HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Երբ «թարգմանչի դուխը հերիքում է, բայց լեզվի դուխը չի հերիքում», կամ ինչ արժե հայերեն 2 կգ-անոց գիրքը

Վերջերս թարգմանիչ Սամվել Մկրտչյանն ավարտել է Ջեյմս Ջոյսի հանրահայտ «Ուլիսես» վեպի թարգմանությունը: «Ուլիսեսը» մոդեռնիստական գրականության գլուխգործոց է համարվում: Թարգմանիչը որոշել է գրքի վաճառքն իրականացնել միայն համացանցով` «տպագրություն ըստ պահանջարկի» (print-on-demand) եղանակով: Այս թեմաների շուրջ զրուցել ենք թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ: Արդեն որոշ ժամանակ է անցել գրքի լույս տեսնելուց հետո, քանի՞ մարդ է հետաքրքրվել գրքով: Զարմացել եմ, 1 շաբաթ է, ինչ ինտերնետով հայտարարված է վաճառքը, եւ արդեն վաճառվել է մոտ 30 գիրք: Ես չէի սպասում: Շատերը կասկածում էին, որ Հայաստանում կհաջողվի 25000 դրամով գիրք վաճառել: Ըստ էության, հետաքրքիրն այն է, որ մարդիկ գիրքը ձեռքներն էլ չեն վերցրել, չեն շոշափել: Իմ կարծիքով, դրանք «Ուլիսեսի» իսկական ընթերցողներն են` այդ առաջին 30 հոգին: Դրսից էլ բավականին պատվերներ կան` Ճապոնիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Անգլիայից: Ընդ որում` պատվիրատուներից ընդամենը մեկն է գրող եղել, հետաքրքիր է: Ինչքան պատվեր եղավ, այնքան էլ կտպվի: Շատ թանկ հաճույք էր գիրքը տպելը, շատ ճոխ գիրք է: Երեկ հետաքրքրության համար կշռեցի, եղավ 1 կգ 900 գրամ` համարյա 2 կգ-անոց գիրք է: Բայց գինը մեծ աղմուկ առաջացրեց: Ով գիրքը չի տեսել, բնական է` միանգամից ասում է` 25000 դրամ մի գրքի՞ն: Բայց ով գիրքը տեսել է, առաջին նախադասությունը եղել է, որ այս գրքի համար էժան է: Ես 2 ամիս սպասել եմ, մինչեւ իմ ուզած թուղթը Իտալիայից բերել են: Այդ նույն ծավալի գիրքը նույն տպագրական որակով 100 դոլարից պակաս չի լինում արտասահմանում: Հայաստանում առաջին դեպքն է, որ գիրքը տպագրվում է ըստ պահանջարկի: Այո, ես չեմ հանդիպել, չնայած աշխարհում դա ընդունված մեթոդ է: Ավել փող չես ծախսում, գիտես` ընթերցողդ ինչքան է: Փոքր գրքերի դեպքում է դա շատ լավ գործում, բայց պարզվում է, որ այս մեծ գրքի դեպքում էլ կարծես գործում է: Ընդհանրապես իմ նպատակն է եղել տպել մի գիրք, որ մինչեւ հիմա Հայաստանում տպված չի եղել: 20 հատ հուշանվերային տարբերակ եմ պատրաստում` փայտյա արկղի մեջ, 10 օրինակ էլ պատրաստելու եմ, որ կազմի վրա կտավ քաշվի, տալու եմ նկարիչներին, որոնց հետ արդեն պայմանավորվել եմ, եւ ամեն մեկը նկարելու է վրան: Փաստորեն, գիրքը կլինի նաեւ արվեստի գործ: Հայաստանում նման բան դեռ չի արվել: Ամեն մի գիրք կդառնա յուրահատուկ, եզակի նմուշ: Բայց դեռ չենք էլ իմանում, որ դա եղավ, հետո ի՞նչ ենք անելու: Ես անձամբ կափսոսեմ դա հանել վաճառքի: Բայց դե այդ 10 օրինակը պահեմ ինձ` ի՞նչ պիտի անեմ: Աճուրդի հանեմ երեւի: Բայց սովորականն էլ է շատ լավ տպվել: Անձամբ ես շատ հավանել եմ, ու շատ ուրախ եմ, որ գտել եմ տպագրիչին: Ես չէի սպասում, որ Հայաստանում այդպիսի տպագրիչ կարող է լինել: Գրախանութներին արժանի չհամարեցի՞ք, որպեսզի այդտեղ նույնպես վաճառվի գիրքը: Արժանի չհամարելը շատ դիպուկ բառ էր, չնայած կոպիտ է հնչում, բայց դիպուկ բառ է: Ես զարմանում եմ, նրանք` գրախանութի տնօրեններն ու աշխատողները, երբեւէ արտասահմանում, մի քաղաքակիրթ որեւէ վայրում գրախանութ տեսած կա՞ն: Հետաքրքիր է, էլի, տեսած կա՞ն` գրախանութում գրքերը ոնց են ընդհանրապես ներկայացվում: Այստեղ թացն ու չորը խառնված է իրար, տպագրվում է ահռելի քանակությամբ պարզապես «մակուլատուրա», ընդ որում` շատ շքեղ կազմերով, լավ գիրքը վատի հետ խառնված է, ընթերցողը լրիվ մոլորված է: Ոչ մի նորմալ դասակարգում չկա, խայտառակ վիճակ է, դրա համար ես չուզեցի, որ «Ուլիսեսը» այդ գրախանութներում վաճառվի: «Ուլիսեսի» հայերեն թարգմանությունը կարծես իրադարձության նման մի բան էր: Բնական է, սա իսկապես իրադարձություն է, կապ չունի` ով է թարգմանիչը: Իրադարձություն է, որովհետեւ «Ուլիսեսը» ոչ բոլոր ազգերն են, որ կարող են թարգմանել. իրենց լեզուն թույլ չի տալիս: Այստեղ լեզվական ահռելի խնդիր կա: Հայերենն այնպիսի փառահեղ լեզու է, որ բոլոր հնարավորությունները ունի ամենաբարդ տեքստը շատ հրաշալի թարգմանելու համար` պահպանելով եւ ոճը, եւ արտացոլելով բոլոր լեզվական, լեզվաբանական հնարքները: «Ուլիսեսը» մշակութային երեւույթ է, եւ հիմա այդ մշակութային երեւույթը հայերեն կա: Եվ թող հայերը չզարմանան, եթե արտասահմանում որեւէ միջոցառման կամ քննարկման ժամանակ հանկարծ իրենց հարցնեն` դուք «Ուլիսեսը» հայերեն թարգմանած ունե՞ք: Թող չզարմանան, որովհետեւ «Ուլիսեսը» մշակութային անցաթուղթի նման բան է: Ընդամենը 19-20 լեզվով է թարգմանվել: Իհարկե, թարգմանիչը Ջոյսի անգլերենը պետք է շատ լավ իմանա, դա զուտ անգլերեն չէ, դա Ջոյսի անգլերենն է: Բայց եթե քո լեզուն հնարավորություն չի տալիս թարգմանել, ինչքան տաղանդավոր ուզում ես եղիր, չես կարող թարգմանել: Ջոյսի գրականությունը «մտքի հոսքի» գրականություն է: Նման գրականություն թարգմանելը դժվարություններ չի՞ առաջացնում: Ջոյս թարգմանելը ընդհանրապես ահռելի գործ է: Մտքի հոսքն էլ թարգմանել դժվար է: Օրինակ` եթե վերցնենք միայն վերջին` 18-րդ գլուխը, որը բաղկացած է 8 նախադասությունից, գրված է փոքրատառերով, մեծատառեր շատ քիչ կան, բացարձակապես կետադրական նշաններ չկան, պարզապես ներքին մենախոսություն է: Կնոջ մտքերն են շարադրված` առանց կետադրական նշանների: Պարզապես պետք է իմանաս` որտեղ է մի միտքը վերջանում, հաջորդը սկսում կամ ընդմիջվում մի քանի նախադասություններով եւ կրկին շարունակվում: Շատ խրթին է, բայց երբ ուսումնասիրում ես, արդեն հասկանում ես: Ջոյսի աշխատանքը մի քանի տարբերակներ ունի, ինչն էլ ժամանակին վեճերի պատճառ է դարձել: Թարգմանիչը ի՞նչ է անում այդ դեպքում: Ես թարգմանել եմ 1922 թ. տեքստը, այսինքն` հենց առաջին հրատարակությունը: Դրանից հետո տպվել է ահավոր շատ սխալներով, ունեցել է մի քանի հրատարակություններ, որտեղ ամեն անգամ սխալների համար տեղ էին ավելացնում: Հետո, ինչպես հայտնի է, արգելվեց «Ուլիսեսը» անգլիախոս երկրներում` որպես պոռնկագրություն: Այսօր որ նայում ես` ինչ է տպվում, եւ «Ուլիսեսն» ես կարդում, ուղղակի ծիծաղելի է հնչում, որ «Ուլիսեսը» պոռնկագրության համար է արգելվել: Հետո կամաց-կամաց բոլոր երկրներն էլ հանեցին արգելքը: Դրանից հետո էլի հրատարակություններ եղան, խմբագիրների մեջ սկսվեց համաշխարհային գզվռտոց` յուրաքանչյուրն ասում էր, որ ինքն է ճիշտ: Այդ գզվռտոցն այնքան շարունակվեց, որ վերջապես խելք ունեցան վերադառնալ 1922-ի տեքստին, որից էլ ես թարգմանել եմ: Այդ գիրքը պարզապես պիտի լիներ հայերեն: Եվ փառք Աստծո, որ հիմա կա: Եվ ուրախ եմ, որ ինչ-որ հետաքրքրություն կա «Ուլիսեսի» նկատմամբ Հայաստանում: Տա Աստված, մարդիկ նաեւ կարդան: Իհարկե, ոչ բոլորը կկարդան, ոչ բոլորի համար է գիրքը, բայց ինչքան շատ կարդան, մեր օգուտն է, ավելի լավ կճանաչենք համաշխարհային գրականությունը: Սկսած գրողներից, արվեստագետներից` մինչեւ հասարակ ընթերցող պիտի իմանա, որ այսպիսի գրականություն կա: Վերջին հաշվով, բոլոր 18 գլուխները գրված են տարբեր ոճերով, դրա համար գտնում են, որ ամեն մի գլուխը մի նոր գրական ուղղություն է ստեղծել: Եթե իրենք ծանոթ են Մարկեսի կամ Սեմյուել Բեկետի գրականությանը, ընդհուպ մինչեւ Սալման Ռուշտի, եթե ծանոթ են այդ գրականությանը, իրենք կհասկանան, որ ակունքը Ջոյսն է: Թարգմանելու ընթացքում ի՞նչ բարդություններ են առաջացել: Բարդություններ եղան Ջոյսի արձակի խրթինության հետ կապված: Նույնիսկ մի պահ եղավ, հատկապես 14-րդ գլխի ժամանակ, մտածեցի` կարո՞ղ է չկարողանամ հաղթահարել: Սկսվում էր 5-րդ դարի անգլերենի նմանակումով, որը, ըստ էության, անգլերենն է սաղմնային վիճակում, ու գալիս էր մինչեւ ժարգոն, ցույց է տալիս լեզվի զարգացումը: Բայց ստացվեց հաղթահարելը` ի շնորհիվ հայերենի: Ես այդ դժվարությունները կարողացել եմ հաղթահարել, հիմա ընթերցողի հերթն է: Պետք է լավ զգանք, որ հայերենով ունենք «Ուլիսեսը» եւ եւս մեկ անգամ պետք է համոզվենք, թե ինչ հրաշալի լեզու է հայերենը, աստվածային լեզու է: «Ուլիսեսը» թարգմանելիս իմ սերը տասնապատիկ ավելացավ հայերենի հանդեպ: Ուրիշ լեզուներում որոշակի գլխի հասնում են, կանգնում են, էլ չեն կարողանում առաջ գնալ, որովհետեւ թարգմանչի դուխը կարող է հերիքում է, բայց լեզվի դուխը չի հերիքում: Ռուսերենը, օրինակ, խժռող լեզու է, ամեն ինչ ասիմիլացնում է: Ռուսերենում մի տաղանդավոր թարգմանիչ կարող է վերցնել մի լավ հեղինակի ստեղծագործություն եւ արդյունքում ստանա մի ուրիշ գործ, այսինքն` բնագիրն աղավաղված է: Իսկ հայերենը կարող է հայելի հանդիսանալ ցանկացած լեզվի համար: Հայերենի հնարավորությունները պարզապես անսահմանափակ են: Պարզապես մենք շատ ենք ետ մնացել մեր լեզվից: Մեր լեզուն մեր մտակառուցվածքից, մտածողությունից շատ առաջ է ընկած, դրա համար մենք չենք զգում լեզուն: Դրա համար պետք է մի քիչ ետ գնանք` նորից մեր լեզուն գտնելու համար: Հայ թարգմանիչները հաճախ թարգմանել են հենց ռուսերենից: Խորհրդային տարիներին մենք իրավունք ունեինք թարգմանելու հիմնականում այն գործերը, որոնք սովետը թույլ էր տալիս: Մանավանդ, եթե վատ թարգմանիչ է, պետպատվեր կատարող է ընդամենը, մի մակարդակ վատ է թարգմանում, ու գումարած դրան, երբ միջնորդ լեզվից է թարգմանությունը, եւս մեկ մակարդակ իջնում է: Բնագրի ոգին ընդհանրապես կորչում է: Եթե նա բնագիրը չի զգում, հնչողությունը չի լսում, միջնորդ լեզվից թարգմանությունը իդիոտիզմ է: Ես ինքս զոռով-շառով փորձում եմ պահել «Արտասահմանյան գրականություն» եռամսյա հանդեսը, բայց այնտեղ մեկ պայման է դրված` միայն բնագրից թարգմանություններ: Որեւէ միջնորդ լեզվից թարգմանություն անձամբ ես չեմ ընդունում: Առանց պետական աջակցության «Ուլիսեսի» նման նոր իրադարձություններ թարգմանական գործում կլինե՞ն, միայն անհատները կարո՞ղ են դա անել: Հայ ժողովուրդը իր դարավոր պատմության մեջ, որ ասում է մենք թարգմանող ազգ ենք, դա պարզապես ցնդաբանություն է: Մենք երբեք թարգմանող ազգ չենք եղել: Թարգմանչաց տոնը, որ մնացել է, դարձել է կիսակրոնական, կիսակերուխումային ծես, որը թարգմանական արվեստի հետ վաղուց ոչ մի կապ չունի: Բան չունեմ ասելու` թարգմանել ենք Աստվածաշունչը: Եվ հենց սկսած Աստվածաշնչից` մինչեւ մեր օրերը, բոլոր լավ թարգմանությունները հայոց իրականության մեջ եղել են անհատների միջոցով: Ոչ մի պետական հոգածություն երբեք չի եղել: Թարգմանական գործի մասին մտածող չկա, պետական մոտեցում բացարձակապես չկա: Իսկ եթե դու թարգմանության մասին չես մտածում, քո գրականությունը մեռնում է: Ինչպես կարող ես չիմանալ, թե դրսում ինչ են գրում: Դա նշանակում է` ուղտի ականջում քնած գրել կամ քնած ապրել, զառանցել: Բոլոր քաղաքակիրթ երկրներում հիմա ուղղակի թարգմանական գրականության սարսափելի բում է: Թարգմանիչների գործն անշնորհակալ գործ չէ՞: Անշնորհակալ է, բա ի՞նչ է: Ընդ որում` ամբողջ աշխարհում էլ վատ են վարձատրվում: Անցած տարի ստեղծել են թարգմանական միջազգային ասոցիացիա, որի նպատակը պետք է լինի թարգմանչի` կոպիտ ասած բարեկեցությունը: Եթե թարգմանիչը թարգմանում է մի գործ, նա պետք է միանվագ ավելի բարձր վարձատրվի: Բայց մեր մասին նման բանից խոսելը պարզապես ծիծաղելի է: Ինչպե՞ս եք ընտրել հեղինակներին, ում գործերը թարգմանել եք: Հեշտ հեղինակները ինձ բացարձակապես հետաքրքիր չեն, այդ գործից ես հաճույք չեմ ստանում: Ինձ համար թարգմանությունը ուժի փորձություն է: Պիտի շատ բարդ գործ լինի, մարտահրավեր լինի եւ ինձ, եւ հայերենին, որ ես հաղթահարեմ: Դրա համար էլ ես թարգմանել եմ Էլիոթ, Ֆոլքներ, էլ չեմ ասում Ջեյմս Ջոյսի մասին: Թեթեւ գրականություն երբեք չեմ սիրել: Հաջորդը ո՞ր գործն եք թարգմանելու: Ճիշտն ասած` «Ուլիսես»-ից հետո էլ չեմ էլ ուզում թարգմանեմ, մանր-մունր գործեր են, որ կիսատ են մնացել, դրանք կանեմ: Մտերիմ մարդիկ կատակով ասում են` ստիպված պիտի թարգմանես Ջոյսի մյուս վեպը` «Ֆինեգանի հոգեհանգիստը», որն աշխարհի ոչ մի լեզվով թարգմանված չէ: Լրիվ բառախաղ է, երազային պատրանքներ: Հնարավոր չէ թարգմանել: Եթե շատ ուսումնասիրես այդ գործը, դրա վերջը հոգեբուժարանն է: Դրա համար, չէ, շնորհակալ եմ: Գիրքը կարող եք ձեռք բերել` այցելելով www.samvelmkrtchyan.am կայքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter