HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Մենաշնորհը ինքը չարիք է, իսկ մենաշնորհային գինը` գնաճ»

2009-2010թթ. առաջին անհրաժեշտության ապրանքները երկնիշ թվով աճ են գրանցել. մսամթերքը` 20 տոկոս, հացամթերքը` 20-25 տոկոս, կարտոֆիլը` մինչեւ 1000 տոկոս, ձուն` 700 տոկոս, խնձորը` 500 տոկոս, սոխը` 100 տոկոս, պանիրը` 50-55 տոկոս: Այսօր գնաճի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունում այս ցուցանիշները ներկայացրեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը:

Կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանի խոսքերով` տարօրինակ է այն, որ աճ կա նաեւ այն ապրանքատեսակների գծով, որոնց արտադրությունը տեղում է կազմակերպվում: Նրա խոսքերով` 12 պարենային շուկաներից 7-ը խիստ կենտրոնացած են, ինչը անվանում ենք օլիգապոլիաներ: «Մենաշնորհը ինքը չարիք է, իսկ մենաշնորհային գինը` գնաճ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնաճը կարելի է դասակարգել ըստ արտաքին եւ ներքին պատճառների, որոնք էլ իրենց հերթին ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ` առարկայական եւ ենթակայական:  Արտաքին պատճառների մեջ Թաթուլ Մանասերյանը նշեց միջազգային գների աճը, բնակլիմայական անբարենպաստ պայմանները, բնական աղետները, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը, ԱՄՆ դոլարի արժեզրկումը եվրոյի նկատմամբ, գյուղատնտեսական արտադրության սուբսիդավորումը անհավասար մրցակցային պայմաններում: Իսկ ներքին պատճառների մեջ նշեց մեր երկրի ներմուծող լինելը, ֆինանսական քիչ միջոցները, ստվերային տնտեսությունը, մաքսանենգությունը, հարկային անարդյունավետ համակարգը, ցանքատարածությունների նվազումը, վարկավորման խնդիրները: «Հարկային քաղաքականությունը դարձնել ավելի արդյունավետ եւ կանոնակարգված, որպեսզի այն հավասարաչափ բաշխվի տնտեսվարողների վրա, գները բարձրանում են նաեւ հարկերի պատճառով: Մեզանում 4 անգամ ավելի է  ներմուծվում, քան արտահանվում, այդ իսկ պատճառով լինելով ներմուծող երկիր` մենք խաղի կանոնները ընդունում ենք դրսից, հատկապես այն պարագայում, երբ չենք օգտագործում ցանքատարածությունները, սուբսիդավորումը ինչպես իրականացնել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Հայաստանում գնաճը հաշվարկելու միակ մեթոդաբանությունը, որ մինչ այժմ գործում էր, դեկտեմբերը դեկտեմբերի հարաբերությունն էր, բայց ԱՎԾ 2011 թ. հունվարի 25-ի որոշում ընդունեց դիսկրետ մեթոդին անցնելու վերաբերյալ:

«Այլընտրանքը» մշակել է առաջարկությունների փաթեթ, որը պետք է ներկայացվի կառավարությանը: Իրավիճակից ելքը Թաթուլ Մանասերյանը տեսնում է մի շարք քայլեր կատարելու մեջ, օրինակ` բարելավել գնաճի հաշվարկի մեթոդաբանությունը, ամեն ամիս հաշվարկել ագֆլյացիան` գյուղատնտեսական մթերքների գների աճը, հարկային եւ մաքսային համակարգի արդյունավետ քաղաքականության մշակում, նպատակային վարկավորում, կիրառել հողի չօգտագործման պրոգրեսիվ հարկ, գների խիստ վերահսկողություն սահմանել գյուղմթերքների շուկայում եւ այլն: Նա ուզում է առաջարկել, որ մտցվի նաեւ գերշահույթի հարկ:

«Գնաճը 2011 թ., կարծում եմ, որքան էլ փորձեր լինեն զսպելու, հնարավոր է, որ շարունակվի, կարող է մեղմվել, ավելի կառավարելի դառնալ, հենց դրան են ուղղված մեր առաջարկները, որովհետեւ ամբողջ աշխարհում է սպասվում գնաճի բարձր մակարդակ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter