HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Ծաղկավոր գույների երեխաները»` դեմ գլամուրի՞ն, հիպիական հեղափոխությունը շարունակո՞ղ

Այսօր ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) բացվեց «Ծաղկավոր գույների երեխաները» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են Վահագն Ղուկասյանի անհատական աշխատանքները: «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը կազմված է երկու գեղանկարչական շարքից` «Ծաղիկների իշխանություն» և «Գույների արվեստանոց»: Ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացված է 28 աշխատանք: Արվեստի քննադատ Արման Գրիգորյանի խոսքերով, Վահագն Ղուկասյանի վերջին շրջանի նկարների մեջ կարծես թեթեւություն մտած լինի: «Ի՞նչ պիտի մենք հասկանանք այսօր` նայելով գլամուր մշակույթին. պիտի հասկանանք, որ մենք չենք կարող լինել երջանիկ, եթե հարուստ չենք: Իսկ Վահագնը ցույց է տալիս, որ` ոչ, ամեն մարդ կարող է լինել երջանիկ: Նրա թեթեւությունը, նրա աշխատելու եղանակը, առանց ստվերների նկարելու այդ հեշտությունը, դա մեզ իբրեւ մեսիջ ապստամբացնում է, հանում է այդ հարստության, զեխության, ֆալշի դեմ»,- ասում է նա: «Ծաղիկների իշխանություն» շարքը բաղկացած է ութ կտավներից: Դրանցից հինգում ամբողջ մակերեսով մեկ պատկերված են ծաղիկներ, իսկ երեքը դիմանկարներ են, ուր ծաղիկները շարունակում են իմաստային և պատկերային գերակա դեր խաղալ: «Գույների արվեստանոց» շարքը կազմված է տասնհինգ կտավներից, որոնք տարբեր դիտակետերից մեզ ցուցադրում են նկարչության ավանդական տեխնիկայի գործիքները` մոլբերտ, կտավներ, պալիտրա, վրձիններ, ներկեր և այլն: «Այն կտավները, որտեղ միայն ծաղիկներ են պատկերված, մեզ տեղափոխում են հայկական մոդեռն նկարչության դասականների աշխարհը, որ սկսվում է Մարտիրոս Սարյանի ծաղկազարդ նկարներով և հասնում մինչև Վիգեն Թադևոսյանի վերացական կոմպոզիցիաները: Վահագն Ղուկասյանի անհատական աշխատանքների «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը հանդիսատեսին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ անդրադառնալ գեղանկարչական արվեստի ինքնավարությանը և նրա ազատագրող էությանը` վերապրելով գեղանկարչության պատմությունը որպես մեկ արվեստագետի նկարչական կենսագրություն»,- գրված է ցուցահանդեսի կոնցեպցիայում: «Ծաղիկների իշխանություն» շարքի երեք դիմանկարներում ամբողջովին ծաղիկների մեջ սուզված ֆիգուրներ են: «Ծաղկամայր» վերնագրով դիմանկարում 1960-70-ականների «ծաղիկների երեխաների» սերնդի ներկայացուցիչն է: «Հիպիական հեղափոխության» սերունդը հայտնի է նաեւ «ծաղիկների երեխաներ» անունով. արվեստի քննադատ Արման Գրիգորյանը կապել է ծաղիկների թեման հիպիների հետ: «Հիպիների սերունդը Վահագի ծնողների սերունդն է: 60-ականների ազատագրող գաղափարները նաեւ հայերիս են հասկանալի: Եթե շուրջը լավ նայես, կարելի է տեսնել, որ կա նոստալգիա, օ, Deep Purple-ը եկել է, կամ, չգիտեմ, Beatles... Այդ նոստալգիան կա: Այս ցուցահանդեսը նաեւ այդ կապն է, Վահագի ծնողները Հայաստանի այն սերունդն են, որոնք փորձել են անել հումանիստական հեղափոխություն, որը մնացել է կիսատ, եւ Վահագնը շարունակում է»,- ասում է նա: «Ես իմ բնավորությամբ չէի ասի, որ հիպիական ուղղություններով տարված եմ, ես ավելի շատ ռեալ մարդ եմ, դարաշրջանի մարդ եմ: Պարզապես ծաղիկներով շրջապատված լինելը, ինձ թվում է` ամենքին էլ հաճելի կլինի»,- այնուամենայնիվ խոստովանում է Վահագն Ղուկասյանը: Հավելենք նաեւ, որ Վահագն Ղուկասյանը անցած տարի ստացել է նախագահի մրցանակ «Մտահղացում» գեղանկարների շարքի համար: «Ծաղկավոր գույների երեխաները» ցուցահանդեսը գործելու է մինչեւ ապրիլի 2-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter