HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Երիտասարդությունը մեր հասարակության ակտիվ հատվածը չէ

«Ռեգիոն» կենտրոն

- Կարելի՞ է, արդյոք, ներկայիս երիտասարդությանը համարել մեր հասարակության քաղաքական ակտիվ հատված, ինչպիսի՞ դեր է այն խաղում (կամ կարող է խաղալ) քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում:

- ՀՀ ներկայիս բնակչության 24 տոկոսը 16-30 տարեկան երիտասարդներ են: Մեր կենտրոնը պարբերաբար ուսումնասիրում է երիտասարդության կարծիքը երկրում խնդրահարույց հարցերի շուրջ եւ, հիմնվելով հարցումների արդյունքների վրա, կարող եմ ասել, որ մեր երիտասարդությունն այնքան էլ կողմնորոշված չէ սոցիալ-քաղաքական դաշտում: Սա, ի դեպ, բնորոշ է նաեւ ողջ հասարակությանը: Այսինքն, երիտասարդությունը` որպես առանձին սոցիալական խավ, հասարակության մյուս խավերից տարբերվում է միայն իր տարիքով: Սա երկու բան է նշանակում: Նախ, որ երիտասարդությունը ծայրահեղական չէ. նրա դիրքորոշումը, կարծիքները, պատկերացումներն այս կամ այն երեւույթի, գործընթացի, խնդրի շուրջ չեն առանձնանում, խիստ տարբերվում կամ հակասում ավագ սերնդի կարծիքին: Բայց, միեւնույն ժամանակ, նշանակում է, որ երիտասարդության շրջանում բացակայում է որոշակի արտահայտված կամ հստակ դիրքորոշում որեւէ կարեւոր հարցի վերաբերյալ: Այս երեւույթը կարող ենք դիտարկել նաեւ առօրյա կյանքում: Օրինակ` երիտասարդները չեն համախմբվում, եթե որեւէ անարդարություն է տեղի ունեցել իրենց կամ ընկերների հետ բուհում, հանրահավաքների մասնակիցների գերակշիռ մասը միջին տարիքի մարդիկ են, ընտրություններին նրանց մասնակցությունը նույնպես պասիվ է: Իհարկե, գործող բոլոր կուսակցություններում կան երիտասարդներ, բայց նրանք անհատներ են, քաղաքական եւ սոցիալական կյանքում ակտիվ են առաջին հերթին կուսակցական, այլ ոչ թե երիտասարդ լինելու պատճառով: Այսպիսով, մեր հետազոտությունների արդյունքների հիման վրա կարող եմ եզրակացնել, որ երիտասարդությունը քաղաքական, սոցիալական, տնտեսական առումով ակտիվ հատված չի կարող համարվել եւ քաղաքական որոշումների ընդունման գործում գրեթե դերակատարում չունի:

- Արդյո՞ք ղարաբաղյան հակամարտությունն ազդել է այսօրվա 20-ամյա երիտասարդների վրա, որոնք, փաստորեն, մեծացել են հակամարտության պայմաններում։

- Չնայած քաղաքական, քաղաքացիական իրենց պասիվությանը, հայ երիտասարդները հետաքրքրված են ազգային, մասնավորապես` ղարաբաղյան եւ ցեղասպանության հիմնախնդիրներով: Երիտասարդները համարում են, որ Արցախի պայքարն արդարացի է եղել եւ ընտրված ուղին` ճշմարտացի: 2005 թվականին կենտրոնի «Ղարաբաղյան հիմնախնդիր» թեմայով անց կացրած մեր հարցմանը մասնակցել էին նաեւ 16-30 տարեկան 654 երիտասարդներ: Արդյունքները ցույց տվեցին, որ հիմնախնդիրը հետաքրքրում է գրեթե բոլորին, չնայած կարգավորման գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը նրանցից շատերին չի բավարարում: Գնահատելով Հայաստանի անկախացումից հետո եղած ձեռքբերումները` երիտասարդների 26,2 %-ն առաջին տեղում դրել են բանակի կայացումը եւ 14,8%-ը` Արցախի ազատագրումը: Այս երկուսը գերակշռում են մյուս ձեռքբերումների համեմատ: Հարցվածների մեծամասնությունը (73% ) նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մասնակցել Ղարաբաղի պաշտպանությանը, թեպետ միայն 25%-ն է հավանական համարում պատերազմի վերսկսումը: Նույնքան երիտասարդներ էլ հավատում են առաջիկա տարիներին խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու հաջողությանը: Իսկ մնացածը դժվարանում է կանխատեսել: ԼՂ-ի կարգավիճակը երիտասարդների 47%-ը տեսնում է որպես անկախ եւ ինքնիշխան հանրապետություն, 36%-ը` Հայաստանի մաս, 4%-ը` Ադրբեջանի կազմում` ինքնավարության կամ ընդհանուր պետության կարգավիճակով:

- Ի՞նչ եք կարծում, այդ ազդեցությունն ավելի շատ բացասակա՞ն է, թե՞ ունի նաեւ դրական կողմ:

- Ղարաբաղյան պատերազմը երիտասարդության վրա թողել է եւ՛ բացասական, եւ՛ դրական ազդեցություն: Շատ հետաքրքիր է, որ բացասական ազդեցությունը չի տարածվում բոլոր երիտասարդների վրա, այն ավելի շատ անձնական բնույթ է կրում: Հակամարտության բացասական ազդեցությունն ավելի շատ խտացված է այն երիտասարդների գիտակցության մեջ, որոնք անմիջականորեն առնչվել են պատերազմի դժվարությունների հետ, ընտանիքում ունեցել են հարազատի կորուստ կամ գաղթել են: Բայց, օրինակ, դրական ազդեցությունը (հաղթանակ, ազգային ինքնագիտակցության զարթոնք, ճգնաժամը հաղթահարելու համար միավորում) առկա է բոլոր երիտասարդների գիտակցության մեջ, անգամ նրանց, որոնց համար պատերազմը նյութական եւ մարդկային կորուստ է բերել:

- Ի՞նչ գիտելիքների հիման վրա է ձեւավորվում երիտասարդության վերաբերմունքը ադրբեջանցիների նկատմամբ:


- Երիտասարդները նշում են, որ Ղարաբաղի կարգավորման հարցի վերաբերյալ նրանք ունեն գիտելիքի, տեղեկատվության պակաս: 2004 թվականի մեր հարցմանը մասնակցած 1950 քաղաքացիների 74,7%-ը մասամբ է իրեն Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ներկա վիճակի մասին տեղեկացված համարում, 11,2%-ը` բոլորովին անտեղյակ: 22,7%-ը հիմնախնդրի մասին մշտապես տեղեկանում է հեռուստատեսային լուրերից: Ռադիոյից, մամուլից, ինտերնետից, քաղաքական գործիչների հայտնած տեղեկություններից, փորձագետների կարծիքներից, ոչ պաշտոնական աղբյուրներից օգտվողների քանակը յուրաքանչյուր դեպքում 6%-ը չի անցնում: Ընդ որում` ցանկանում եմ նշել, որ մեր ԶԼՄ- ները, ի տարբերություն ադրբեջանական մամուլի, չեն հրահրում ատելություն եւ թշնամանք, ավելի զուսպ են եւ գերթե միշտ պատասխանող կողմի դիրքում են: Եվ հետո, Ադրբեջանն իր գործողություններով եւ հայտարարություններով կարծես ինքն է ձեւավորում մեր գիտելիքներն իր մասին:

- Երիտասարդների ո՞ր խմբի վրա է ավելի շատ ազդել ղարաբաղյան հակամարտությունը, ո՞ր խմբի հայ եւ ադրբեջանցի երիտասարդների մոտ է, Ձեր կարծիքով, ավելի շատ արմատացել «թշնամու կերպարը»` ի դեմս հարեւանի:

- Կարծում եմ` ադրբեջանցուն ավելի շատ որպես թշնամի է ընկալում երիտասարդների այն հատվածը, որն անմիջականորեն եղել է հակամարտության բովում եւ փոքր ժամանակ իր աչքերով է տեսել պատերազմը: Նաեւ այն երիտասարդները, որոնց ընտանիքի անդամներն անմիջական մասնակցություն են ունեցել ազատագրական պայքարին եւ կրել են մարդկային կորուստներ:

Երիտասարդների մոտ «թշնամու կերպարը» կարծրանում է նաեւ հակառակ կողմից սպառնալից հայտարարությունների կամ իրական դեպքերի ազդեցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter