HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»

Սունդուկյանի թատրոնում բեմադրվել է Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախօրեին «Ծառերը» բեմադրության պրեմիերայի երկրորդ ներկայացումն էր: Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մոնոդրաման բեմադրել է հրավիրյալ ռեժիսոր Դավիթ Հակոբյանը, ով այսօր Պետական երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: «Հրանտի հետ շփվելու ցանկությունը միշտ կա: Միշտ ցանկացել եմ անել, բայց երբեք չեմ գտել դրամատուրգիական վիճակը, որովհետեւ Հրանտին ավելի շատ կինոյում են տեսնում, բայց որպես դրամատուրգ, իր պիեսները, օրինակ, ես չեմ սիրում, չեմ բեմադրի: Բայց այս գործի դեպքում ձեւը գտնվեց, ինքն իրեն ստացվեց»,- ասում է Դավիթ Հակոբյանը: Մոնոդրամայի հիմքում ընկած է Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքը, որը որդուն ուղղված մայրական մենախոսություն է: Ռեժիսոր Դավիթ Հակոբյանը դերասանուհի Գրետա Մեջլումյանի միջոցով փորձել է այն վերստեղծել բեմի վրա` հանդիսատեսին մեկ ու կես ժամ հրամցնելով Մաթեւոսյանի արժեքավոր պատկերային լեզվամտածողությունը: «Շատ եմ վախենում, ես, որ երբեք ոչ մի ներկայացումից չեմ վախեցել. զարմանալի բան է: Ժամ ու կես մենակ բեմի վրա խոսում եմ: Թեման շատ արդիական է, այսօրվան համահունչ նյութ է: Ես կարծում եմ` Մաթեւոսյանն արդեն դասական է, ցավոք սրտի, մենք լավ չենք ճանաչում Հրանտ Մաթեւոսյանին»,- ասում ՀՀ վաստակավոր արտիստուհի Գ. Մեջլումյանը: «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել... Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն...»,- Մաթեւոսյանի հերոսուհու բերանով ասում է Գրետա Մեջլումյանը: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի կարծիքով` մոնոդրաման կարելի է համարել հաջողված. «Միակ բանը, որ կարելի է հետագայում փոխել, դա տեւողությունն է. նույնիսկ ամենահանճարեղ մոնոներկայացումը, երբ 1 ժամից ավելի է, սկսում է ճնշել»: Դրամատուրգի խոսքերով` սովորական հանդիսատեսի համար գուցե այս ներկայացումը սկիզբ դառնա` ինքն իրեն ճանաչելու առումով, «որովհետեւ ով մի փոքր ընդհանրապես հասկանում է Հրանտ Մաթեւոսյան, նշանակում է` ինքն իրեն ճանաչելու առաջին կամ հերթական քայլն է անում: Հրանտն այնքան մեծ է, որ լավ դերասանուհին, լավ բեմադրիչը կարող են մի ամբողջ օր խոսել Հրանտի լեզվով, նրա գրականությամբ, ու էլի քիչ լինի: Հրանտն այն մեծությունն է, որ ինձ համար, բնականաբար, պիտի քիչ լինի, թե ինչ ասվեց, բայց նաեւ Հրանտի ամեն մի ասածի տեսակարար կշիռն այնքան մեծ է, որ այս ներկայացումից հետո հարստացած դուրս եմ գալիս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter