HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Նարեկ Ավետիսյանի 33 ձեւափոխությունը` ըստ Վերմեերի

Մարտի 15-ին ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) կբացի Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» կոչվող ցուցահանդեսը, որը ներկայացնում է 33 ձեւափոխություն` ըստ Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի: Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի կամպոզիտոր Վահան Արծրունու կողմից հատուկ նախագծի համար գրված «Սիմուլակրում» երաժշտական ստեղծագործության կենդանի կատարմամբ` 30 երաժիշտների մասնակցությամբ: Ներկայացվող «Սիմուլակրում»-ն ամբողջական բազմամաս նախագիծ է` բաղկացած կտավներից, վիդեոանիմացիայից և այն ուղեկցող երաժշտությունից: Նախագիծը հենքը 17-րդ դարի հոլանդացի հանրահայտ նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 պատճեն-վարիացիան է` կատարված ըստ համաշխարհային, այդ թվում եւ հայ գեղանկարչության հայտնի ոճերի, գեղանկարիչների անհատական մաներաների: Կտավները ուղեկցվում են անիմացիոն տեսաշարով, որը շարժման և ժամանակի չափման մեջ է ցույց տալիս պատկերների վերածվելը մեկը մյուսի: «Ժամանակակից արվեստը առհասարակ բարդ երեւույթ է: Այն, ինչ մենք տեսնում ենք պատերից կախված, գույներ, ձեւեր, ծավալներ, էսթետիկա ենք տեսնում, բայց հասկանում ենք, որ ժամանակակից արվեստը դրանով չէ միայն սահմանափակվում, այլեւ հենված է մասնավորապես Նարեկի ստեղծագործության պարագայում գիտության եւ փիլիսոփայության վրա»,- ասում է ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը: Նրա խոսքերով` հիմնական խնդիրը, որ Նարեկն ունի, իր ստեղծագործության մեջ դրված արվեստի կազմաբանության խնդիրն է: «Սիմուլակրում» նախագիծը հենց այդ որոնումների արդյունքն է: Մարգարտե ականջողով աղջկան Նարեկ Ավետիսյանը պատկերում է տարբեր ոճերի եւ հեղինակների նման: «Հերքելով բնօրինակի միանշանակ իսկությունը նա վարիացիաներ է ցուցադրում: Մի բան, որ տեղի է ունենում ժամանակակից արվեստի հետ առհասարակ»,- ասում է արվեստաբանը: «Ցուցադրության երկրորդ մասը կոչվում է «Պոստֆրակտալներ»: Ֆրակտալները համակարգչային գրաֆիկայի ուղղություն են: 10 տարուց ավելի է, ինչ զբաղվել եմ դրանով, որից հետո որոշակի էվոլուցիա ապրելով, այն ձեւափոխվեց, դարձավ գեղանկարչության  եւ համակարգչային արվեստի մի սինթեզ, որոնք անվանեցի պոստֆրակտալներ»,- ասում է նկարիչ Նարեկ Ավետիսյանը: Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը վստահ է, որ այս նախագիծը սկիզբ է դնելու ժամանակակից արվեստի հանդեպ վերաբերմունքի լրջացմանը: «Ժամանակակից արվեստի դաշտում սա իրոք բացառիկ նախագիծ է լինելու, քանի որ առաջին անգամ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու տեսնել մի քանի ոլորտների համադրության արդյունքը, որը ընդունված է ժամանակակից արվեստի դաշտում Հայաստանի սահմաններից դուրս: Այստեղ նույնպես արվել են փորձեր, սակայն, կարծում եմ, որ այս նախագծի հիմքում ընկած ամբողջականությունն արվեստասեր հասարակությանը կօգնի պատկերացում կազմել 21-րդ դարում բոլոր ոլորտների համագործակցության եւ համադրման սկզբունքի մասին»,- ասում է նա: «33 վարիացիաներում…» Նարեկը պոստմոդեռնիստական հեգնանքը փոխարինելով դասական գլուխգործոցի նկատմամբ իր անթաքույց հիացումով, copy-paste-edit տրամաբանությամբ ստեղծում է պատճենի պատճեն` «կրկնակի սիմուլակր»: Անիմացիոն եղանակով ցույց տալով արվեստի (կամ արվեստի պատմության արտեֆակտերի)` իրականում անվերջանալի, մարմնական փոխակերպումները, նա հաստատում է այդ մարմնի պայմանականությունը, վաղանցիկությունը, բայց` արվեստի էութենական հավերժականությունը»,- գրված է կոնցեպտի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter