HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրիշ պատերազմի սպասելիս

Ամենայն հավանականությամբ, մարտի 5-ին սպասվող Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում կքննարկվեն ոչ այնքան ղարաբաղյան կարգավորման, որքան այդ կարգավորումը հետաձգելու հայկական եւ ադրբեջանական կողմերի համար ընդունելի տարբերակը:

Հիմա արաբական երկրներում, անգամ նրանց միջեւ ռազմական գործողությունների մեծ հավանականության ֆոնին սա է այն հնարավոր համաձայնությունը, որին հասնելու նախադրյալները ստեղծվել են` անկախ կողմերի, եւ անգամ Ռուսաստանի կամքից:

Անցած տարեվերջին տեղի ունեցած հռետորական «կարճ միացումները» Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հրապարակային հայտարարություններում, եւ ողջ տարվա ընթացքում բախման գոտում տեղի ունեցող լուրջ միջադեպերը անհրաժեշտություն են ստեղծել թարմացնելու կողմերի հիշողությունն այն մասին, որ կան գրավոր հայտարարություններ` առանց ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի բացառման հավաստումներով կարգավորման մասին:

Արաքսից այն կողմ տեղի ունեցող գործընթացները կարող են Հայաստանին դարձնել «Ռուսաստանի մերձավորարեւելյան ներկայիս քաղաքականության ավանգարդը: Այլ ելք չկա` հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրողությունները: Սակայն առաջին հերթին պետք է կատարվի ղարաբաղյան ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի` իրարից հեռացումը:

Հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ թշնամիներից Երեւանն ու Բաքուն կարող են վերածվել դաշնակիցների»,- անցած երեքշաբթի Հայաստանի լրագրողների համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի  կազմակերպած օնլայն հարցազրույցի ընթացքում հայտարարեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Օբյեկտիվորեն Ադրբեջանը շահագրգռված չէ խեղդելու Հայաստանին, մանավանդ հիմա, երբ Բաքուն պետք է ամեն գնով խուսափի մերձավորարեւելյան «ցնցումների» ալիքից: Այն, որ Ադրբեջանում արեւմտյան դեսպանատներն այս ընթացքում երկու անգամ խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին հրաժարվել երկիր այցելություններից, ես գնահատում եմ որպես զգուշավոր դարձնող գործոն»,- ասաց նա:

Առանց մանրամասնելու էլ հասկանալի է, որ ռուս քաղաքագետը նկատի ունի առաջին հերթին Ադրբեջանին զգուշավորության արահետ դարձնելու խնդիրը, քանի որ եթե մենք էլ ելնենք մերձավորարեւելյան գործընթացները սպասարկող տեղեկատվական «սպրդումներից», ապա Ադրբեջանը պատահական չի հայտնվել այն երկրների ցուցակում, որտեղ հնարավոր են արաբական սցենարների կրկնությունները:

Իբրեւ թե այնտեղ եւ ցուցակի մնացած երկրներում տիրող ներքաղաքական համապատասխան իրողությունների բերումով:

Արաբական զարթոնքի բացիլը, սակայն,  տեղական ծագման չէ, եւ ներքաղաքական դժգոհությունները հնարավոր էր դեռ չհասցնել պայթյունների աստիճանի: Ստանիսլավ Տարասովը ռուսաստանցի միակ քաղաքագետը չէ, որի համոզմամբ մերձավորարեւելյան հեղափոխությունները հրահրվել են արտաքին գրգռիչների ազդեցությամբ, «ընդհանուր մատրիցան», ըստ նրա, կազմվել է Վաշինգտոնի եւ Լոնդոնի համատեղ ջանքերով:

«Սակայն ինտրիգը սա չէ, այլ հարցը` ինչո՞ւ հենց հիմա»,- ասաց նա եւ հավանական համարեց վարկածը, որ Եգիպտոսի այժմ արդեն նախկին նախագահ Հ. Մուբարաքի` արաբական կոնֆեդերացիա ստեղծելու ծրագիրը տապալելու խնդիր կար, որը կոչված էր տարածաշրջանում նոր ուժային կենտրոն ձեւավորել: Խնդիրը լուծվեց, սակայն առաջ եկավ այժմ էլ այդ աշխարհաքաղաքական տուրբոլենտ հոսանքների հորձանուտից խուսափելու հրամայականը:

Այս հրամայականն ակնհայտորեն զգում են եւ Թուրքիայում, որտեղ հնարավոր են լուրջ բախումներ քրդական կազմավորումների հետ, եւ Իրանում, որն արաբական պետությունների միջեւ հնարավոր պատերազմների դեպքում ստիպված է լինելու մխրճվելու դրանց մեջ, եւ գրեթե մնացած բոլոր պետությունները:

Մերձավոր Արեւելքում բոլորն ունեն կոնսերվացված եւ անցած տասնամյակների ընթացքում մեծագույն ջանքերի գնով զսպաշապկված խնդիրներ, պահանջներ, անհամաձայնություններ, եւ դժվար չէ հայտնվել այսպես կոչված արաբական ցանցային հեղափոխությունների ոստայնում: Մարտի 1-ին Ժնեւում ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը կոչ արեց միջազգային հանրությանը Մերձավոր Արեւելքը դարձնել միջուկային ու զանգվածային ոչնչացման այլ զենքերից ազատ գոտի, մշակել եւ անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում տեղի ունեցող զանգվածային ոչնչացման սպառազինությունների հետ կապված բոլոր գործընթացները թափանցիկ դարձնելու համար:

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում իր ելույթում անդրադառնալով Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններին` նշեց. «Խաղագումարները չափազանց մեծ են, փոփոխություններ են կատարվում ողջ Մերձավոր Արեւելքում, եւ այս պայմաններում ԱՄՆ-ը պետք է հնարավորություն ունենա վստահ արձագանքելու  բոլոր մարտահրավերներին»:

Քլինթոնը հանձնաժողովում փորձում էր հիմնավորել 2012 թվականի համար պետքարտուղարությանը հատկացվելիք 47 մլրդ դոլարի բյուջեն:

Պարզ հասկացնելով, որ հիմա սկսված գործընթացները երկարատեւ են լինելու, առայժմ անկանխատեսելի ելքերով, եւ քաղաքական հաշվարկներն ու մոդելավորումները կարող են չաշխատել: Դիվանագիտական եւ մնացած այլ խողովակներով մի կողմից փորձ է արվում եթե ոչ կանգնեցնելու մերձավորարեւելյան լոկալ պատերազմները, ապա գոնե արմատապես ապահովագրելու տարածաշրջանն ավելի լայն ու աղետալի հեռանկարներից, երբ կկիրառվեն զանգվածային ոչնչացման զենքեր:

Եվ այս ֆոնին, ղարաբաղյան գոտում չպատերազմելու մասին պիոներական խոստում ստանալը ամենահեշտ լուծվող խնդիրն է Ռուսաստանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter