HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Ադրբեջանի դեսպան. «Ամեն երրորդ հայը լքում է երկիրը, քանի որ հեռանկար չկա երկրում»

Մարտի 2-ին Ֆրանսիա-Եվրոպա-Ասիա ինստիտուտի նախաձեռնությամբ Փարիզում կազմակերպվել էր կոնֆերանս-բանավեճ` Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբայովի մասնակցությամբ: Հանդիպման թեման էր «Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը. հնարավորություններ եւ մարտահրավերները»:

Իր բացման խոսքում դեսպանն ընդգծեց, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության ոլորտում գերիշխող դեր է զբաղեցնում ԼՂ հիմնախնդիրը՝ նշելով, որ իր երկիրը բարիդրացիական հարաբերությունների մեջ է բոլոր հարեւանների հետ` բացառությամբ Հայաստանի: Ադրբեջանը`  իբրեւ ռազմավարական խաչմերուկ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, «մարդկային քաղաքակրթության օրորոց» վկայակոչելուց զատ՝ Էլչին Ամիրբայովը խոսեց նաեւ երկրի կայուն զարգացման, աճող արտաքին ներդրումների, արտաքին քաղաքականության ոլորտում ձեռք բերված հաջողությունների մասին: «Ամենամեծ խնդիրը մեր հարեւան Հայաստանի կողմից երկրի տարածքի 20 տոկոսի զբաղեցումն է»,- ասաց նա: ԼՂ հիմնախնդրի մասին խոսելիս Է. Ամիրբայովը հայտարարեց, որ Հայաստանը էթնիկ զտման է ենթարկել ադրբեջանական տարածքները՝ շեշտելով փախստականների խնդիրը. «Մեկ միլիոն մարդ է փախել, յուրաքանչյուր իններորդ քաղաքացին տեղահանված է»: Չնշելով որեւէ փաստարկ՝ դեսպանը ներկաներին հավաստիացրեց, որ «գրավյալ տարածքներում» հայերը ոչնչացրել են ադրբեջանական մշակութային արժեքներ, որպեսզի ջնջեն բոլոր հետքերը: Է. Ամիրբայովը հայտնեց, որ թեեւ խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, սակայն լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Մենք պատերամզ չենք ուզում, քանի որ շատ զոհեր ենք տվել»,-ավելացրեց դեսպանը՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմավարությունը «գրավյալ տարածքների» ազատազրկումն է, փախստականների վերադաձը եւ հարատեւ խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Դեսպանը փորձեց նաեւ ուշադրություն հրավիրել Հայաստանի տնտեսապես վատթար վիճակի վրա՝ նշելով,  որ Հայաստանը տասն անգամ ավելի թույլ երկիր է, քան Ադրբեջանը: «Ամեն երրորդ հայը լքում է երկիրը, քանի որ հեռանկար չկա երկրում»: Իր խոսքով՝ եթե ՀՀ-ն համաձայնության գա, որ ԼՂ-ն հատուկ կարգավիճակով մտնի Ադրբեջանի կազմի մեջ, հնարավոր է տնտեսական համագործակցություն երկու հարեւան երկրների միջեւ: Հանդիպման երկրորդ կեսն անցավ բանավեճի ձեւով: Բարձրացված հարցերն հիմնականում վերաբերում էին ԼՂ հիմնախնդրին: Ներկաները անհամաձայնություն էին հայտնում դեսպանի մեջբերած «էթնիկ զտման» վերաբերյալ, այն դեպքում երբ նմանատիպ ծրագիր իրականացվել է հենց հայերի նկատմամբ Սումգայիթում: Է. Ամիրբայովը մեծ դիվանագիտությամբ փորձեց ապացուցել, որ այդ ընթացքում դեռ Ադրբեջանը անկախ երկիր չէր, եւ «հարց է, թե ով էր այդ ամենի հետեւում»՝ քարը գլորելով դեպի խորհրդային իշխանությունները: Դեսպանը շրջանցեց նաեւ Մադրիդյան սկզբունքներին վերաբերող հարցը, որով հարցադրողը փորձում էր պարզել դեսպանի դիրքորոշումը Մադրիդյան այն սկզբունքին, որի համաձայն քննարկման խնդիր չէ ԼՂ տարածքը, այլ միայն շրջակա շրջանները:  ԼՂ-ին վերաբերող միմյանց հաջորդած երեք հարցերից հետո հայտարարվեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ այլեւս հարցեր չեն ընդունվում՝ զրույցը տեղափոխելով տնտեսական ոլորտ: Վերջում խոսվեց նաեւ ԱՊՀ մասին: Է. Ամիրբայովը նշեց, որ Ադրբեջանն այն համարում է իբրեւ փոխանակման պլատֆորմ, նախկին ԽՍՀՄ երկրների ակումբ, որում իր երկիրը քաղաքական եւ զինվորական մասնակցություն չունի: «Չեմ կարող շատ բան ասել որակի մասին, քանի որ այն ավելի ու ավելի է վերածվում մի ակումբի որոշ նախագահների ու նախարարների համար, որպեսզի միմյանց հանդիպեն ու պահպանեն փոխադարձ հարաբերությունները»,- ամփոփեց դեսպանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter