայի ուշադրությունը եւ տրամադրեն սովորելու: «Իմ առաջին գիրքը» շարքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով եւ հրատարակվել աշխարհի շատ երկրներում (ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն): Տեր Մեսրոպ քահանա Արամյանի խոսքերով, այս գրքերի հրատարակության նպատակն այն է, որ հայ ընտանիքներում հայերեն խոսելը դառնա արժանապատվության հարց: «Ամեն մի բառ, մանավանդ առաջին բառերը, որ ծնողը փոխանցում է իր երեխաներին, ունեն սրբազան նշանակություն: Դրանք դաջվում են երեխայի մաքուր ներաշխարհի մեջ: Հայոց լեզուն մեր ազգային ինքնության միակ վավերագիրն է, միակ ճշմարիտ հիմքը: Եթե մենք կորցնում ենք հայոց լեզուն, կորցնում ենք նաեւ մեր ապագա սերունդը», - շեշտում է նա: Այն, ինչ տեսնում է երեխան, պետք է կարողանա արտահայտել իր մայրենի լեզվով. սա է հրատարակությունների գլխավոր սկզբունքը: «Վէմ» հրատարակչության ղեկավարի խոսքերով գրքերի զգալի մասը բաժանվելու է մանկատներին, անապահով ընտանիքներին, իսկ գրախանութներում գրքերը կվաճառվեն 2000-3000 դրամով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter