HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Լավատեսությունս շատ աննշան է»

54-ամյա Սվետլանա Թովմասյանն ապրում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 1973 թվականից: Ունի ամուսին, երեք որդիներն էլ ամուսնացած են: Ավագ որդին ընտանիքով ապրում է Անգլիայում, միջնեկը` Երեւանում, իսկ կրտսերը` ծնողների հետ, Վարդենիսում:

Սվետլանա Թովմասյանը ռուսաց լեզվի ուսուցչուհի է եւ թիվ 3 դպրոցի փոխտնօրենը: Վերջին տարիներին նրա միակ հոգսը եւ մտահոգությունը կապված է զուտ կենցաղային հարցերի հետ: 

«Ինձ անհանգստացնում է իմ սոցիալական անապահով վիճակը, եւ այդ պատճառով ես շատ եմ վախենում ծերությունից: Սովետական տարիներին իմ ընտանիքը լավ էր ապրում, երկար տարիներ հասարակական աշխատանքով եմ զբաղվել եւ ապահով ծերություն եմ ուզում, բայց հիմա հասկանում եմ, որ թոշակով ապրել չի լինի: Մտածում եմ` որդիս կկարողանա՞, արդյոք, այնպիսի աշխատանք ունենալ, որ ես ու ամուսինս ծերության ժամանակ նրա ընտանիքի համար հոգս չդառնանք: Հիմա այս հարցն ինձ ամենից շատ է մտահոգում:

Իմ շրջապատի եւ ընդհանրապես այս բնակավայրի համար առաջին խնդիրը սոցիալական անպաշտպանվածությունն է, որի պատճառը գործազրկությունն է: Այստեղ համարյա աշխատանք չկա: Մենակ ոսկու հանքավայրն է, որն այնպիսի ընդմիջումներով է աշխատում, որ հավասարազոր է չաշխատելուն: Քաղաքապետարանում, ոստիկանությունում եւ դպրոցներում բոլոր հաստիքները զբաղեցված են, մնացած բնակիչների զբաղմունքն անհասկանալի է: Արտադրություն չկա կամ, եթե կա էլ, ուրեմն այնքան փոքր է, որ այստեղ զբաղված են ընտանիքի անդամները, եւ դա բավարար է արտադրության համար: Դա էլ արդեն արտադրություն չեղավ: Վերջին մի քանի ամիսների թանկացումների պատճառով էլ մեր աշխատավարձով կարողանում ենք գնել ավելի քիչ մթերք, քան մի քանի ամիս առաջ: Արդեն որերորդ անգամ է` փորձում եմ հարմարվել գներին, որոշակիորեն հունի մեջ եմ ընկնում, սկսում եմ պլաններ կազմել հետագայի համար, ու նորից թանկացումներ են սկսվում: Այս ամենը վախեցնում է ինձ, ես վստահ չեմ իմ վաղվա օրվա մեջ:

90-ական թվականների սկզբին շատ լավատես էի, մտածում էի, որ բոլոր դժվարությունները ժամանակի ընթացքում կանցնեն: Բայց հիմա զգում եմ, որ դժվարությունների անցնելու ժամանակը շատ երկար է տեւելու:

Հայաստանի համար արտաքին սպառնալիքներից ավելի ես ներքին սպառնալիքն եմ կարեւորում: Եթե ներքին սպառնալիքը հնարավոր լինի հաղթահարել, արտաքին սպառնալիքին միշտ կարող ենք դիմագրավել: Առաջին ամենամեծ ներքին սպառնալիքն այն է, որ ժողովուրդը չի հավատում ու չի վստահում իր ղեկավարներին: Մենք ցույց ենք տալիս, որ օրինապահ ենք, ժողովրդավար ենք, բայց դրանք խաղիկներ են, ձեւական է: Ինչքան ուզում են հեռուստատեսությամբ ինձ ասեն, ես իմ շրջապատում օրինապահություն չեմ տեսնում: Իսկ ամենաահավոր բանն այն է, որ այս ամենից հետո սկսում ենք մտածել` թող ինչ ուզում են անեն, մենակ մեզնից հեռու լինեն: Դա խարխլում է ամեն ինչ:

Այսօր Հայաստանի բնակչության համար երկու ուժերի` իշխանությունների եւ ընդդիմադիրների բախումն ու անհանդուրժողականությունն ամենամեծ սպառնալիքն է: Մեկը մյուսին չի ուզում լսել: Ինչու՞ էր ընդդիմությունն այսքան մարդ հավաքել. մարդկանց հետաքրքիր չի, թե ով կլինի նախագահ, նրանք ուզում են լավ ապրել, ապահով լինել: Անհանդուրժողականությունն ու սոցիալական բեւեռացումն էր մարդկանց հրապարակ տարել:

Չեմ կարող ասել, թե ո՞ր ուժերն են ի զորու ապահովել Հայաստանի անվտանգությունը, բայց բնակչության անվտանգությունն ապահովելու պարտավորությունն իշխանություններինն է: Եթե ցանկություն ունենան, կարծում եմ, ի զորու են, որովհետեւ նրանց ձեռքում են կառավարելու հնարավորությունները:

Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը խանգարում է այնքանով, որ ազգամիջյան անհաշտությունը տգեղ բան է: Հետո` այդ պատճառով առեւտրաշրջանառության համար ճանապարհներ եւ շուկաներ չունենք:

Հայաստանի համեմատ ավելի անվտանգ եւ ապահով է այն երկրներում, որտեղ օրենքի գերակայություն կա: Իմ որդու ընտանիքն Անգլիայում է ապրում, ասում է, որ ապահով է, հանգիստ է իր ապագայի համար: Ուրիշ երկրների մասին չգիտեմ: Որպեսզի այստեղ ապահով լինի, մենք պետք է օրինապահ եւ պահանջկոտ լինենք:

Եւ գուցե այն տեղերում, որտեղ պատերազմ կա, Հայաստանի համեմատ ավելի վտանգավոր է, բայց ես չեմ կարող ասել, չեմ եղել:

«Մեր թշնամին» արտահայտության բովանդակությունը մանրամասն դժվարանում եմ բնորոշել, քանի որ ես երբեք մարդկանց մեջ թշնամի չեմ փնտրել:

Ապագայում անվտանգության եւ վաղվա օրվա երաշխիքի առումով ես դեռ հավատում եմ, հուսով եմ, որ լավ կլինի: Գուցե լավատեսությունս է խանգարում, որ ավելի սթափ դատեմ: Թեպետ այս պահին իմ լավատեսության համար կոնկրետ հիմքեր չեմ կարող նշել կամ, եթե մտածեմ, դրանք շատ աննշան են: Երբեմն անգամ մտածում եմ, որ ես գուցե չտեսնեմ այդ լավը:

Ես երրորդ տարին է արդեն` թերթ չեմ կարդում, որովհետեւ լրատվամիջոցների ասածներին չեմ հավատում, նրանք հեղինակություն չունեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter