HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Օֆորտի աճուրդ-ցուցահանդես գրախանութում

Այսօր «Բյուրոկրատ» գրախանութում բացվեց «Հին Երեւան» օֆորտի ցուցահանդեսը, որին մասնակցում էին 3 հեղինակներ` Արման Վահանյան, Հայկ Գրիգորյան, Տիգրան Սահակյան: Ցուցահանդեսի բացման ընթացքում հեղինակները օֆորտի հաստոցով հենց տեղում տպագրեցին մի քանի աշխատանքներ, որոնք էլ տեղում վաճառվեցին հրավիրված փոքրիկ աճուրդի միջոցով:
Աշխատանքներում ներկայացված էին հին Երեւանի փողոցները, որոնք այսօր արդեն չկան: Աշխատանքները կատարված են օֆորտի տեխնիկայով, որը կոչվում է գեղարվեստական տպագրություն:
«Ավելի մի քիչ ստեղծագործաբար ենք մոտեցել` զուտ ֆոտոն  չի վերարտադրած: Միակ ելքը դա էր, փողոցները արդեն չկան: Փորձել ենք ներկայացնել մեր հին քաղաքի չպահպանված տեսարանները, գուցե ինչ-որ տեղ ենթագիտակցորեն նաեւ հուշերը»,- ասում է Տիգրան Սահակյանը:
Օֆորտը խորը տպագրության տեխնիկայի հիմնական եղանակներից մեկն է: 18-րդ դարից սկսած անգլիացիները տպագրության այս եղանակը վերածեցին ինքնուրույն գեղարվեստական որակի: Հետագայում այդ տեխնոլոգիան դարձավ ինքնուրույն գեղարվեստական ոճ եւ մինչեւ օրս էլ օգտագործվում է որպես առանձին գեղարվեստական որակ:
Օֆորտային ասեղների օգնությամբ պատկերը փորագրվում է բիտումային լաքի բարակ շերտով` պատված մետաղական թիթեղի վրա, որի դեպքում շտրիխով աշխատված հատվածներում մետաղական թիթեղը բացվում է: Այնուհետև քայքայվում է, ապա բիտումային լաքը մաքրվում է լուծիչով: Արդեն պատրաստ կլիշեն լցոնվում է ներկով և բազմացվում:
«Հայաստանում ցավոք սրտի այդ դպրոցը չկա, բայց շատ տարածված է Ռուսաստանում, Եվրոպայում, այսինքն` այդտեղ թղթի կուլտուրան ավելի զարգացած է, քան մեզ մոտ»,- ասում է Տիգրան Սահակյանը:
Նկարիչ Արթուր Հակոբյանի խոսքերով` ժամանակակից արվեստը շատ բազմազան է, եւ իր տարբեր ձեւերի հետ մեկտեղ երբեմն արվում են էքսկուրսներ դեպի հին ժամանակները, դեպի հին տրադիցիոն տեխնիկաները. «Խնդիրը մեկն է, որոշակի փորձ է կատարվում նոր հայացք գցել վաղուց արդեն անցած գեղարվեստական մեթոդների վրա: Օֆորտը բավականին բարդ տեխնոլոգիա է, եւ շատ ժամանակատար ու աշխատատար է, սակայն այն նկարիչը, որը երբեւէ կփորձի այդ հաճույքը, կհամբերի եւ կկարողանա մինչեւ վերջ համառորեն աշխատել, անպայման կշարունակի աշխատել, քանի որ այս տեխնոլոգիան հրաշքի նման մի բան է»:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 24-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter