HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոչ թե օրիգինալ ահազանգ, այլ հայ ժողովրդի մեծամասնության պահանջ

Այսօր եկել է այն կրիտիկական պահը, երբ ժողովուրդը կապ չունի իր պետության հետ, ինչից էլ բխում է անպատժելիության, անիրավության խնդիրը: Այսպես է կարծում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն մի քանի ժամ անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` իշխանություններն իրենց պահածքով կամովին հրաժարվել են իրենց սահմանադրական պարտականությունները կատարելուց, ներքին կյանքում ոտնահարում են քաղաքացիների իրավուքները եւ չեն բացահայտում մարտի 1-2-ի դեպքերի մանրամասները, մեղավորներին չեն ենթարկում պատասխանատվության, իսկ արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններում, պաշտոնապես հրաժարվում են Հայաստանի սահմանների դե յուրե պաշտպանությունից` ընդունելով Ղարիսի եւ Մոսկվայի հակաօրինական փաստաթղթերը որպես ստորագրված արձանագրություների դրույթ: «Դրա համար, ես կարծում եմ, որ կյանքի բոլոր ոլորտներում` սոցիալ տնտեսական, սեփականազրկում, գնաճ, աղքատացում, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների խնդիրները ենթադրում են արտահերթ ընտրություններ: Սա օրիգինալ ահազանգ չէ, սա հայ ժողովրդի մեծամասնության պահանջն է»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Ր. Հովհաննիսյանը: Թեեւ հացադուլ չեն հայտարարել, սակայն Ր. Հովհաննիսյանի կողքին էին նաեւ նրա կինն ու որդին, կուսակցական ընկերները: Սովորաբար, երբ ընդդիմությունը զանգվածային բողոքի ակցիաներ է անցկացնում, իշխանական ճամբարից անմիջապես ընդդիմադիրներին կոչ են անում հիշել արցախյան չավարտված պատերազմի մասին եւ ջուր չլցնել Ադրբեջանի ջրաղացին: Հարցին, թե արդյոք տեղի՞ն է իշխանությունների նմանատիպ հորդորները, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե իրական ազգային անվտանգությունը հիմնված է քաղաքացու ազատության, արժանապատվության վրա, եւ եթե սեփական երկրում քաղաքացին իրավատեր չէ, ազատ ու արժանապատիվ չի ապրում, եթե իրենից գողացվում է իր ձայնը` քվեն, այստեղ չի կարող լինել ազգային անվտանգություն: «Ես կարծում եմ, որ այդ խնդիրները Արցախի հետ կապելն առնվազն մակերեսայնություն է իր մեջ ներառում: Արցախի խնդրին խանգարում է այն, որ 20 տարի է Հայաստանի հանրապետությունը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` իր սահմանադրական սահմաններով: Դա ավելի վտանգավոր է, քան հայ ժողովրդի իրավատիրության պայքարը: Եթե հայ ժողովուրդը դառնա հայրենատեր եւ իրավատեր, Արցախը նույնպես ուժեղ կլինի»,-ավելացրեց  «Ժառանգության» առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հայրենիքի մաքուր ջրից չի հրաժարվի եւ ջրադուլ չի հայտարարի, սակայն հացադուլ կանի այնքան ժամանակ, ինչքան որ դիմանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter