HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Բռնցքամարտիկին առևանգելու պատճառը քաղաքակա՞ն է

Երեկ «Դինամո» մարզադաշտի մոտ դիմակավորված անձինք առևանգել են վանաձորցի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին: Նա Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, 6 անգամ էլ չեմպիոնի կոչման է արժանացել ԽՍՀՄ-ում: Սամսոն Խաչատրյանը վաղուց Վանաձորում չի ապրում: Նրա ընտանիքը` կինն ու 2 երեխան, բնակվում են Երևանում, իսկ ինքը` Մոսկվայում: Սամսոն Խաչատրյանի կինը` Նազիկը, դեպքի մասին ոչինչ չգիտեր: Ամուսնու առևանգման լուրը նա ստացել էր վանաձորցի բարեկամներից: «Հետքի» հետ զրույցի ժամանակ` երեկոյան ժամը 10-ի սահմաններում, նա հայտնեց, որ քաղաքացիական հագուստով 4-5 անհայտ անձ այդ պահին խուզարկում է իրենց երևանյան բնակարանը: Սրանից ավելի միայն ասաց, որ ամուսնու առևանգումը կարող է կապված լինել միայն նրա ընդդիմադիր գործունեության հետ: ՀԱԿ-ի հիմնադրման օրվանից Սամսոն Խաչատրյանը ՀԱԿ ակտիվիստ է: Վերջերս էլ ակտիվ մասնակցություն է ունեցել մարտի 1-ի հանրահավաքին: «Պայքարող մարդ ա, որտեղ անարդարություն կա, էնտեղ է»,- ասաց Նազիկը: Սամսոն Խաչատրյանի` Վանաձորում բնակվող բարեկամները նույնպես տեղյակ չէին դեպքից: Բայց որոշ մանրամասներ հայտնեցին բռնցքամարտիկի քաղաքական հայացքների և սոցիալական վիճակի վերաբերյալ: Բռնցքամարտիկը սոցիալական լավ վիճակում չէր: Ընտանիքում աշխատող չկար: Ինքն իրեն անվանում էր «բազմավաստակ գործազուրկ»: Նրան ընկերներն էին «ձեռք մեկնում»: Մինչև 2001-2002 թթ. Սամսոն Խաչատրյանը աշխատել է Լոռու մարզի մաքսատանը: Բայց նրան գործից հեռացրել են, որովհետև, բարեկամների ասելով, չի ենթարկվել համակարգի «կանոններին». բարեկամների ասելով` «նրանից վերևներից հաշիվ պահանջելիս են եղել»: «Ինձ ասում էին` փող հավաքի բեր: Որտեղի՞ց հավաքեի: Ժողովուրդը` սոված, գնում էր ապրանք էր բերում առևտուր անում. ո՞նց գումար վերցնեի»,- պատմել է բարեկամներին Սամսոն Խաչատրյանը: Մաքսատնից հեռացվելուց հետո նա այլևս ոչ մի տեղ չի աշխատել: Հետո հայտնվել է ընդդիմադիր քաղաքական դաշտում: Բայց ինչպես բարեկամներն են ասում, նա ոչ թե ընդդիմադիր, այլ ժողովրդական շարժման մասնակից է: Արցախյան շարժման ժամանակ նա թողել է սպորտն ու միացել շարժմանը: Այդ ժամանակվանից, բարեկամների ասելով, նա պայքարի մեջ է: «Էսօրվա վիճակով մեծ բողոքական է,- ասում է Սամսոն Խաչատրյանի եղբոր կինը` Ռուզաննան:- Բայց նա ոչ թե հատուկ իշխանությունների դեմ է, այլ իր ժողովրդի կողքին է կանգնած: Բողոքում է, արդարություն է ուզում իր ժողովրդի համար: Իր ժողովրդի վիճակը տեսնելով, ինքն էլ նեղացած` ուզում է իր ազատ ձայնը արտահայտել, որ էս ինչ է տեղի ունենում էսօրվա վիճակով: Ժողովուրդը չի կարողանում ապրի, ու ինքն էլ իր ժողովրդի հետ»: Բարեկամները նույնպես Սամսոն Խաչատրյանի առևանգումը կապում են նրա ընդդիմադիր կեցվածքի և հատկապես վերջին հանրահավաքի հետ: Մարտի 1-ի ցույցից մի տեսանյութ են ցուցադրում, որում Սամսոն Խաչատրյանը, տեսնելով, թե ինչպես քաղաքացիական հագուստով հաստափոր, կիսաճաղատ մեկը հարվածում է մի կնոջ, նետվում է առաջ ու հարվածում նրան, որից հետո քաղաքացիական, ոստիկանական հագուստով մարդկանց խումբը հարձակվում է բռնցքամարտիկի վրա: Բարեկամները նրա առևանգումը կապում են կոնկրետ այս միջադեպի հետ և համարում վրեժխնդրության հետևանք: «Մինչև էդ խի՞ չէին էս տղուն տենց բաներ անում»,- ասում է Ռուզաննան: Ապա ավելացնում է. «Ինքը էն անձնավորությունը չի, որ հենց էնպես հավի ճտի պես վեր ունեն ու տանեն տեղը կորցնեն: Դա իրան պատիվ չի բերում: Մեր հայրենիքին էլ պատիվ չի բերում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter