HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

«ՀՀ» օրաթերթում հայտարարություն զետեղելը լիարժեք աճուրդ չի ապահովում

Չարենցավանի քաղաքապետարանի ֆֆինանսական եւ տնտեսական վերլուծության բաժնի պետ, քաղաքապետարանին կից աճուրդային հանձնաժողովի աճուրդավար Ալեքսանդր Սահակյանն ասում է, որ Չարենցավանում տեղի ունեցող աճուրդների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն Չարենցավանի, այլեւ հանրապետության մյուս մարզերի բնակչությունը:

1997-ից աճուրդավարի փորձ ունեցող Ալեքսանդր Սահակյանն ակնհայտորեն լավ է տիրապետում իր գործին, բայց դժվար է միանշանակ պարզել, թե Չարենցավանում իրականացվող աճուրդների նկատմամբ նրա նկարագրած հետաքրքրության աստիճանը որքան մեծ է: 

Հունիսի 16-ին Չարենցավանի քաղաքապետարանում միանգամից 4 հողատարածքների եւ մեկ նկուղային տարածքի (Չարենցավանի 7-րդ թաղամասի 13-րդ շենքի 2/1 շինարարության բացվածքի) աճուրդ էր անցկացվում: Հասարակական կառուցապատման նպատակով քաղաքապետարանի ավագանու որոշմամբ աճուրդի հանված հողակտորների եւ նկուղային հատվածի համար աճուրդը կայացավ բավական արագ: Մոտ 10 անդամներից բաղկացած աճուրդային հանձնաժողովը, աճուրդավար Ալեքսանդր Սահակյանի ղեկավարությամբ, մոտ 20 րոպեում կարողացավ իրականացնել աճուրդը, որոնցից յուրաքանչյուրի համար 2-ական հայտ էին ներկայացրել: Քանի որ աճուրդը ենթադրում է մրցակցություն, հավանաբար այդ պատճառով էլ ապահովվել էր երկրորդ անձի մասնակցությունը:

Դասական աճուրդային եղանակով 4 հողերի ու նկուղային տարածքի օտարումը կայացավ 2 քայլով, մեկ քայլի չափը` 5 տոկոս, 1քմ տարածքի կադաստրային մեկնարկային արժեքը` 2940 դրամ: Բոլոր 5 աճուրդներն էլ կայացան 2 քայլով, մինչդեռ աճուրդը սկսելուց առաջ Ալեքսանդր Սահակյանը հույս ուներ, որ քայլերն ավելի շատ կլինեն: «Աճուրդ է եղել` մինչեւ 55 քայլի հասել ենք»,-հպարտությամբ ասաց նա: Բազմաթիվ քայլերով աճուրդ իրականացնելու նրա ցանկությունը կիսում էին նաեւ աճուրդային հանձնաժողովի անդամները, որոնցից մեկն անգամ ասաց. «Ինչքան շատ քայլ լինի, այնքան լավ մեզ համար, քաղաքապետարանի բյուջեն կհարստանա»: Միգուցե բացարձակ օտար մարդկանց դեպքում աճուրդի քայլերն ավելի շատ լինեին, բայց կոնկրետ այս պարագայում դրանք սահմանափակվեցին 2-ով:

Պարզորոշ երեւում էր, որ յուրաքանչյուր աճուրդի մասնակից 2 անձանցից մեկին քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի անդամները ճանաչում էին: Նրանք միմյանց դիմում էին անունով կամ ազգանունով, խոսում շատ մտերմիկ տոնով: Աճուրդի մի քանի մասնակիցներ կարգը լավ չիմանալու կամ լավ չըմբռնելու պատճառով իրենց տոմսակները մի քանի անգամ բարձրացրին` արդյունքում իրենց նախանշած արժեքից ավելի բարձր գին վճարելով ձեռք բերվող հողակտորի համար:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե մարդիկ ծանոթ չէին աճուրդի կարգին եւ ստիպված եղան ավելին վճարել, Ալեքսանդր Սահակյանն ասաց, թե հայտը ներկայացնելիս իրենք բացատրել են աճուրդի կարգը: Այն ներկայացվեց նաեւ աճուրդը սկսելուց առաջ, սակայն մասնակիցներն այդպես էլ չըմբռնեցին կարգը: Աճուրդի ավարտից հետո նրանցից երկուսը քաղաքապետարանի միջանցքում շփոթված ասում էին, թե իրենք չգիտեին, որ գումարն այդքան կկազմեր:

Անցկացվող աճուրդի մասին քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, բայց արդյո՞ք այդ մասին բնակչությանը տեղեկացրել էին, աճուրդավար Ա. Սահակյանը տեղյակ չէր: «Դրանով զբաղվում է մեր մամուլի քարտուղարը, որն այս պահին երկրում չէ, ու չգիտեմ` քաղաքում ցուցանակներին աճուրդի մասին տեղեկություն փակցրե՞լ է, թե՞ ոչ: Չնայած` օրենքով մենք պարտավոր չենք դա անել, քանի որ մինչեւ 3000 տպաքանակ ունեցող թերթում մեկ ամիս առաջ հայտարարություն ենք տվել»,- ասաց նա:

Քաղաքի հրապարակում տեղադրված տեղեկատվական ցուցանակին, ինչպես նաեւ քաղաքապետարանի հայտարարությունների համար նախատեսված ցուցանակին աճուրդի մասին որեւէ տեղեկության մենք չհանդիպեցինք: Սակայն, դրական մի քանի երեւույթներ նկատեցինք: Չարենցավանի քաղաքապետարանի հայտարարությունների ցուցանակին, ինչպես հենց հրապարակում տեղադրված ցուցանակներին, փակցված էին քաղաքապետարանի ավագանու որոշումները, տեղեկություններ բյուջեի կատարողականի, գույքի պարտքի մասին: Սա, իսկապես, հետաքրքրական էր, որովհետեւ համայնքի աշխատանքների մասին հաշվետվություններն ու կատարողականները լավագույն դեպքում փակցվում են համայնքապետարաններում:

Շուրջ երկու տարի է Չարենցավանի քաղաքապետարանի առաջին հարկում` քաղաքացիների ընդունելության բաժնում, տեղադրված է սենսորային համակարգիչ, որից ցանկացողները կարող են անվճար օգտվել:

Համակարգչի միջոցով կարելի է ծանոթանալ քաղաքապետարանի բյուջեին, ավագանու որոշումներին, տեղական ինքնակառավարմանը վերաբերող տեղեկություններին:

Քաղաքապետարանի ընդունելության բաժնի աշխատակից Անահիտ Վարդանյանն ասում է, որ համակարգչով հետաքրքրվողները շատ չեն, բայց լինում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter