HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Աճուրդները չկայացան

Ավելի քան 8000 բնակիչ ունեցող Գառնի գյուղում տարեցտարի էլ ավելի է սրվում երիտասարդ ընտանիքներին սեփական տանիքով ապահովելու խնդիրը:

«Գյուղը մեծանում է, նոր ընտանիքներ են ստեղծվում: Պատահում է, որ 2-3 ընտանիք մի հարկի տակ է ապրում, ուզում են տնտեսություններն առանձնացնել»,- գյուղի պահուստային ֆոնդի հողերն աճուրդով վաճառելը հիմնավորեց Գառնի գյուղի համայնքապետ Աշոտ Վարդանյանը: Վերջինս նշեց նաեւ, որ պահուստային ֆոնդի հողեր ունեն, եւ կառավարության որոշմամբ 10 հա տրամադրվել է գյուղին` որպես տնամերձ հողամասեր բնակիչներին հատկացնելու համար: Իսկ նման հատկացումներն իրականացվում են աճուրդային եղանակով:

Ապրիլի 25-ին աճուրդային կարգով օտարման էր դրված 5 հողակտոր` յուրաքանչյուրը 0,1 հա մակերեսով: Մեկնարկային գինը սահմանվել էր կադաստրային արժեքի 50%-ը: Համայնքապետն այդ որոշումը բացատրեց գյուղացիների սոցիալական ծանր վիճակով: «Դե, եթե ուզում ենք հատկացնել գյուղացուն, ցանկալի է նվազագույն արժեքով տրամադրել, որովհետեւ հնարավորություն չունեն: Կադաստրային արժեքը 810 դրամ է, դա մի քիչ թանկ է գյուղացու համար»: Համեմատական կարգով նշենք, որ Արգել գյուղում հողերի մեկնարկային գինը սահմանվում է կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով: «Մենք շատ հող չունենք, որ 50-60%-ով դնենք, 50%-ը հօգուտ գյուղացու է, բայց ես ամբողջ գյուղի մասին եմ մտածում»,- պատասխանեց Արգելի համայնքապետ Մաթեւոս Ավագյանը:

Իսկ սոցիալապես առավել վատ վիճակում գտնվող Սարալանջ գյուղում, որտեղ հողերի մեկնարկային գնի թույլատրելի շեմը սկսվում է 30%-ից, նախորդ տարի 22 հա հող է վաճառվել, ընդ որում` մեկնարկային գին էր սահմանվել կադաստրային արժեքի 100 տոկոսը: «Կարող էինք մեկնարկային գինը 50%-ով դնել, մեր գյուղի դեպքում` նույնիսկ 30%, գիտեինք, որ գնողներն էլ շատ չէին, հանձնաժողովը, ավագանին համաձայնություն տվեցին եւ 100%-ով դրեցինք»,- ասաց համայնքապետ Գեղամ Զիլիֆյանը: Վաճառքից գոյացած գումարով Սարալանջում զգալի աշխատանքներ էին կատարվել, մարվել էր նախորդ տարիների ընթացքում կուտակված պարտքը:

Աճուրդից գոյացած գումարներով ծրագրեր էին նախատեսված նաեւ Գառնի գյուղում` գույքի ձեռքբերում, վերանորոգում, ասֆալտ, ջրագծեր...

Զարմանալի էր, սակայն, որ «այդքա~ն հողի կարիք ունեցող գյուղում» հողերի աճուրդը հետաքրքրել էր միայն երկու բնակչի, եւ երկուսն էլ դիմել էին միեւնույն հողակտորի համար: Բնակիչների պասիվության համար համայնքապետը «բացատրություն» գտավ. «Երեւի երեկվա եղեռնից հետո չեն մասնակցել, չգիտեմ: Բնակիչները զբաղված են եղել երեւի»: «Բացատրությունը» համոզիչ չհնչեց, քանի որ, ըստ Հողային օրենսգրքի, «հայտերի ընդունումը եւ մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ», այսինքն` տվյալ դեպքում ապրիլի 22-ին: Երբ խնդիրը փորձեցինք կապել վատ իրազեկման հետ, համայնքապետը նշեց, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հայտարարություն են տվել: «Ես չեմ կարող մեկ-մեկ տները մտնել եւ ասել` թերթում հայտարարություն եմ տվել, թող կարդան, ծանոթանան: Ես օրենքի խախտում չեմ անում»:

Դժվար չէ պատկերացնել, որ թերթը գյուղում չէին կարդացել, քանի որ, ինչպես բոլոր գյուղերում, Գառնիում նույնպես թերթ չեն վաճառում: Բացի այդ` նշենք, որ ըստ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի` «աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ»: Սա նախատեսված է նաեւ գործընթացի հրապարակայնությունն ապահովելու համար: Սակայն գյուղում եւ ոչ մի տեղ աճուրդի մասին հայտարարության չհանդիպեցինք: Մեզ հանդիպած գյուղացիներն էլ անտեղյակ էին աճուրդից: «Որոշումները կայացնում են ու չեն հրապարակում»,- նշեց մի գառնեցի:

Աճուրդի մասնակից Գայանե Ղազարյանը նշեց, որ ինքը տեղեկացել է թերթի միջոցով, որը ձեռք է բերել Երեւանից, եւ ավելացրեց, որ անտեղյակ է գյուղում այդ թերթի վաճառքի մասին: Մեզ չհաջողվեց հանդիպել աճուրդի մյուս մասնակցին: Վերջինս, չգիտես ինչու, այդպես էլ չներկայացավ, եւ աճուրդը չկայացավ:

Ապրիլի 26-ին հողերի աճուրդը չկայացավ նաեւ Արգել գյուղում, որտեղ օտարման էր դրված 1500 քմ մակերեսով 5-րդ կարգի գյուղական նշանակության մեկ հողակտոր: Համայնքապետը նշեց, որ աճուրդի մասին հայտարարությունից հետո Կադաստրի պետական կոմիտեից տեղեկացրել էին մարզպետարանին, որ գործընթացում օրենքի խախտում կա, մարզպետարանն էլ համապատասխան գրություն էր ուղարկել Արգելի համայնքապետարան, եւ աճուրդը կասեցվել էր: Ըստ ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման` գյուղատնտեսական նշանակության հողերի աճուրդի դեպքում մեկ լոտով օտարվող հողամասի նվազագույն չափը չի կարող պակաս լինել տվյալ համայնքում սեփականաշնորհված 1 հողաբաժնի չափից: Արգելում այն 2000 քմ է կազմում:

Համայնքապետը նշեց, որ Արգելում, ըստ քարտեզի, իրենք 2000 քմ-ից պակաս մակերեսով մի շարք գյուղնշանակության հողակտորներ` լոտեր ունեն առանձին համարներով: «Պիտի դիմենք մարզպետարան, տեսնենք` այդ հարցն ինչպես է լուծվելու»,- նշեց Մ. Ավագյանը` սակավահող Արգելի համար նշված սահմանափակումը աբսուրդ համարելով:

Ժամանակին Արգելն «ավանի» կարգավիճակ է ունեցել, ինչը թույլ չի տվել վարելահողեր ունենալ: Խորհրդային տարիներին մոտ 2200 հա հող տրվել է հարեւան գյուղերին` Նոր Գեղի, Քարաշամբ, Թեղենիք եւ այլն: 1996 թ. տեղական ինքնակառավարման համակարգի հաստատումից հետո դրվել է Արգելի` քաղաքի կամ գյուղի կարգավիճակ ստանալու հարցը: Գյուղի ղեկավարները նախապատվությունը տվել են գյուղին` այդ կերպ ցանկանալով ետ վերադարձնել իրենց հողերը: Սակայն 1991 թ. սեփականաշնորհումից հետո հողերը, բնականաբար, բաժանվել էին հարեւան գյուղերի բնակիչներին: Ընդամենը 200 հա հող է վերադարձվել Արգելին: Այդ իսկ պատճառով թանկ է յուրաքանչյուր հողակտորը:

Ապրիլի 26-ին հայտարարված աճուրդը, փաստորեն, չկայացավ: Սակայն համայնքապետը հավաստիացրեց, որ ցանկացողներ շատ կային: Աճուրդի մասին հայտարարությունը տրվել էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, սակայն այդ մասին լրացուցիչ գյուղացիներին տեղեկացվել էր գյուղի մարդաշատ վայրերում փակցված հայտարարություններով, ինչը Մ. Ավագյանը անհրաժեշտություն համարեց: «Գյուղացին անպայման պիտի իմանա: Մեր գյուղում բյուջեն կոնկրետ գույքահարկի եւ հողի հարկի հավաքագրումից է: Վաճառվող հողեր շատ քիչ ունենք, ու մենք ենք շահագրգռված, որ իրազեկենք, որ աճուրդը կայանա: Ինչքան շատ մարդ իմանա այդ մասին, այնքան մեր օգուտն է»,- նշեց համայնքապետը:

Հ.Գ. Գառնիի համայնքապետի հետ մեր հարցազրույցից հետո վերջինս հեռախոսազանգ ստացավ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Արամ Բաբայանից այն մասին, որ տաճարի կողքին «ինչ-որ քարտեզ» են փակցրել: Մենք հետեւեցինք այնտեղ ուղեւորվող համայնքապետին: Գառնիի տաճարից մի քանի քայլի վրա փակցված էր մոտ 6x3 չափի քարտեզ, որի վրա Իբերիան էր, Կոլխիդան ու Ալբանիան, մինչդեռ քարտեզը վերնագրված էր` «Մեր պատմությունը»: Ըստ Ա. Բաբայանի` հարեւան պանդոկի գովազդային նպատակով արված քարտեզը կարող էր հակասական կարծիքներ ստեղծել զբոսաշրջիկների մոտ: «Ինդոնեզիայից տուրիստը կգա, կտեսնի Իբերիան, Կոլխիդան ու Ալբանիան, վրան էլ` մեր պատմությունը, կասի` էս հայերը պատմություն չունեն»: Քարտեզը հանրապետության ամենանախընտրելի զբոսավայրերից մեկի հարեւանությամբ փակցված էր ավելի քան 10 օր, զարմանալի է, բայց համայնքի ղեկավարը դրանից անտեղյակ էր: Մինչդեռ գովազդատուն թույլտվություն պետք է ստանար համայնքապետարանից եւ հարկ վճարեր արտաքին գովազդի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter