HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարելի քաոսի նախաշեմին

Հավանաբար անգամ այսպես կոչված Վեբ 2-ի հեղինակները չէին պատկերացնում, թե որքան արագ ինտերնետային սոցիալական ցանցերն ու առանձին անհատների ազատ ինքնարտահայտման այլ վիրտուալ հարթակները կվերածվեն քաղաքական գործընթացների կազմակերպման ու ուղղորդման փայլուն, մինչ օրս եղած այլ տեխնոլոգիաների համեմատ ավելի արդյունավետ գործիքների:

Մարդկային կարիքները տարբեր են` լիցքավորված ինչպես դրական, այնպես էլ բացասական ներուժով: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին միջուկային էներգիան մարդկության կարիքներին ծառայեցնելու ձգտող գիտնականների համար բարոյական մեծագույն հարված դարձավ այն, որ շատ արագ միջուկային էներգիան սկիզբ դրեց զանգվածային ոչնչացման զենքերի ստեղծմանը, դրանց օգնությամբ գլոբալ քաղաքական խնդիրներ լուծելու վտանգավոր ու այժմ արդեն անհաղթահարելի սովորույթին:

Զարմանալի չէ, որ նրանցից շատերը հետագայում վերածվեցին «Խաղաղ ատոմ» պայմանական անվանումը կրող շարժումների առաջամարտիկների` կոչ անելով չտրվել համաշխարհային հեգեմոն դիրքերի համար մղվող մրցակցության մեջ այդ բացառիկ արդյունավետ միջոցը լայնորեն կիրառելու գայթակղությանը:

Իհարկե, որպես աշխարհի տարբեր ծիրերում ապրող մարդկանց ըստ հետաքրքրությունների խմբավորելու, նրանց միջեւ երկխոսության եւ համագործակցության, փորձի փոխանակման եւ կապերի հաստատման գործիք` սոցիալական ցանցերը մինչ օրս եղած ամենաարդյունավետ գործիքն են:

Սակայն, ո՞վ կարող էր նույնիսկ ի սկզբանե սահմանափակել ինքնարտահայտման այս միջոցը միայն մասնագիտական, անձնական եւ այլ կապերի պահպանման հումանիտար շրջանակներում: Տեղեկատվության ոլորտի տեսաբանների պնդումները, թե ինֆորմացիան իր ազդեցությամբ, քաղաքական սցենարներ իրականացնելու առումով հավասարվում է միջուկային զենքին, անցած դարավերջին միանշանակ չէին ընկալում: Այն ապացուցող պրակտիկ օրինակները կամ քիչ էին, կամ էլ հասկանալի էին միայն տարբեր երկրների հատուկ ծառայություններին:

Հիմա ուրիշ է: Նրանք, ովքեր այժմ պնդում են, որ արաբական երկրներում ընթացող գործընթացների գլխավոր գրգռիչները արտաքին ծագման էին, դրանց նպատակն իրականում տարածաշրջանում խորքային աշխարհաքաղաքական վերաձեւումներն են, այնքան էլ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ որպես ուղեկցող երեւույթ բռնկվել է այսպես կոչված «ժողովրդական զարթոնքների» համաճարակ, եւ այն թողնելու է իր անհաղթահարելի եւ խորը հետեւանքները, եւ որ արաբական հասարակություններն այլեւս առաջվանը չեն լինելու:

Այստեղ արտաքին ազդեցությունների հանդեպ ներհասարակական իմունային համակարգերը բավական թուլացել էին «սոցիալական արդարության եւ իրավական հավասարության» խրոնիկ պակասի պատճառներով: Դժվար է պատկերացնել, որ սոցիալական ցանցերը, որոնցից լայնորեն օգտվում են նաեւ բոլոր առումներով բարեկեցիկ երկրների քաղաքացիները, երբեւէ կունենան այն ներքին ազդեցությունը, որը կա եւ դեռ կարող է լինել արաբականների նման կոնսերվացված ներքաղաքական ռեժիմի երկրներում: Թեկուզ միայն այն պատճառով, որ, բացի սոցիալական ցանցերից, այդ բարեկեցիկ երկրներում կան ինքնարտահայտման մի շարք այլ հնարավորություններ:

Ինչպես, ասենք, անկախ ԶԼՄ-ներն են: Իսկ նրանք, ովքեր հակված են ամեն ինչ բացատրելու ու հիմնավորելու հանգամանքով, թե խզումները տեղի են ունենում բարակ հանգույցներում, որտեղ կա մեծ անջրպետ տնտեսական եւ սոցիալ-իրավական  մակարդակների միջեւ, կարծես ցանկանում են տեսնել միայն մեկ պատճառաբանություն` ստեղծվել է ժողովրդավարական բարեփոխումների բացառիկ հնարավորություն, այն գայթակղիչ է իր հասանելիությամբ, վարակիչ` իրադարձությունների սրընթաց զարգացմամբ:

Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում բնակվող 345 մլն մարդու համար արդեն անհասկանալի ու այլեւս անհանդուրժելի իրողություն է այն, որ իրենք ավելի վատ պայմաններում են ապրում, քան ուրիշները, այն ժամանակ, երբ ֆորմալ առումով իրենց սեփականությունն է համաշխարհային ածխաջրածնային պաշարների 60%-ը: Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Մարտի 11-ը` Ժողովրդական Մեծ օր» խումբը, որի բոլոր ադրբեջանցի անդամները, բացի մարտի 4-ին Գյանջա քաղաքում ձերբակալված երիտասարդ հասարակական ակտիվիստ Բախտիյար Հաջիեւից, ապրում են արտասահմանյան երկրներում, դիմել են ցանցում գրանցված իրենց 30 հազար հայրենակիցներին կոչով` մարտի 11-ին Ադրբեջանի ողջ տարածքում բողոքի ցույցեր կազմակերպել հանուն «լավագույն ապագայի»:

Ի վերջո, իշխանություններն ամեն օր խոսում են ադրբեջանական ածխաջրածնային պաշարների տարածման մասին, իսկ սոցիալական արդարություն երկրում այդպես էլ չի հաստատվում: Ինչպես վկայում են ադրբեջանական մի քանի տեղակատվական աղբյուրներ, մարտի 7-ի դրությամբ կոչը չեն ընդունել ընդամենը 5065 սպառողներ, մնացածը կամ չեն բացառել իրենց հնարավոր մասնակցությունը, կամ առայժմ չեն արձագանքել որեւէ կերպ:

Ադրբեջանում այս օրերին ձերբակալվեցին մի շարք երիտասարդ բլոգերներ: Մի կողմից` առաջ քաշված մեղադրանքները (բանակում ծառայությունից խուսափում, ավտոխուլիգանություն, թմրամիջոցների օգտագործում եւ այլն), իսկ մյուս կողմից` այն, որ ձերբակալություններն ի կատար ածվեցին մեկը մյուսի ետեւից` մարտի 11-ին նախորդած շաբաթվա ընթացքում, բացահայտում են  ադրբեջանական իշխանությունների խուճապը, մտավախությունը, որ  կլինի արաբական սցենարների կրկնություն այժմ արդեն իրենց երկրում:

Դեռ անցած տարվա սեպտեմբերին, երբ արաբական հեղափոխությունների մասին դատողություններն անհավանական էին թվում, Ադրբեջանում «խոցելի կայունության» մասին նախազգուշացումներով հանդես եկավ Միջազգային ճգնաժամային խումբը, որի «Ադրբեջան. խոցելի կայունություն» զեկույցում  նկարագրած սցենարներն այժմ ավելի են մոտեցել իրականություն դառնալուն:

Հավանաբար, սա է այն խրտվիլակը, որը կարող է ազդեցիկ լինել Ադրբեջանի երկարաժամկետ նախագահի համար: Ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են, որ նա արդեն սկսել է մի շարք դատավորների պաշտոնանկության գործընթացը`  «կոռուպցիոն գործարքների» համար:

Սոցիալական ցանցերի օգտակարության եւ վնասակարության մասին ադրբեջանական տեղեկատվական աղբյուրների միջեւ ներկայումս ընթացող բանավեճը, Ադրբեջանի ներքին զորքերում անցած օրերին զինավարժությունների անցկացումը, միջազգային մի շարք կազմակերպությունների հայտարարություններն այն մասին, թե որքան սխալ են գործում իշխանությունները երիտասարդ ակտիվիստներին ձերբակալելով, վկայում են, որ եթե անգամ մարտի 11-ն անցնի առանց ցնցումների, այն շարունակություն է ունենալու:

Twitter-ում Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի նախկին փեսան մեղադրանք է ներկայացրել նրան` հայտարարելով, թե Չինաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ Նազարբաեւը խոստացել է 99 տարով չինացիներին վարձակալության տալ ղազախստանյան հսկայածավալ հողատարածքներ` իշխանափոխությունից հետո իրեն ապաստան տալու փոխարեն: Ղազախ ակտիվիստներն այժմ սոցիալական ցանցերում բնակչության ստորագրահավաք են անցկացնում` հիմա էլ այս երկրի երկարաժամկետ ղեկավարին իշխանությունից հեռացնելու համար:

Կտարածվի՞, արդյոք, արաբական ցնցումների ալիքը հորիզոնական աղեղով` Մերձավորից մինչեւ Հեռավոր Արեւելք` իր մեջ առնելով Եվրասիա մայրցամաքի հսկայական գոտիներ: Հնարավոր է, եթե հիմք ընդունենք հենց այս գոտիների թե բացառիկ ռազմավարական նշանակությունը, եւ թե  այս գոտիներում ներհասարակական երկարամյա կոնսերվացումները: Այլ հարց է, թե որքան ժամանակ կառավարելի կմնա սպասվող քաոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter