HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Կինոն որպես քարոզարշավի միջոց

«Կինոն եւ հասարակությունը» ծրագրի շրջանակում այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ աշխատաժողով, որին մասնակցում էին հեռարձակման, կապի եւ միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը եւ հայ կինոգործիչները: «Կինոն եւ հասարակությունը» ծրագիրը կազմակերպել է Բրիտանական խորհուրդը Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնի շրջանակում: Այս ծրագիրը դիտարկում է Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ վավերագրական կինոն կարող է նպաստել բարդ եւ կարեւոր հասարակական խնդիրների ընկալմանը: Սառա Ռոսը ներկայացրեց, թե ինչպես վավերագրական կինոն կարող է դառնալ արդյունավետ քարոզարշավի միջոց: Աշխատաժողովի ընթացքում կինոգործիչները քննարկեցին հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների միջև համագործակցության նոր մոդելներ: Սառա Ռոսը հայ կինոգործիչների հետ զրուցեց նաեւ կինոյի վրա նոր տեխնոլոգիաների ազդեցության մասին: Ինչպես նշեց փառատոնի հյուրը, Միացյալ Թագավորությունում կան տարբեր ալիքներ, տարբեր պլատֆորմներ, որոնց միջոցով ցուցադրվում են վավերագրական ֆիլմերը: Քանի որ հիմա հեռուստաընկերությունները ավելի քիչ փող ունեն, քան ունեին նախկինում, վավերագրական ֆիլմեր նկարահանողները ուրախ են գտնել ցանկացած միջոց կամ եղանակ, որի միջոցով կարող են ցույց տալ իրենց ֆիլմերը: Սվելի ու ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ կինոարտադրողները համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ, որոնց ֆինանսավորմամբ նրանք կազմակերպում են իրենց ֆիլմերի դիտումը ոչ ավանդական վայրերում: Սառա Ռոսի խոսքերով, Միացյալ Թագավորությունում համացանցը դարձել է վավերագրական ֆիլմերի դիտման համար շատ արժեքավոր եւ ազդեցիկ գործիք: Շրջակա միջավայրի եւ կլիմայական փոփոխությունների մասին նկարահանված «Հիմարների դարը» ֆիլմի օրինակով Սառա Ռոսը ցույց տվեց, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա վավերագրական ֆիլմը: «Այս ֆիլմի արդյունքում ստեղծվեց մի իրադրություն, երբ ֆիլմարտադրողը հիմնեց իր սեփական հասարակական կազմակերպությունը: Ֆիլմարտադրողը չէր ուզում պարզապես սահմանափակվել իր ֆիլմի արտադրությամբ, այլ ցանկանում էր հնարավորություն ստեղծել հասարակության համար միջոցներ ձեռնարկել փոփոխություններ բերելու համար: Ակնհայտ է, որ այս մոդելը արդյունավետ է, կարող է աշխատել, ցավոք, այդպես չի լինում միշտ»,- ասաց նա: Սառա Ռոսն աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում և Channel 4 BRITDOC Foundation-ում: Իբրև Channel 4 BRITDOC-ի London Good Pitch-ի կապերի ընդլայնման գծով տնօրեն` Սառան հրատապ հասարակական խնդիրների շուրջ միավորել է կինոգործիչների և ավելի քան 100 առաջատար հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բարերարների ու ԶԼՄ-ների ` ստեղծելով միավորումներ ու քարոզարշավի ծրագրեր: Amnesty International UK-ում աշխատելու ընթացքում հանդես է եկել որպես այդ կազմակերպության ամենամյա ԶԼՄ-ների մրցանակաբաշխության պրոդյուսեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter