HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է մեղավոր, որ ադրբեջանահայ փախստականներն առ այսօր ապրում են Քասախի նախկին գաղութի բանտախցերում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար

Պրն Բրյուս Դոնահյուին

Դիմում

տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ

Հարգելի պարոն Դոնահյու,
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը տևական ժամանակ է, ինչ զբաղվում է Հայաստանում ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրներով։ Ցավով արձանագրում ենք, որ Հայաստանում փախստականները շարունակում են մնալ բնակչության առավել իրավազուրկ և խոցելի խավը, որը հաճախ է դառնում տեղական և միջազգային տարբեր կարգի բյուրոկրատների կամայականությունների զոհը։ Հայաստանում փախստականների շահերի և իրավունքների արհամարհման վառ օրինակ դարձավ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի տարածքում փախստականների համար նախատեսված սոցիալական տան կառուցման պատմությունը։

Նախագծի ֆինանսավորումն ապահովել էր Ճապոնիայի կառավարությունը, տրամադրելով դրա համար ավելի քան 760 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարով նախատեսվում էր կառուցել երկու բնակելի մասնաշենք, որոնցից մեկը մեծ շուքով, բայց նաև զգալի թերություններով, 2010 թ. հունիսին «ձեռքից ձեռք» փոխանցվեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավար Բուշրա Հալեպոտայի կողմից ՀՀ համապատասխան պետական մարմիններին։

Առ այսօր ոչ մի փախստական այդ մասնաշենքում չի ապրում` այն վթարային վիճակում է և այնտեղ վերսկսվել են շինարարական աշխատանքները, որոնց ֆինանսավորման աղբյուրն արդեն հայաստանյան է։ Մեր ունեցած տվյալների համաձայն` շինարարությունն ավարտելու համար տրամադրվել է լրացուցիչ` մոտ 170 հազար ԱՄՆ դոլար։

Այսինքն, առնվազն 930 հազար ԱՄՆ դոլարով կառուցվում է մի մասնաշենք այն դեպքում, երբ 760 հազար դոլարով նախատեսված էր կառուցել երկուսը։ Այս ամբողջ պատմությունը, մեր համոզմամբ, ունի լուրջ կոռուպցիոն ենթատեքստ և մենք հաստատակամ ենք պարզելու, թե ո՞վ է կոնկրետ մեղավոր այն բանի համար, որ ադրբեջանահայ փախստականներն առ այսօր ապրում են Քասախի նախկին գաղութի բանտախցերում, իսկ մեկ բնակելի մասնաշենքի շինարարությունն արդեն մոտենում է 1 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանագծին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ իշխանությունները ջանք չեն խնայում ամենուր աջակցելու հակակոռուպցիոն պայքարին, ինչպես նաև ելնելով այն իրողությունից, որ ճապոնական ֆինանսավորումից զրկված երկրորդ մասնաշենքի շինարարության ֆինանսավորումը ստանձնել է ԱՄՆ Պետքարտուղարության բնակչության, փախստականների և միգրացիայի գործակալությունը, «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը վերոհիշյալ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը առավել պարզորոշ դարձնելու համար Ձեր տեղեկատվական աջակցության կարիքն ունի և խնդրում է պատասխանել հետևյալ հարցերին՝

1. ո՞ր Հայաստանյան կամ միջազգային կառույցի ներկայացուցիչն է դիմել ամերիկյան կողմին վերոհիշյալ երկրորդ մասնաշենքի շինարարությունը ֆինանսավորելու առաջարկով: Խնդրում ենք նշել այդ անձի կամ անձանց անունն ու զբաղերցրած պաշտոնը,

2. ե՞րբ է դա տեղի ունեցել,

3. որքա՞ն է կազմում այս նախագծի ֆինանսավորման ընդհանուր ծավալը՝ ներառյալ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման, բուն շինարարության և դրա որակի վերահսկողության համար նախատեսված գումարները,

4. արդյոք օգտագործվե՞լ է ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի կողմից նախկինում հաստատված նախագիծը, թե՞ մշակվել է նորը։

5. արդյո՞ք առանձին տողով նախատեսված է բնակարանների կահավորման ֆինանսավորումը։

6. ինչպիսի՞ այլ նախագծեր է ֆինանսավորել կամ ծրագրում է ֆինանսավորել Հայաստանում ԱՄՆ Պետքարտուղարության բնակչության, փախստականների և միգրացիայի գործակալությունը:

Տեղեկացնում ենք նաև, որ Ցանցի ներկայացուցիչն այցելել է կառուցվող երկրորդ մասնաշենքը և համոզվել, որ իրականացվել է իրապես բարձրորակ շինարարություն։

Ձեր կողմից տրամադրվելիք հնարավոր տեղեկատվական աջակցությունը կօգնի մեզ այս կարգի հարցերում հասնել գործընթացների արդյունավետությունն ապահովող առավելագույն թափանցիկության և կնվազեցնի տվյալ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը։

Հարգանքով`
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական
հասարակության ցանց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter