HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Հայտնի են դարձել «Սեզար-2011»-ի հաղթողները. Ռոման Պոլանսկի, Կսավյե Բովուա, Դեվիդ Ֆինչեր

Փարիզի «Շատլե» թատրոնի բեմում հանձնել են Ֆրանսիայի գլխավոր կինոմրցանակաբաշխության` «Սեզարի» մրցանակները: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Կսավյե Բովուայի «Մարդկանց եւ աստվածների մասին» ֆիլմը: Այս ֆիլմը ներկայացվել էր 11 անվանակարգերում եւ հաղթել է դրանցից 3-ում` լավագույն ֆիլմ, երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր եւ լավագույն օպերատորի աշխատանք: Իսկական ռեկորդակիր է դարձել Ռոման Պոլանսկին, ով միանգամից 4 «Սեզար» է վերցրել: Նրա «Ուրվականը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել ռեժիսորական աշխատանքի, սցենարի, մոնտաժի եւ երաժշտության համար: Պոլանսկին բեմից շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են դժվար ժամանակ: Ինչպես հայտնի է, «Ուրվական» ֆիլմը ավարտվել է, երբ Պոլանսկին գտնվում էր Շվեյցարիայում տնային կալանքի տակ: Նրան ԱՄՆ էքստրադիցիա էր սպառնում, որտեղ նա մեղադրվում էր 30 տարվա վաղեմություն ունեցող հանցագործության մեջ: Ամերիկյան արդարադատությունը նրա դեմ գործ էր հարուցել անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր Դեվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը, որն առաջարկում է Facebook սոցիալական ցանց ստեղծելու իր տարբերակը: Հունվարին այս ֆիլմը ստացել էր արդեն «Ոսկե գլոբուս» մրցանակը` ճանաչվելով լավագույն դրամա, իսկ փետրվարի կեսին Ֆինչերը ստացել էր BAFTA մրցանակը` ճանաչվելով լավագույն ռեժիսոր: Ֆիլմը նաեւ պայքարում է «Օսկարի» համար: Համաշխարհային կինոարվեստում ներդրած ավանդի համար պատվավոր մրցանակի է արժանացել ամերիկացի ռեժիսոր, դերասան եւ պրոդյուսեր Քվենտին Տարանտինոն: «Սեզարը» կինոարվեստում ունեցած հաջողությունների համար ամենահեղինակավոր մրցանակն է: «Սեզարը» «Օսկարի» եվրոպական անալոգն է եւ հիմնադրվել է Ֆրանսիայի կինոարվեստի ակադեմիայի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter