HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

«Բաքվաշենում» կամ գարշահոտություն է, կամ` խցանումներ

Խնդրի լուծման բոլոր ճանապարհները տանում են դեպի քաղաքապետարան

Բյուրեղավանում մեզ հանդիպած բնակիչներն անտեղյակ էին, թե որտեղ է գտնվում քաղաքի Բ1 թաղամասը. այնպիսի տպավորություն էր, թե սխալ հասցեով ենք գնացել:

Երբ բացատրում էինք, որ խոսքը փախստականներով բնակեցված թաղամասի մասին է, անցորդները բացականչում էին. «Հա՜, ձեզ Բաքվաշենն ա պետք»: Իսկ Բաքվաշեն հասնելու համար անհրաժեշտ էր մոտ 500 մետր ոտքով սարն ի վեր մագլցել: Արահետի սկզբնամասում սարի մեջ փորված աստիճաններ էին` «Բաքվաշենի կասկադը», որ դեռ նախորդ քաղաքապետի կառավարման շրջանում էր արվել, իսկ ավելի վերեւում անանցանելի հողակույտեր էին, որոնք վկայում էին վերջերս քանդված ու տեղահանված խողովակների մասին: Ճանապարհին մեզ հանդիպած հովիվները հուսադրում էին, որ ուղուց չենք շեղվել, մինչդեռ Բաքվաշենն այդպես էլ չէր երեւում: Ավելի ուշ տեղեկացանք, որ այս ճանապարհով լրագրողները միայն մեկ անգամ են անցել, սակայն բնակիչների հոգսերի մասին պատմող հոդվածը այդպես էլ չի հրատարակվել: 

«Ես երկու ուսանող երեխա ունեմ, մեկը` դպրոցական: Հիմա աղջիկս գալու ա դասից, ու պիտի կոշիկ իջացնեմ, որ հագնի գա»,- պատմեց թաղամասի բնակիչներից մեկը:

Ավտոճանապարհը համեմատաբար երկար է եւ հետիոտներին հարմար չէ, «տաքսուն էլ ամեն օր չես կարող 500 դրամ վճարել»: Գումարը խնայում են գնումների համար, քանի որ թաղամասում խանութ չկա: Մի փոքր կրպակ է, որտեղ, բնակիչների խոսքերով, կարող ես միայն հաց գտնել, աղ ու մակարոնեղեն: Թաղամասին հաց մատակարարող մեքենայի վարորդը պատմեց, որ ձմռանը ճանապարհներն ամբողջությամբ փակվել էին, ու իրենք նույնիսկ հաց չէին բերում:

Խնդրի մասին քաղաքապետարանում լավատեղյակ են, սակայն ճանապարհի կառուցումը մեծ ծախսեր է պահանջում: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը նշեց, որ այս տարի ուշացրել են, սակայն հաջորդ տարի փորձելու են դիմել կառավարությանը` աջակցություն ստանալու ակնկալիքով:

Բ1 թաղամասը բնակեցվել է 1995 թ.: Արցախյան շարժման տարիներին նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից տեղահանված հայության մեծ մասն ապաստանեց Հայաստանում: Այդ օրերին առաջնահերթություն էր փախստականին հանձնել «իր չորս պատը», բնականաբար, երկրորդ պլան էին մղվում լուսավորությունը, գազաֆիկացումը, կոյուղին, ասֆալտապատումը եւ այլն: Այդ խնդիրներն իրենց աստիճանական լուծումը ստացան տարիներ անց, բնակիչների համառ դժգոհություններից հետո միայն: Օրինակ` Չարենցավան քաղաքում 1993-95 թթ. շահագործման հանձնված 90 քոթեջների եւ հարակից 2 շենքերի բնակիչներին հաջողվեց թաղամասը գազաֆիկացնել միայն 2007 թ. վերջին, իսկ ասֆալտապատման հարցը դեռ չի լուծվել, որովհետեւ շատ մեծ գումարներ են անհրաժեշտ, որպիսիք համայնքը չունի:

Ճանապարհի բարեկարգման խնդիր կա նաեւ Բյուրեղավանի` փախստականներով բնակեցված Բ1 թաղամասում: Եթե Չարենցավանում խնդիրը կարող է լուծվել ասֆալտապատմամբ, ապա Բյուրեղավանում ճանապարհ է պետք կառուցել: Սակայն բնակիչների հոգսերը միայն ճանապարհով չեն սահմանափակվում: Բյուրեղավանում ի սկզբանե նախագծված է եղել կառուցել նմանատիպ 4 թաղամաս, մանկապարտեզ, մարզադաշտ, դպրոց: Նախագծերի մասին այսօր կիսակառույցներն են հիշեցնում: Բուն թաղամասում նախատեսված է եղել կառուցել 32 շենք, սակայն ավարտին է հասցվել միայն 12-ի շինարարությունը` յուրաքանչյուրը 8 բնակարանով:

Թաղամասի բնակիչ Լյուբա Պիռ-Բուդաղյանը պատմեց, որ ժամանակին «Հայրենադարձ» շինարարական կոոպերատիվ է գործել, որտեղ գրանցված են եղել մոտ 1200 փախստական ընտանիքներ: Բոլորը գումար են ներդրել, յուրաքանչյուրը` իր հնարավորությունների սահմանում, մեկը` 30 %, մյուսը` 100 %: «Սակայն հետո ինֆլյացիան հետեւեց, փողերը փոխվեցին, կոպեկներ դարձան: Ոչ մի կերպ չկարողացանք կառուցել: Մնացել էին 12 շենքերի ներսի աշխատանքները: ՄԱԿ-ի միջոցով հովանավոր գտանք, ու նա վերջացրեց ներքին աշխատանքները»,- ասաց Լյուբա Պիռ-Բուդաղյանը: Ընդհանուր հաշվարկով` թաղամասում կա 96 բնակարան, սակայն դրանց մի մասը դատարկ է. բնակիչները բացակայում են քաղաքից: Հարեւանները բացատրում են, որ պատճառը վատ կենսապայմաններն են:

Թաղամասի թիվ մեկ խնդիրը կոյուղագծի բացակայությունն է: Ժամանակին չի թույլատրվել կոյուղագիծը միացնել քաղաքի կենտրոնական հավաքիչ կայանին (կոլեկտոր), եւ շենքերից որոշակի հեռավորության վրա մեծ փոս է փորվել, որտեղ էլ խողովակներով տեղափոխվել են կոյուղաջրերը: Սակայն ջրահեռացումը միայն 2-3 ամիս է իրականացվել: Բնակիչների խոսքերով` տեղաբնակները կոտրել են խողովակները, կոյուղագիծը վնասվել է ու 1995 թվականից ի վեր չի գործում: Կեղտաջրերը լցվում են շենքերից մոտ երեք մետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ հորերը, որտեղով նախկինում խողովակներն են անցել:

Ամռանն ու ձմռանը ահազանգերը խստանում են: Մի դեպքում գարշահոտություն է ու ճանճեր, մյուս դեպքում էլ` խցանումներ: Նախորդ ձմռանը կոյուղաջրերն այստեղ այնքան են հավաքվել, որ սառել են, խցանվել եւ քաղաք են իջել` ողողելով փողոցները: Քաղաքապետարանից եկել են, մեքենաներ բերել, տեղանքը մաքրել: Բայց պատմությունը նորից կրկնվել է:

Այս տարիների ընթացքում բնակիչները բազմիցս դիմել են տարբեր ատյաններ, ինչպես իրենք են ասում` բոլոր հնարավոր մարմիններին` քաղաքապետարան, մարզպետարան, սանէպիդկայան, հանրապետության նախագահին: «Նույնիսկ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի գրասենյակ ենք դիմել, բայց երեւի նամակը իրեն չի հասել, եթե հասներ, անպայման կօգներ»,- վստահ էր թաղամասի բնակիչներից մեկը:

Խնդրին արձագանքել է հանրապետության նախկին նախագահը: Քաղաքապետարանում տեղեկացանք, որ դեռ 4 տարի առաջ Ռ. Քոչարյանի հետ քննարկվել են ձեռնարկվելիք քայլերը: Սակայն նախահաշիվները ցույց են տվել, որ միայն կոյուղագծի կառուցումը 0,5 մլն դոլար է արժենալու: Դրան գումարվում են նաեւ ճանապարհաշինական ծախսերը, տանիքների վերանորոգումը եւ այլն: Նախկին նախագահի հետ ունեցած քննարկումների ընթացքում լավագույն տարբերակ է համարվել այն, որ բնակիչների համար նոր բնակարաններ ձեռք բերվեն, եւ նրանք տեղափոխվեն այլ թաղամասեր: Սակայն լուծման այս տարբերակն այդպես էլ թղթի վրա է մնացել:

Բյուրեղավանի փոխքաղաքապետ Էդիկ Պողոսյանի հավաստմամբ` այժմ իրենք են փորձում ինչ-որ քայլեր ձեռնարկել: «Խողովակները հավաքել ենք, ուզում ենք գործարանի գծին միացնել, գիծը կարճացնել: Ձեռքի հետ անում ենք»: Ըստ բնակիչների` քաղաքապետարանի նշած կոյուղու կոլեկտորն իրենց շենքերի հետ միեւնույն բարձրության վրա է գտնվում: Իսկ օրական մեկ ժամ ջուր ունենալու պայմաններում դժվար թե կոյուղաջրերը հասնեն հավաքիչ կայան: Մեծ է խցանումների հավանականությունը:

Այն, որ խողովակները քանդվել ու տեղափոխվել են, դեռ չի նշանակում, որ աշխատանքների սայլը տեղից շարժվել է: Ոլորտի հետ առնչություն ունեցող բարձրաստիճան մի պաշտոնյա մեզ տեղեկացրեց, որ Բյուրեղավանի քաղաքապետը քանդել ու վաճառել է խողովակները: Բնակիչները հաստատեցին նրա ասածը. «Քաղաքապետարանը 8 խողովակ է վաճառել»: Խողովակների հետագա վաճառքը կանխելու համար բնակիչներն իրենց միջոցներով ներկ են գնել ու համարակալել մնացած խողովակները: Այդ մասին տեղյակ են պահել նաեւ տեսուչներին:

Բնակիչները մեկ այլ հնարք էլ են գտել. իրենց խոսքով` քաղաքապետարանին վախեցնում են, թե խնդրի մասին տեղյակ կպահեն համաճարակաբաններին, եւ դա օգնում է, որպեսզի համայնքապետարանը միջոցներ ձեռնարկի կուտակված աղբը մաքրելու համար:

Զարմանալի է, սակայն Պետական hիգիենիկ եւ hակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային կենտրոնում կոյուղու բացակայության մասին անտեղյակ էին: Կենտրոնի պետ Անահիտ Մելիքյանի խոսքով` իրենք երբեւէ ահազանգ չեն ստացել ո՛չ համայնքից, ո՛չ էլ բնակիչներից: Մինչդեռ կեղտաջրերը հավաքվում են շենքերի բակում: Այդ կեղտաջրերով էլ «ոռոգվում են» բնակիչների բանջարանոցներն ու այգիները: Սովորական են դարձել նաեւ կուտակումները, խցանումներն ու գարշահոտությունը:

Երբ խնդրի բնապահպանական կողմի մասին փորձեցինք խոսել Բնապահպանության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնում, մեզ ասացին, որ դա քաղաքաշինական խնդիր է, որի համար նախեւառաջ պատասխանատու են համայնքի ղեկավարն ու համաճարակաբանները, ովքեր շահագործման հանձնվելու թույլտվություն են տվել կոյուղի չունեցող շենքերին, ինչպես նաեւ` ջրահեռացումն իրականացնող ընկերությունը: Ավելի ուշ պարզեցինք, որ շահագործման պահին խնդիրն առկա չի եղել, այն ի հայտ է եկել 2-3 ամսից: Թեեւ վիճելի է այն հանգամանքը, թե որքանով է թույլատրելի կեղտաջրերը սարի վրա փորված փոսում հավաքելը: Բնապահպանության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալ Արսեն Պետրոսյանի խոսքով` եթե նույնիսկ փորձենք խնդիրը բնապահպանական տեսանկյունից դիտել, ապա անհրաժեշտ է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ բնապահպանական խնդիրների առաջին պատասխանատուները համայնքի ղեկավարներն են: Նշենք, որ բնակելի 12 շենքերն այսօր գտնվում են համայնքապետարանի հաշվեկշռում:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղում էլ մեզ տեղեկացրին, որ իրենք ընդունել են այդ շենքերի ներքին ցանցը միայն եւ արտաքին կոյուղատարի համար պատասխանատու չեն: Այսինքն` զբաղվում են բնակարաններից կեղտաջրերի հեռացմամբ, եւ իրենց գործառույթների մեջ չի մտնում այն, թե որտեղ են դրանք կուտակվում:

Նախընտրական հանդիպումների ժամանակ բնակիչները նամակով դիմել էին նաեւ Սերժ Սարգսյանին: Նամակն այնուհետեւ Հրազդան էր ուղարկվել, Հրազդանից էլ` Բյուրեղավան: Փաստորեն, խնդրի լուծման բոլոր ճանապարհները տանում են դեպի քաղաքապետարան, իսկ այստեղ փակուղային նույն պատասխանն է` միջոցներ չկան: Այնուամենայնիվ, խոստումներ տրվում են:

Բնակիչներն իրենց խնդիրների մասին բարձրաձայնում են 1996-ից ի վեր եւ, չնայած առկա հոգսերին, այստեղ ապրում են մեկ մեծ ընտանիքի նման եւ իրենց «Բաքվաշենը» լքելու ցանկություն չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter