HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Մարդը բարի աչքեր ունի ու շատ հոգնած դեմք»

Արմեն Մարտիրոսյանը` փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի մասին

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ այդ կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն անդրադարձան երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք` երեկ բախում է տեղի ունեցել ոստիկանների,  «Ժառանգության» պատգամավորների եւ բացօթյա առևտրի որոշման դեմ բողոքող անձանց միջև: Կարինե Հակոբյանի խոսքերով` երեկ տեղի ունեցածը քաղաքապետարանի մոտ կատարվածի շարունակությունն է. «Ո՞րն է փոփոխությունը: Քաղաքապետն իրեն ընտրած քաղաքացիների հանդեպ ոստիկաններ հանեց: Այսինքն` օրեսնդրորեն ընտրված քաղաքապետը, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետը ժողովրդի բողոքին պատասխանում է ուժով, բռնությամբ, վախեցնելով: Մեզնից ուզում են խլել մեր բողոքելու իրավունքը»:

Լարիսա Ալավերդյանը ցավով նշեց, որ հայ ոստիկանությունը տեղյակ չէ, որ ժամանակները փոխվել են, և «այլևս սովետական ամբողջատիրական կարգերը չեն, և ոստիկանների վրա այլ պարտավորություններ են դրված»:

«Մեր հաղթանակները դեռ առջևում են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Անդրադառնալով Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի` երեկ հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Վայ ինձ, եթե ես իմանայի, որ բոլորն են այդքան անգրագետ։ Փառք տիրոջը. ես գիտեմ, որ այդպես չէ։ Նման ոստիկանի առկայությամբ վտանգված է հասարակությունը և իշխանությունը»: Իսկ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով Ռոբերտ Մելքոնյանի գործողությունների մասին, նշեց, որ նա ընդամենը հրամաններ է կատարում. «Մարդը բարի աչքեր ունի ու շատ հոգնած դեմք։ Ինքն իր 40 տարվա վաստակը երկու օրվա մեջ գցում է ջուրը։ Ստիպված մարդուն չի կարելի դրդել անօրինական գործողությունների կատարմանը»: Մարտիրոսյանը հիշեցրեց նաև, թե որ տարածքներում է արգելվում հրապարակային միջոցումներ անցկացնել։

«Հրապարակի գորգը ստրատեգիական նշանակության տարա՞ծք է, 10-15 կանանցից ո՞ր մեկն էր կրոնական, ռասիստական կամ բռնի գործողությունների կոչ անում»,– հարցրեց նա` նախազգուշացնելով, որ ինքը միշտ դիմելու է ինքնապաշտպանության: Ասուլիսին ներկա էին նաև բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող երկու կին, ովքեր նշեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են և ցույց տվեցին իրենց կուսակցական տոմսերը՝ նշելով, որ այսօր իրենց կողքին կանգնած են ոչ թե ՀՀԿ-ի, այլ «Ժառանգության» պատգամավորները:

«Ժառանգությունը» սպասում է ոստիկանապետի նշանակած ծառայողական քննության արդյունքին` նախազգուշացնելով, որ իրենք գնալու են մինչև վերջ: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դիմելու են դատարան՝ վերականգնելու իրենց խախտված իրավունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter