HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Բարեպաշտության ու քաղաքական հաշվարկների ինքնակամ զոհերը

Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը քաղաքական աստառ հաղորդեց մարտի 17-ին Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չմոտենալուն: Ընդ որում, դա արեց շատ օրիգինալ ձեւով` օգնության կանչելով Աստվածաշունչը եւ Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրելով կեղծ բարեպաշտության, անհամեստության ու ցուցադրականության մեջ: ՀԱԿ ղեկավարը պարզապես մոռացել էր Ավետարանի մյուս, ոչ պակաս կարեւոր պատգամները եւ մասնավորապես այն, որ զուր տեղը Աստծո անունը հոլովել չի կարելի: Սակայն այս ամենը դուրս է իրական քրիստոնեական բարոյականության շրջանակներից: Տեր-Պետրոսյանն ինքն էր հասկանում, որ «Ժառանգության» ղեկավարի «ծոմը», անկախ անվանումից,  բացառապես քաղաքական, ավելի ճիշտ` քաղաքացիական ակցիա է, որովհետեւ նրա ներկայացրած պահանջները, որքան էլ լղոզված ու Րաֆֆի Հովհաննիսյանի լեզվամտածողությանը հատուկ վերացականությամբ են օժտված, միեւնույնն է, քաղաքական էին: Այնպես որ, նրա ծոմապահության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի արտահայտած վերաբերմունքը ոչ միայն չափազանց տգեղ էր ու վիրավորական, այլեւ պրովոկացիոն: Ոչ թե Հովհաննիսյանին չմոտենալով, այլ նրա ակցիան նման մեկնաբանության ենթարկելով Տեր-Պետրոսյանը բացահայտեց, թե իրականում ինչպիսի անհանդուրժողականությամբ է  վերաբերվում ՀՀՇ-ից դուրս առհասարակ բոլոր քաղաքական ուժերին, ՀԱԿ-ից դուրս պայքարի բոլոր այլընտրանքային ձեւերին: Եվ դա վերջնականապես ակնհայտ դարձրեց, որ նա նույն Տեր-Պետրոսյանն է, որի նախագահության տարիներին ու անմիջական մասնակցությամբ նույնպիսի անհանդուրժողականություն էր դրսեւորվում բոլոր այլախոհների, ազդեցիկ քաղաքական ուժերի, ազատ մտածողության ու կամարտահայտման դրսեւորումների նկատմամբ: Տրամաբանությունը հուշում է, որ հռչակած նպատակների ու գաղափարների համար ցանկացած ձեւով մղվող պայքարը այն սկսած լիդերը ոչ թե պետք է արժեզրկեր ու բարոյապես ոչնչացներ, այլ ողջուներ ու պաշտպաներ: Այս իմաստով Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունները, որպես գործողություն, վերաբերմունքի արտահայտություն, ոչնչով չեն տարբերվում ու նույն էֆեկտն ունեն, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիայի նկատմամբ ոստիկանության ցուցաբերած վերաբերմունքը: Այս ակցիան իշխանությունն ուզում է խեղդել ֆիզիկապես, ՀԱԿ-ը` բարոյապես: Սակայն, իրենից անկախ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի մեծ հասարակական հնչեղություն տվեց «Ժառանգության» սկսած ակցիաներին: Ավելին, իր իսկ թեթեւ ձեռքով Րաֆֆի Հովհաննիսյանի գլխին դրեց հալածյալի «լուսապսակը» եւ քաղաքական, համահասարակական բովանդակություն հաղորդեց «Ժառանգության» ղեկավարի սկսած սկզբնապես անհասկանալի ու անտրամաբանական թվացող քայլերին: ՀԱԿ-ի եւ անձամբ Տեր Պետրոսյանի թեթեւ ձեռքով Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռք է բերում թե իշխանության, թե արմատական ընդդիմության այլընտրանքի կարգավիճակ, մի բան, որին ձգտում է հասնել «Ժառանգությունը»: Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հեռակա բանավեճը, իսկ ավելի լայն` «Ժառանգություն»-ՀԱԿ խուլ դիմակայությունը փետրվարի 17-ին նախագահականում ստորագրված կոալիցիոն հայտարարության կամ նոր հուշագրի անմիջական հետեւանքն է: Այդ հուշագիրը խաղի նոր կանոններ առաջարկեց ողջ քաղաքական դաշտին, եւ ընդդիմությունը, ի դեմս այնտեղ գործող բոլոր երեք առանցքային ուժերի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության», ընդունեցին այդ նոր կանոնները եւ հիմա, կամա թե ակամա, շարժվում են դրանց տրամաբանությամբ: Իսկ տրամաբանությունը շատ հստակ է. իշխանությունը ցույց տվեց, թե ինչի կարող է հավակնել ընդդիմությունը առաջիկա ընտրություններին, խորհրդարանում որքան ներկայացվածություն կարող է ունենալ: Եւ ընդդիմադիր ուժերը, համակերպվելով իրենց վերապահված սահմանափակ դերին, իսկական ճակատամարտ են սկսել խորհրդարանական փոքրամասնության տեղերի համար: Այլ կերպ ասած` բոլոր երեք ընդդիմադիր ուժերն էլ ընտրություններից մեկ տարի առաջ փաստացի ընդունել են իրենց պարտությունը, կապիտուլյացիան, եւ առավելագույնը, ինչին փորձում են հասնել, գոնե խորհրդարանում ներկայացված լինելն է: Եթե ընդդիմությունը ժամանակից շուտ ձեռքերը վեր պարզած չլիներ, հիմա ոչ թե պետք է զբաղվեր միմյանց կոկորդ պատռելով, այլ աշխատեր ընդհանուր ճակատ ձեւավորելու օրակարգի մշակման վրա: Կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» որդեգրեցին հասարակական դժգոհության ալիքն առաջնորդելու, փողոցին տեր կանգնելու մարտավարությունը: Բայց քանի որ ՀԱԿ-ն ուներ շատ ավելի լուրջ պոտենցիալ, փորձառություն եւ տիրապետում էր մանիպուլյացիոն ավելի նուրբ տեխնոլոգիաների, շատ արագ կարողացավ կոնսոլիդացիոն գործընթացներ սկսել: Այդպիսով, չնայած «Ժառանգության» գործադրած ջանքերին, կարողացավ նախաձեռնողականությունն ինքը վերցնել: «Ժառանգությանն» այլ տարբերակ չէր մնում, քան գնալ այլընտրանքային, ընդհուպ ծայրահեղ քայլերի` ՀԱԿ-ից մեկ քայլ առաջ լինելու, ավելի սկզբունքային ու հետեւողական երեւալու, ինչպես նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին համաժողովրդական լիդեր դարձնելու մղումով, ինչի արտահայտությունը եղան մարտի սկզբին Կառավարության շենքի դիմաց բախումները ոստիկանության հետ, Աժ նիստերը ցուցադրականորեն լքելը եւ վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: ՀԱԿ-ին նյարդայնացնում էին ոչ թե «Ժառանգության» այս ակցիաները, որոնք չափազանց տարերային էին,  հապճեպ եւ, ըստ այդմ, ի զորու չէին մրցակցել Կոնգրեսի ինստիտուցիոնալ «շախմատային» մարտավարության հետ, որքան այդ ամենի շուրջ առաջացած աժիոտաժը, հասարակական հետաքրքրությունը եւ արդյունքում «Ժառանգության» «գնի» բարձրացումը: ՀՅԴ-ն, ի տարբերություն նախորդ երկուսի, ընդդիմության միավորման շատ ավելի հեռանկարային մարտավարություն էր որդեգրել: Ընտրական իրավունքի պաշտպանության հարցի սրումը խոստանում էր ընդդիմության կոնսոլիդացման, համագործակցության ծավալման նախադրյալներ ստեղծել: Սակայն ՀՅԴ-ն կաբինետային, գիտաժողովային մակարդակից համառորեն դուրս չի ուզում գալ, մոտենալ շարքային ընտրողներին, նրանց, ինչպես նաեւ մյուս քաղաքական ուժերի համար դառնալ ավելի հասկանալի: Եվ ՀԱԿ-«Ժառանգություն» ակտիվ բանակռիվների ու դիրքային պայքարի ֆոնին հիմա պարզապես վերածվել է դիտորդի կամ արբիտրի, որի կարծիքը, մեծ հաշվով, ոչ ոքի պետք չէ: Այսպիսի փակուղային, ինքնամեկուսացման տանող մարտավարությամբ Դաշնակցությունն ինքն իրեն ենթարկում է լուսանցքում հայտնվելու վտանգին: Այնպես որ, կոալիցիան 7 տարով թարմացնելու իշխանության ձեռնարկը տակտիկական առումով արդարացված էր: Ընդդիմության հետ պայքարելու խնդիրը սահուն կերպով օրակարգից դուրս եկավ: Ինչո՞ւ ավելորդ ջանք ու էներգիա ծախսել, եթե ընդդիմությունն ինքն իրեն խժռելու կուրս է վերցրել ու միացրել ինքնաոչնչացման մեխանիզմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter