HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Կայացավ «Սայաթ-Նովա» օպերայի երկար սպասված պրեմիերան

Այսօր նոր բեմադրությամբ ներկայացվեց Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան: Այս պրեմիերայով բացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր թատերաշրջանը: «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության համար պետբյուջեն հատկացրել է 50 մլն դրամ: Արդեն մի քանի տարի է, ինչ ընթանում էին «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրման աշխատանքները: Նոր բեմադրության պրեմիերան պիտի լիներ դեռ անցած տարի` Հարությունյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ: Օպերայի բեմադրման աշխատանքներն ուղեկցվել էին որոշակի աղմուկով, երբ Վերահսկիչ պալատը ՀՀ մշակույթի նախարարությունում չարաշահումներ էր արձանագրել եւ կասկածի տակ դրել «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրման համար բյուջետային միջոցների օգտագործման նպատակահարմարությունը: Դեռևս 2006 թ. կառավարությունն իր պահուստային ֆոնդից 14 մլն 942,5 հազար դրամ էր հատկացրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու համար: Սակայն օպերան տարբեր պատճառներով այդպես էլ չէր բեմադրվում: Պատասխանատուները տարբեր պատճառաբանություններ բերեցին, թե իրականում ինչու չէր բեմադրվում «Սայաթ-Նովա» օպերան, եւ ինչ էր եղել 14 մլն 942 հազար դրամ գումարի հետ: Բեմադրման աշխատանքները զերծ չեն մնացել նաեւ ստեղծագործական խնդիրներից: Որոշում ընդունվեց փոխել բեմադրության ռեժիսորին: Վրաստանից հրավիրված ճանաչված բեմադրիչ Գիզո Ջորդանիան այդպես էլ չավարտեց աշխատանքը. պատճառը դարձավ օպերայի հեղինակ Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքի հետ ունեցած տարաձայնությունները: Փոխարենը բեմադրությունը վստահվեց բեմադրիչ Արամ Սուքիասյանին: Նոր բեմադրության պրոդյուսերը Ալեքսանդր Հարությունյանի դուստրն է` Նարինե Հարությունյանը, իսկ նկարչական ձեւավորումը կատարել է Ալեքսանդր Հարությունյանի թոռը` Արաքսի Քուչուկյանը: Բեմադրության դիրիժորը Յուրի Դավթյանն է: «Սայաթ Նովա» օպերայի պրեմիերան Երեւանում կայացել է 1969թ. մայիսին՝ բեմադրող-դիրիժոր Արամ Քաթանյանի, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի մեկնությամբ, իսկ բեմադրության գեղարվեստական ղեկավարն էր Վարդան Աճեմյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter