HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվեց Երիտասարդական խորհրդարանի ստեղծման կարգը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան, ինչի մասին Ազգային ժողովի նախագահը համապատասխան կարգադրություն է ստորագրել: Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպման էր հրավիրել  Երեւանի պետական բուհերի ռեկտորների, ուսանողական խորհուրդների նախագահների` քննարկելու մշակված կարգը, լսելու նրանց առաջարկներն ու տեսակետները: Հանդիպմանը ներկա էր նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով Երիտասարդական խորհրդարանի գաղափարին` ԱԺ նախագահը նշեց, որ այն երկար քննարկվել է ոչ միայն խորհրդարանում, այլեւ հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հրավիրված քննարկման անհրաժեշտությունը եւ ներկաներին հորդորեց ակտիվորեն հայտնել իրենց կարծիքներն ու տեսակետները, անհրաժեշտ շտկումներ կատարել մշակված կարգի մեջ եւ գաղափարը կյանքի կոչել: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը, նպատակները: Նրա խոսքերով` Երիտասարդական խորհրդարանը պառլամենտարիզմի հրաշալի դպրոց է եւ կարող է երիտասարդության համար դառնալ ինքնադրսեւորման ու ինքնաարտահայտման գործուն մեխանիզմ: Ինչ վերաբերում է խորհրդարանի ձեւավորմանը, ըստ մշակված կարգի, նախատեսված է, որ այն ունենալու է 12 հանձնաժողով, 131 պատգամավոր, որոնցից 39-ին առաջադրելու են Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները` նույն համամասնությամբ, 50 տեղ հատկացված է պետական բուհերին, 20 տեղ` մարզերին, 22 տեղ է նախատեսված ինքնաառաջադրվող երիտասարդների համար: Երիտասարդական խորհրդարանի պատգամավորների առնվազն 3 տոկոսը պետք է լինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Երիտասարդական խորհրդարանը նախագահ չի ունենա. այն ռոտացիոն սկզբունքով կղեկավարեն հանձնաժողովների նախագահները: Նախատեսվում է, որ խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի այս տարվա մայիսի կեսերին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովները մասնակցելու են ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներին, իրենք եւս քննարկելու են օրակարգում ընդգրկված հարցերն ու առաջարկություններ են ներկայացնելու: ԱԺ նախագահը կարեւոր համարեց նաեւ ոչ պետական բուհերի ներկայացուցիչների ներկայացվածությունը ապագա խորհրդարանում: Ի դեպ, նախատեսվում է որ Երիտասարդական խորհրդարանը կգործի մինչեւ 4-րդ գումարման ավարտը, իսկ հետագան կորոշի հաջորդ Ազգային ժողովը: Հովիկ Աբրահամյանը համարում է, որ Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը պետք է լինի շարունակական: Հանդիպման ընթացքում իրենց հարցադրումները եւ տեսակետները, առաջարկներն ու կարծիքները  ներկայացրին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, բուհերի ռեկտորները եւ ուսխորհուրդների նախագահները: Ամփոփելով քննարկումը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, որտեղ դրանք կքննարկվեն, ինչի արդյունքում էլ Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը վերջնական տեսք կստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter