HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

15 հազար դրամ` պատգամավորական գործունեության համար

2010 թ. պետական բյուջեի «սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ» տողով 23 մլն 580 հազար դրամ է հատկացվել Ազգային ժողովին: Առաջին տպավորությունն այնպիսին էր, ասես ԱԺ 131 պատգամավորները հայտնվել են չքավորության մեջ, եւ պետական բյուջեի միջոցներից նրանց նպաստ է հատկացվում: Ինչպես «Հետքին» տեղեկացրին Աժ հասարակայնության եւ տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունից, «սոցիալական օգնության նպաստը» ոչ թե մեր պատկերացրած «աղքատության» նպաստն է, այլ «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով պատգամավորներին տրվող ամենամսյա 15.000 դրամ գումարն է, որը տրվում է բոլոր պատգամավորներին` պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը հոգալու համար: Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ ԱԺ պատգամավորների զգալի մասը ոչ ստացած 300.000 դրամ աշխատավարձի հույսին է, ոչ էլ` «օգնության նպաստի», քանի որ գրեթե բոլորն իրենց բիզնեսն ունեն: ԱԺ-ն պատգամավորներին տալիս է որոշակի դիրք եւ արտոնություն, այդ իսկ պատճառով նրանցից շատերը պահպանում են մանդատը, սակայն երբեւէ պատգամավորական գործունեությամբ չեն զբաղվում, նման ցանկություն էլ չունեն: Օրինակ` Սամվել Ալեքսանյանին ԱԺ-ում կարելի է տեսնել տարվա ընթացքում 1-2 անգամ: Դա են վկայում նաեւ ԱԺ կայքում տեղադրված արձանագրությունները պատգամավորների անձնական քվեարկության արդյունքների մասին: Սակայն, նա ամեն ամիս ստանում է 15.000 դրամ «սոցիալական օգնության նպաստ»` պատգամավորական գործունեության գումար: Պրն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չի մասնակցում Աժ աշխատանքներին: «Ազգային ժողով էթում եմ, ես զբաղված մարդ եմ, ցավդ տանեմ»,- ասաց նա: Հարցին, թե երբ է գնում խորհրդարան, պատգամավորը պատասխանեց. «Երբ որ դու գնաս, էդ օրն էլ ես կեթամ»: «Բոլոր քառօրյաներին գնում եմ»,- ասացի նրան: «Ես էլ ամեն օր էթում եմ, ցավդ տանեմ»,- հնչեց ի պատասխան: Ս. Ալեքսանյանից հետաքրքրվեցինք` արդյոք ամեն ամիս ստանո՞ւմ է 15.000 դրամ նպաստն ու իր 300.000 դրամ աշխատավարձը: «Իմ աշխատավարձը էթում ա մանկապարտեզ: Ազգային ժողովից միանգամից փոխանցում են մանկապարտեզի հաշվին»,- ասաց պատգամավորը: Թեեւ գործարար պատգամավորը մանկապարտեզի հաշվին փոխանցած գումարները համարում է բարեգործություն, սակայն իրականում Սամվել Ալեքսանյանն իր հաշվից ոչ մի բարեգործություն էլ չի անում: Նա ԱԺ-ում չի լինում, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի գալիս, պատգամավորական գործունեությամբ չի զբաղվում, թեեւ ունի մանդատ, սակայն ոչինչ չանելով` աշխատավարձ է ստանում: Հետեւաբար ԱԺ-ից ստացած գումարով իր անունից կատարված բարեգործությունն իրականում կատարում են ՀՀ քաղաքացիները, որոնց վճարած հարկերից ձեւավորվում է պետբյուջեն: Ս. Ալեքսանյանից հետաքրքրվեցինք` պատրաստվո՞ւմ է վերընտրվել: «Կլինի՞, որ ընտրությունները գա, նոր ասեմ»,- ասաց Ս. Ալեքսանյանը: Ազգային ժողովից «Հետքին» տեղեկացրին, որ պատգամավորներն աշխատավարձը ստանում են բանկային համակարգի միջոցով, եւ Ս. Ալեքսանյանի աշխատավարձը եւս ամեն ամիս փոխանցվում է նրա ներկայացրած հաշվեհամարին: Նշենք, որ պատգամավորի հետ հարցազրույց անելն իսկական փորձություն է լրագրողների համար: Ս. Ալեքսանյանն օրերով հեռախոսազանգերին չի պատասխանում: Մինչ նրա հետ խոսելը զանգահարեցինք ՀՀԿ խմբակցություն: Այստեղ ասացին, որ եթե իրենք Ս. Ալեքսանյանին ասելիք են ունենում, ապա դա փոխանցում են նրա վարորդի միջոցով, բայց վարորդի համարը չեն կարող ինձ տալ: Պատգամավորի օգնականը նույնպես ԱԺ-ում չի լինում: ՀՀԿ-ից տվեցին նրա հեռախոսահամարը: Օգնականը` Արտակը, իր հերթին «արդարացավ», թե ընդամենը մեկ շաբաթ է, ինչ աշխատանքի չի գնում, քանի որ «սարից ընկել եւ ոտքը ոլորել է»: «Ի՞նչ հարցի պատասխանեմ, մեկն ըլնի` իմ հարցերին պատասխանի: Տրամադրություն էլ սկի չունեմ»,- ասաց Ալեքսանյանի օգնականը եւ անջատեց հեռախոսը: ԱԺ նիստերին գրեթե չի մասնակցում ՀՅԴ խմբակցության անդամ, «Աշտարակ-կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը: Նրանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչու չի զբաղվում պատգամավորական գործունեությամբ եւ ինչ նպատակներով է ծախսում 15.000-ական դրամները: «Հենց առաջին տարվանից այդ գումարն իմ անձնական կարիքների համար չեմ օգտագործել: Մի շարք բարեգործական նպատակների համար եմ օգտագործում: Եթե դուք ընդհանրապես պատկերացում ունեք, թե ինչով եմ զբաղվում, կարծում եմ` հարցը տալուց պետք է հասկանայիք, որ այդ գումարով իմ ընտանեկան բյուջեն չի ձեւավորվում: Անգամ իմ եկամուտների մեծ մասն եմ բարեգործության վրա ծախսում»,- ասաց Աշոտ Ափոյանը: Ինչ վերաբերում է խորհրդարան չգալուն, ապա պատգամավորի ասելով` առողջական խնդիրներ ունի, սակայն եթե հարցեր կամ առաջարկներ է ունենում, փոխանցում է իր օգնականի միջոցով: «Անկեղծ ասեմ, որ իմ անձը կարեւոր չեմ համարում քաղաքական եւ հասարակական դաշտում: Եթե ԱԺ-ի աշխատանքին ֆիզիկապես չեմ մասնակցում, իմ օգնականը օրենքի փաթեթները, հատկապես` տնտեսական եւ ֆինանսական ոլորտին վերաբերող, ներկայացնում է, ծանոթանում եմ: Եթե առաջարկություններ եմ ունենում, ներկայացնում եմ խմբակցությանը կամ հանձնաժողովին»,- ավելացրեց Ա. Ափոյանը: ՀՀԿ խմբակցության անդամ Տիգրան Արզաքանցյանը եւս իր բիզնեսը գերադասում է պատգամավորական գործունեությունից: Նրան այդպես էլ չտեսանք չորրորդ գումարման աշնանային` ութերորդ նստաշրջանի ընթացքում: Մեկ քառօրյա էլ գումարվել է իններորդ նստաշրջանում, սակայն պատգամավորը չկա ու չկա: Տ. Արզաքանցյանի օգնական Հովիկ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչքան ժամանակ է պատգամավորը բացակայում Հայաստանից: «Բավականին երկար ժամանակ է, երեւի մեկ ամիս,- ասաց օգնականը եւ հավելեց,- ինչի՞ համար եք ինձ հարցնում: Ձեր կարծիքով, որ այդ հարցը տալիս եք ինձ, ես ո՞նց կարող եմ պատասխանել, թե պարոն Արզաքանցյանն ինչու չի գալիս ԱԺ»: Պատգամավորի օգնականն ասաց, որ ինքն ամեն օր գնում է աշխատանքի, քանի որ պատգամավորը հանձնարարություն է տալիս, ինքն էլ կատարում է: Հարցին, թե ինչպես եւ ինչ հանձնարարություն է տալիս պրն Արզաքանցյանը, եթե ԱԺ չի գալիս, Հովիկ Մկրտչյանն ասաց. «Ոնց որ անցանք անձնական բնույթի հարցերի: Ես գրանցված եմ Ազգային ժողովում եւ պարտավոր եմ ամեն օր լինել Ազգային ժողովում, անկախ այն բանից` պատգամավորը հանձնարարություն տալի՞ս է, թե՞ ոչ: Միգուցե խնդիրներ ունի: Այսօր մարդ կա՞, որ խնդիրներ չունենա: Բայց դե այն հարցերը, որ ինձ տալիս եք, թե ինչու չի գալիս, ինչքան ժամանակ չի գալիս, ես կոմպետե՞նտ եմ պատասխանելու կամ իմանալու, հետաքրքիր է»: Հովիկ Մկրտչյանը զայրացավ, երբ հարցրինք, թե իրեն չի՞ մտահոգում Տիգրան Արզաքանցյանի բացակայությունը: «Ինչի պատգամավորի օգնականը նշանակված է նրա համար, որ մտահոգվի պատգամավորի գալով-չգալո՞վ: Նման բան պայմանագրում գրված չէ: Հիմա մենք փողոցային խոսակցություն ենք տանում: Ինքն ինձ չի ասում` ինչի է գալիս Ազգային ժողով կամ ինչի չի գալիս, ու դա իմ խնդիրը չի»,- ավելացրեց Հ. Մկրտչյանը: Նշենք, որ Աժ-ում աշխատավարձ ու «սոցիալական նպաստ» ստացող, բայց աշխատանքի չներկայացող եւ իրենց պարտականությունները չկատարող պատգամավորների թիվը փոքր չէ: Ընդհանուր առմամբ, մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, ովքեր ակտիվորեն զբաղված են օրինաստեղծ գործունեությամբ: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրինք` արդյոք գո՞հ է այս գումարման պատգամավորների մակարդակից: «Ազգային ժողովի նախագահից շատ քիչ բան է կախված` որակի հետ կապված, նրանք մեծամասնական պատգամավորներ են: Կան նաեւ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, որ կոալիցիոն ցուցակով ժողովուրդն է ընտրել: Ես ու դու չենք որոշում: Մենք որոշում ենք այնքանով, որ մեկ ձայնի իրավունք ունենք: Որակը եթե ավելի լավ լիներ, ավելի լավ կլիներ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter