HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ծնողական իրավունքից զրկվելու համար այն նախ պետք է ունենալ

Ղարիբջանյանցի Սեյրան Հարությունյանին, որի երեխաները սոցիալական ծանր պայմանների պատճառով 2009 թ. սեպտեմբերից գտնվում են Գյումրու երկու գիշերօթիկ հաստատություններում, հանդիպեցինք Ֆրիտյոֆ Նանսենի անվ. «Հույս» նախկին մանկատանը: Սեյրանը եկել էր տեսակցելու երեխաներին` Ռոմանին ու Սուսաննային: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշումով այդ օրը երեխաներին տեղափոխում էին «Թռչունյան տուն» բարեգործական գիշերօթիկ հաստատություն, որտեղ գտնվում էր 4-ամյա Հարությունը: Հայրը հիմա էլ խնդրում էր չմիավորել երեխաներին` պատճառաբանելով, թե «Հույս» գիշերօթիկ այցելելն իրեն ավելի հարմար է: «Սա առանձնահատուկ դեպք է, եզակի,- հուսահատ ուսերն է թոթվում Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը,- նախ արար աշխարհին բողոք ներկայացրեց, իբրեւ թե երեխաներին զոռով ենք տարել, առանց իր գիտության, էն դեպքում, երբ Սեյրանն ինքն անձամբ կնոջ ու երեխաների հետ գտնվել է մեքենայում, երբ երեխաներին տեղափոխում էինք մանկատուն, հետո իր ներկայությամբ երեխաներին մանկատանը լողացրել են, տարել տեղավորել: Մարդ ու կին իրենց ձեռքով դիմում են գրել ու ստորագրել, որ խնդրում են երեխաներին տեղավորել մանկատանը: Հետո սկսեց տրտնջալ, թե փոքրին առանձնացրել ենք ավագներից, չնայած բացատրել էինք պատճառը ու ասել, որ դա ժամանակավոր է: Հիմա էլ, երբ որոշվել է, որ երեք երեխաներն այսուհետ ապրելու են «Թռչունյան տանը», հայտարարում է, թե չի ուզում, որովհետեւ «Հույս»-ն իր ճանապարհի վրա է»: Լ. Գինոսյանի հավաստմամբ, Սեյրան Հարությունյանի դեպքը բացառիկ է նաեւ նրանով, որ իրենց բաժնի գործունեության 5 տարիների ընթացքում երբեւէ երեխաներին ծնողներից վերցնելու եւ մանկատուն տեղափոխելու որոշում չեն կայացրել: Ընդհակառակը` կատարված աշխատանքների արդյունքում մանկատներից կենսաբանական ընտանիք է վերադարձվել 17 երեխա, որդեգրման ճանապարհով ընտանիք է տեղափոխվել 13 երեխա: Մարզում գործող նախարարության համակարգի 2 եւ բարեգործական 1 գիշերօթիկ խնամքի հաստատություններից, որտեղ ներկայումս խնամվում է 264 երեխա, ընտանիք է վերադարձվել 74-ը: «Մեր սկզբունքն է՝ ոչ մի հաստատություն չի կարող փոխարինել ծնողների, ընտանեկան օջախի ջերմությանը,- ասում է Լ. Գինոսյանը,- բայց Հարությունյանների դեպքում գերադասելի էր, իհարկե, երեխաներին նույն այս հաստատություններ տեղափոխելը, քան թողնել տան չնմանվող այդ կացարանում` խնամքի ու ուշադրության բացակայության պայմաններում: Սեյրանն ամեն տեղ հայտարարում է, որ իրեն զրկել են ծնողի իրավունքից, խլել երեխաներին, այն էլ բռնի, բայց մենք ինչպե՞ս կարող էինք նրան զրկել մի բանից, որ չի ունեցել: Սեյրանը հայրություն չի ճանաչել, երեխաները փաստաթուղթ չունեին: Ստացվում է, որ ցանկացած մեկը կարող էր ասել՝ ես եմ այդ երեխաների հայրը: Մարդը պիտի այդ իրավունքն ունենար, որ մենք էլ զրկեինք կամ չզրկեինք: Մեր բաժնի եւ «Հույս» նախկին մանկատան, ներկայիս գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանի ջանքերով է, որ այսօր երեք երեխան էլ ծննդական ունի, ու Հարությունյաններն էլ ընտանեկան նպաստ են ստանում: Ու հիմա, այս ամբողջից հետո հայրը սկսել է խոսել իր իրավունքներից»: Զրույցի ընթացքում Սեյրան Հարությունյանը հաստատեց, որ իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցված չի եղել, ինքը երեխաների հայրությունը չի ճանաչել ու մտքով էլ չի անցել զբաղվել այդ խնդրով: Չժխտեց, որ կինը մտավոր խնդիրներ ունի եւ չի կարողացել լիարժեք իրականացնել երեխաների խնամքը, իսկ ինքը հիմնականում աշխատանքի բերումով բացակայել է տանից: «Ես միշտ էլ լավ փող եմ աշխատել: Բայց օր տուն չունիմ, շատ դժվար է: Մյուս կողմից էլ՝ ընձի ձեռ բռնող կնիկ չունիմ, ըդուր համար էլ երեխեքիս չեմ կըրնա տուն տանի: Այ օր մե տունըմ տային, կհավաքվեինք իրար գլխի, ես էլ երեխեքիս տուն կտանեի,- բացատրում է Սեյրան Հարությունյանն ու դիմում «Հույս» գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանին,- ուրա, մե ըսպես, ձեր մանկատան պես բանմ էլ էղներ, կնկաս տանեին պահեին, ամեն բան լավ կեղներ»: Սեյրանի կնոջ` Աննայի բուժման խնդրով եւս մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը զբաղվել է: 2009 թ. երեխաներին մանկատուն տեղափոխելուց հետո մեքենա են տրամադրել, որպեսզի Սեյրանը կնոջը տանի հիվանդանոց, սակայն հետագայում պարզել են, որ մեկ-երկու այցից հետո Աննան հրաժարվել է որեւէ բուժում ստանալուց: «Մենք հասկանում ենք, որ խնդիրն ավելի լուրջ է, սակայն չենք կարող ստիպողաբար որեւէ բան անել,- ասում է Լ. Գինոսյանը,- այսօր երեխաներին տեղափոխում ենք «Թռչունյան տուն», զբաղված ենք դրանով, վաղն էլ արդեն պայմանավորվել ենք, որ բժիշկն ինքն այցելի Կապս ու տեղում բուժզննում անցկացնի: Իսկ հետո, երբ եզրակացությունը պատրաստ լինի, կօգնենք Սեյրանին Աննային բուժման ուղարկելու հարցում»: Աննային հանդիպելու նպատակով Սեյրանին խնդրում ենք ուղեկցել իր ներկայիս կացարանը, որ Գյումրիից 13 կմ է հեռու: Ամայի դաշտում գտնվող անասնագոմերին կից շինություններից մեկը ցույց տալով՝ Սեյրանը, չգիտես ամաչելով, թե հաշտված իր ապրելակերպի հետ, շեշտեց, որ շնորհակալ է գործատուից` լավ վճարում է, հետն էլ կացարան է տվել պատսպարվելու համար: «Պռոստո, տեղս էնքան էլ լավը չէ, որ երեխեքիս էլ բերեմ,-արդարանում է վերջերս 3 երեխաների հայրությունը ճանաչած Ս. Հարությունյանը,- չնայած ընձի որ մնա, գուզենայի, որ փոքրս մոտս էղներ, բայց չեն տա»: Մոտավորապես 9 քմ մի ցուրտ սենյակ էր Սեյրանի կացարանը: Պատերի վրայի թղթե ծվենները հուշում էին, որ ժամանակին սենյակը պաստառապատված է եղել: Երկու մահճակալ` ծածկված մաշված ու կեղտոտ բրդյա ծածկոցներով: Պատին մեխված փայտե հեծանները, որոնց վրա կեղտոտ հագուստը պարզապես լցրած էր, հեռավոր կերպով զգեստապահարան էր հիշեցնում, պատի տակ փայտե մի նստարան էր դրված: Անկյունում՝ սեղանի վրա դրված ալյումինե երկու կաթսայից զատ, որոնցից մեկի մեջ թեյ էր, իսկ մյուսի մեջ՝ կերակուրի մնացորդ, սպասք կամ բաժակ հիշեցնող որեւէ այլ բան չկար: Սենյակի մեջտեղում տեղադրված վառարանը սառն էր: Սենյակի ջերմաստիճանը դրսի ջերմաստիճանից չէր տարբերվում: Աննան ջանադրաբար հատակն էր ավլում: Աննային չհետաքրքրեց իմ ով լինելը, այցիս նպատակը, անգամ չհարցրեց, թե ինչու եմ լուսանկարում: Երեխաներից եւս չհարցրեց, թեպետ գիտեր, որ այցելողներից մեկը հաստատապես գիշերօթիկից է լինելու, միայն ասաց, որ ամեն ինչի մեղավորը ամուսինն է: 33-ամյա կինը հարցերիս պատասխանում էր հանգիստ, առանց դեմքի արտահայտությունը փոխելու կամ իր վիճակից նեղվելու: Դեռ գիշերօթիկում Սեյրանից հետաքրքրվեցի, թե որտեղ են գիշերել երեք երեխան նախկին կացարանում, եթե իրենց ունեցածն ընդամենը 2 մահճակալ է եղել: «Դե մեզի հետ, կամ... եսիմ»,- պատասխանեց նա: «Հատակին, հատակին են քնել,- պարզաբանում է Լ. Գինոսյանը,- եւ հիմա էլ, երբ ինքը համառորեն պահանջում է, թե 4-ամյա Հարությունին տվեք տանեմ, էլի անհասկանալի է, թե որտեղ է քնելու երեխան, տաք կերակուր ուտելո՞ւ է, թե՞ չէ, արդյոք լողանալո՞ւ է, թե՞ չէ: Եթե այն ժամանակ գոնե գյուղի մեջ էին ապրում, ներկայիս կացարանը ամայի վայրում է, ո՞ւմ հետ է շփվելու երեխան, արդյոք մայրը կարողանալո՞ւ է հետեւել եւ այլն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը Սեյրանը չունի, բայց ունի պահանջներ, որոնք ամփոփված են մեկ արտահայտության մեջ. «Ինձ տուն տվեք, մեկ էլ երեխաներիս»: «Հույս» գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանն ասաց, որ երեխաներն արդեն սովորել են մաքուր անկողնուն, ամեն մեկն իր մահճակալն ունի, խաղալիքներ ունեն, բակային խաղերին են մասնակցում, կանոնավոր նախաճաշ, ճաշ, ընթրիք են անում, Ռոմանը չէ, բայց Սուսաննան շատ արագ է առաջադիմում: «Միակ բացասականն այս ամենում այն է, որ երեխաները, սովորելով գիերօթիկի պայմաններին, դժկամությամբ են համաձայնվում, որ հայրը թեկուզ 3 օրով իրենց տանի,- ասում է Ա. Կարապետյանը,- հատկապես Ռոմանը հենց «տանել» բառը լսում է, փախչում-թաքնվում է, հետո սկսում ենք ամբողջ շենքով իրեն փնտրել: Սեյրանը վատ հայր չէ: Չեմ հիշում դեպք, որ երեխաներին դատարկաձեռն տեսակցության գա, միշտ ինչ որ քաղցրեղեն է բերում: Մի տարուց ավելի մենք աշխատել ենք երեխաների հետ ու արդեն առաջընթաց կա, բայց, ինչպես գիտեք, նախարարության որոշումով երեխաներին տեղափոխում են «Թռչունյան տուն», եւ ես վստահ եմ, որ այնտեղ երեքով շատ արագ կհարմարվեն նոր պայմաններին ու միջավայրին»: Հ.Գ. Մարտի 15-ին Սեյրան Հարությունյանի գրավոր համաձայնությամբ եւ նախարարության որոշումով 2001 թ. ծնված Ռոմանը եւ 2004 թ. ծնված Սուսաննա Հարությունյանները տեղափոխվեցին «Թռչունյան տուն» բարեգործական գիշերօթիկ հաստատություն: Քանի որ նրանց մայրը` Աննան հրաժարվում է իր կամքով գնալ բուժզննման, որոշում կայացվեց այն իրականացնել տեղում, այնուհետեւ ուղեգրել համապատասխան բուժհաստատություն, իսկ երեխաների հայրը հերթական անգամ խոստացավ, որ կմտածի բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter