HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Կառավարությունը կդադարեցնի՞ աջակցությունն ընդդիմադիր Քաղսիին

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Կոտայքի մարզի Քաղսի գյուղում բնակիչները սկսեցին շշուկով խոսել այն մասին, որ դադարեցվելու են կառավարության` դեռեւս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին տրամադրված ֆինանսավորմամբ իրականացվող խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման, պոմպակայանի եւ ՕԿՋ-ի (օրվա կարգավորիչ ջրամբար) կառուցման աշխատանքները:

Պատճառը քաղսեցիների «ընտրությունն» էր. նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գյուղում հավաքել էր 402 ձայն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 480: Համայնքապետ Սեդրակ Դավթյանը, որը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր, նշեց, որ գործող իշխանություններին ձայն չտալն արդեն «օրինաչափություն» է դարձել գյուղում: Օրինակ` 2003 թ. Ռոբերտ Քոչարյանի օգտին 180 քաղաքացի էր կողմ քվերակել: «Նույն գյուղացիներն են, որ էսքանի էլ հասավ` մեր աշխատանքի արդյունքն էր: Բացի այդ, Սասուն Միքայելյանը մեր գյուղի պատգամավորն էր»,- պարզաբանեց Ս. Դավթյանը:

Համայնքապետը չփորձեց թաքցնել այն, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում շահարկվել է նաեւ կառավարության տրամադրած ֆինանսավորումը, ինչն «աշխատել է» հօգուտ իշխանության թեկնածուի: Եվ «կատարված աշխատանք» ասելով` համայնքապետը նկատի ուներ այն 50 մլն դրամը, որը գյուղ էր մտել խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման, պոմպակայանի եւ ՕԿՋ-ի կառուցման համար: Իսկ աշխատանքների ընդհատման մասին խոսակցությունները համայնքի ղեկավարը զրպարտանք համարեց, քանի որ աշխատանքները շարունակվում են: 


Սակայն 50 մլն դրամը չի բավականացրել աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու համար: Նախագծի համաձայն` ծախսերը մոտ 80 մլն դրամ են կազմել: Եվ քանի որ եղանակային պայմաններն ուղղակի թույլ չէին տալիս իրականացնել ջրամբարի կառուցման աշխատանքները, 50 մլն-ն ուղղվել էր Վերին թաղամասի` մոտ 5000 մ երկարությամբ նոր ջրագծի եւ պոմպակայանի կառուցմանը, ձեռք էր բերվել 2 պոմպ:

Օտարված հողերից կուտակված գումարներից մոտ 5 մլն դրամի ներդրում է կատարել նաեւ գյուղը` գումարն ուղղելով ջրագծի 600 մետրանոց հատվածի կառուցմանը: Աշխատանքներն ավարտման փուլում են, եւ առաջիկա օրերին արդեն իսկ կփորձարկվի ջրագիծը: Քաղսիի համայնքապետը նշեց, որ «Հայջրմուղ»-ը խոստացել է 20-30 մլն դրամի ներդրում կատարել` օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու համար: Խոստացվել է, որ աշխատանքները կսկսվեն ապրիլ ամսվա վերջերին: 

Ավելի քան 2300 բնակիչ ունեցող գյուղում այսօր անապահով եւ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվն անցնում է 50-ը: Այս թիվը տարեցտարի աճում է: Բարձր է գործազրկության մակարդակը, գյուղում նկատվում է ծնելիության նվազում: Սոցիալական վատթար պայմաններից բացի գյուղում կան նաեւ այլ խնդիրներ` ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրերի ցանցերի անմխիթար վիճակը, հողերի անջրդիության պատճառով գյուղացու եկամուտների նվազումը:

Սակայն մոտ 30 մլն դրամ բյուջեով շատ բան անել հնարավոր չէ: Գյուղի դոտացիան 12,3 մլն դրամ է կազմում: Համայնքապետի խոսքով` ամսեկան եւս 250 հազար պետք է ավելացվի այդ գումարին` աշխատավարձերը վճարելու համար: Իհարկե, եթե աճեն մուտքերը, կարվի նաեւ աշխատանքը: Մյուս գյուղերի նման Քաղսին էլ ունի հողի վարձավճարների հավաքագրման խնդիր: «Ամեն տարի 50 %-ը չէր անցնում, անցած տարի 60 %-ով կատարվել է: Այս տարի երեւի 80-%-ի հասցնենք»,- նշեց համայնքապետը` ավելացնելով, որ գյուղում տուն չկա, որ նախկինից կուտակված 100-200 հազար դրամի պարտք չունենա: «Մարդը հողը չի մշակում, խամ ու խոպան թողնում ա, խոտն էլ ի վիճակի չի քաղի-բերի, այդ պատճառով էլ հարկը չի կարողանում վճարել: Ահագին պարտք կա»: Թեեւ դատարան չեն դիմել հարկերը հավաքագրելու համար, սակայն համայնքապետարանում եւս մեկ հաստիք է ավելացվել, առանձնացվել են երկու աշխատակից, ովքեր զբաղվում են միայն այդ հարցով: 

Գարնանը գյուղացու առջեւ նոր հոգսեր են ծառացել: Անհրաժեշտ է դաշտն ու այգին մշակել, իսկ միջոցներ չկան: «Է~հ, ի՞նչ ունենք, որ ասենք,- հառաչեց «ջուր կրող» մի տարեց կին,- 4200 դրամ սիլիտրի փող ենք տվել, որ բերեն, լավ ա:»: Գյուղատնտեսական հոգսերի թեթեւացման հարցում նախորդ տարի համայնքապետարանը գյուղացիներին օժանդակել է պարարտանյութի փոխադրմամբ: Բացի այդ, ամռանը մի բեռնատար են վարձակալել, որը գյուղացիների համար փոխադրամիջոց է ծառայել` դաշտ գնալու համար: 

Նախորդ տարի գյուղի բյուջեն 21,5 մլն դրամ է կազմել, որից 8,4 մլնը` դոտացիան է կազմում: Ավելի քան 10 մլն տրամադրվել է աշխատավարձերի վճարմանը, 1 մլն` համայնքապետարանի շենքի նորոգմանը, 1,2 մլն` մանկապարտեզի սննդին, 44 ընտանիքի 10 հազարական դրամի չափով դրամական օժանդակություն է տրվել: Եղել են նաեւ ընթացիկ շատ աշխատանքներ:

«Ջրագծի ներքին ցանցը մաշված է, ամեն օր վնասվում է, աշխատանքներ ենք կատարում: Համայնքի միջոցներով 150 մեքենա շեբին փոսալցում ենք արել: Ուրիշ գումարներ չի եղել, որ աշխատանքներ կատարենք»,- ասաց համայնքապետը: Ինչեւէ, 06.11.2007թ. 7/7 որոշմամբ ավագանին Քաղսիի համայնքապետարանին թուլ էր տվել ծառայողական նպատակով գնել «Նիվա-Շեվրոլե» մակնիշի, 2005 թ. արտադրության ավտոմեքենա` 4,3 մլն դրամ արժողությամբ: «Քանի որ անհնար էր գյուղի պայմաններում առանց մեքենայի աշխատանք կատարել, ավագանին նպատակահարմար գտավ... դա ծառայողական ա սաղ գյուղի համար: Բնակիչներին պետք է լինում, բնակիչներն են օգտվում»,- նշեց համայնքապետը:

Ս. Դավթյանը տեղեկացրեց, որ մեքենան ձեռք են բերել մոտ 2 հա օտարված հողերից գոյացած 9 մլն դրամի հաշվին (5 մլն-ը տրամադրվել է ջրագծի կառուցմանը): Ինչ վերաբերում է հողերի աճուրդներին, ապա գրեթե բոլոր դեպքերում դրանց մեկնարկային գները սահմանված էին իրենց կադաստրային արժեքի 30-40 %-ի չափով: Համայնքապետը պարզաբանեց, որ իրենց գյուղում հարեւան գյուղերի համեմատ հողի կադաստրային արժեքն զգալիորեն բարձր է: «Մեզ մոտ 12,4 մլն է, Լեռնանիստում` դրա կեսը, Սոլակում` 70 %-ը` մոտ 8 մլն: Բայց 30 %-ով չի վաճառվել, աճուրդի ժամանակ աճել է»:

Համայնքապետարանի շենքում է գործում բուժկետը, գործում է նաեւ Քաղսիի մանկապարտեզը: Նախորդ տարի բարձրացել է մանկապարտեզի հաճախելիությունը, եւս մեկ խումբ է ավելացվել: Սակայն մշակույթի տան դռները փակ են, շենքն անմխիթար վիճակում է: Այն վերակառուցելու ու վերագործարկելու ծրագրեր ու խոստումներ առայժմ չկան. համենայնդեպս համայնքապետն այդ մասին չխոսեց: Նույն շենքում է տեղակայված գյուղի գրադարանը, որի մոտ 7000 կտոր գրականությունը տեղափոխում էին մեր այցելության օրը: «Գրքերն ահավոր վիճակում են, կաթոցներ կան: Համայնքապետարանի դահլիճը վերանորոգել ենք եւ գրքերը տեղափոխում ենք այնտեղ»,- տեղեկացրեց համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter