HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհաքաղաքական պատանդ լինելու իրական եւ վիրտուալ սահմանները

Կային մի քանի պատճառներ, թե ինչու հենց հիմա (մայիս-հունիս ամիսներին) մենք ձեռնարկեցինք հայ եւ ադրբեջանցի փորձագետների (յուրաքանչյուր կողմից չորսական մասնագետների) հարցումները Ղարաբաղյան հակամարտության մեջ արտահայտվող աշխարհաքաղաքական շահերի թեմայով:

Չէ որ տարածված կանխատեսումներով 2007-2010 թթ. բանակցային գործընթացում էական տեղաշարժեր չեն սպասվում: Ճիշտ է, ոչ Կոսովոյի ճանաչումը, ոչ Ադրբեջանի ակտիվ, բայց դեռեւս միայնակ ջանքերը միջնորդ կազմակերպության եթե ոչ ողջ ձեւաչափը փոխելու, ապա գոնե ԵԱՀԿ ՄԽ կազմը մասնակիորեն խմբագրելու համար, ոչ էլ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու Ադրբեջանի բացահայտ ցուցադրվող տրամադրվածությունը մեծ հաշվով փոփոխություններ դեռ չեն առաջացրել:

Բայց ճիշտ է նաեւ այն, որ որոշակի պայմաններում այս իրողությունները կարող են դառնալ ներկայիս իրավիճակի շրջադարձի գլխավոր գռգռիչները: Ի՞նչ նոր բան կարելի է գտնել Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետների` թվում է այնպիսի մի հավերժական եւ արդեն ամեն առումով վերլուծված թեմայով պատասխաններում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտության մեջ դրսեւորվող աշխարհաքաղաքական շահերն են: Եվ, հակառակը, հարցված մասնագետների ո՞ր գնահատականները դուրս չեն գալիս ընդունված ստանդարտներից: 

Ղարաբաղյան հակամարտության մեջ արտահայտվող եւ նրա վրա ազդող աշխարհաքաղաքական շահերն այսօր էլ, ինչպես նախորդ տարիներին, ամենաակտիվ քննարկվող նյութերից մեկն է: Ավելի հաճախ եւ ավելի շատ, քան հակամարտության հետեւանքով առաջ եկած ներքին խնդիրներն ու երեւույթները:

Այս մասով ընդհանուր առմամբ ավելի շատ ըմբռնում է ցուցաբերվում: Նույնիսկ ներքին լարվածությունների փուլերի ժամանակ, երբ սովորաբար սկսում են շրջանառվել այնպիսի փոխադարձ մեղադրանքներ, ինչպիսիք են` «հակամարտությունը չի լուծվում իշխանությունների ոչ լիարժեք լեգիտիմության (կամ էլ դրա առհասարակ բացակայության) պատճառով» եւ «հակամարտության վրա ազդում է այն, որ ընդդիմադիր ուժերի համար առաջնային են ոչ թե համազգային ու պետական, այլ ներքաղաքական, կորպորատիվ շահերը»:

Չնայած, որ հակամարտության հետ կապված ամեն մի հարցի մենք եւ ադրբեջանցիները վերաբերվում ենք համեմատելի զգացականությամբ, իրավիճակի վրա դրսի ազդեցության մասին դիսկուրսն ավելի կատեգորիկ է: Այդ ազդեցությանը տրվում է եթե ոչ ամենավճռական, ապա կարեւորագույն նշանակություն, այդ ազդեցության մասին հայերի եւ ադրբեջանցիների դատողություններում քիչ տեղ կա հնարավորությունների, հավանականությունների տարբերակների համար, այստեղ ամեն ինչ ասվում է չսխալված լինելու վստահությամբ:

Փորձագետներից յուրաքանչյուրը մեր առաջադրած հարցերին պատասխանել է սեփական, կոնկրետ ու տրամաբանական կուռ կառույցների սահմաններում, եւ հարցից հարց այդ պատասխանները միմյանց չեն հակասում: Հակասություններն ու մտքերի բազմազանությունը դրսեւորվում են ստացված ողջ նյութն ուսումնասիրելիս, եւ ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների, այլեւ միեւնույն կողմը ներկայացնողների արտահայտած կարծիքներում:

Եթե ի մի բերենք Ղարաբաղյան հակամարտությանը տրված բոլոր բնութագրումները, ապա կտեսնենք, որ որքանով այն տարբերվում է ետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից, գրեթե նույնքան հատկանիշներով էլ նման է Աբխազական, Հարավ-Օսական, Մերձդնեստրյան, եւ նույնիսկ Չեչենական հակամարտություններից որեւէ մեկին:

Զարմանալի չէ, որ եթե հայ փորձագետների համար կարեւորագույն տարբերությունն այն է, որ «Ղարաբաղի բնակչությունը լիակատար վերահսկում է իր տարածքները», կամ էլ «մյուսների համեմատ Լեռնային Ղարաբաղում պետականությունը ձեւավորման ավելի բարձր մակարդակի է հասել», ապա ադրբեջանցի փորձագետների համար առանձնահատկություն է հակամարտության իրեդենտությունը (Ա. Յունուսով` «թեեւ Ղարաբաղն իրեն ներկայացնում է իբրեւ անկախ պետություն, սակայն ամենեւին էլ պատահական չէ, որ տնտեսական տեսանկյունից նա Հայաստանի մի մասն է») կամ էլ «սեցեսիան» (Թ. Ջուվարլի` «մայր երկրի» հետ միավորվելու, ուրիշի կամ էլ վիճարկելի տարածքները աննեքսիայի ենթարկելու փորձը»):

Սակայն բնութագրումների այս տարբերությունը չի գրավում ուշադրությունը, ի վերջո հակամարտությանը վերաբերող շատ բան է առաջ բերում հայերի ու ադրբեջանցիների խիստ բեւեռային գնահատականներ ու փաստարկներ: Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ չափազանց հպանցիկ է հիշատակվում Ղարաբաղյան հակամարտության այն կարեւորագույն տարբերությունը, որը կապված է պատերազմի հետ:

Մինչդեռ` հենց Ղարաբաղյան հակամարտության գոտիում են պատերազմի տարիներին եղել մարդկային ամենաշատ զոհերը, որոշ ժամանակից սկսած հենց Ղարաբաղյան հակամարտության դեպքում է բացահայտորեն ու պաշտոնապես հայտարարվում ռազմական ռեւանշի գնալու մտադրվածության մասին:

Հարցված ութ փորձագետներից միայն մեկն է (Ս.Սարգսյան) անդրադառնում պատերազմի թեմային, նշելով որ այժմ «հակամարտության գոտում բաժանարար գիծն ամենահագեցածն է ինժեներատեխնիկական տեսանկյունից» եւ «ռազմական գործողությունների լիամասշտաբ վերսկսման դեպքում հակամարտությունը կվերածվի միջպետական բացահայտ բախումների»:

Արժե ավելացնել, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կսկսվի ոչ թե պարզապես պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, այլ կծավալվեն ավելի լայն միջազգային բախումներ, որոնց հետեւանքներն ու արդյունքները հիմա կանխատեսելը շատ դժվար է: Եվ սա ղարաբաղյան հակամարտության գլխավոր առանձնահատկությունն է ներկայումս:

Ղարաբաղյան հակամարտության շուրջ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեկնաբանվում է տարբեր ձեւով, այդ հավասարակշռությանը տրվում են տարբեր բովանդակություն, բեւառային գնահատականներ:

Այսպես, փորձագետներից ոմանց կարծիքով (Ա Յունուսով, Թ. Ջուվարլի) հավասարակշռությունը նախեւառաջ դրսի մասնակիցների (ԵԱՀԿ ՄԽ երկրների, եվրոկառույցների, Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից Թուրքիայի ու Իրանի, եւ նույնիսկ հեռավոր Չինաստանի) այստեղ ունեցած շահերի հակասության արդյունքն է:

Եթե այդպես է, ուրեմն հենց այդ պատճառով է անցած 14 տարիների ընթացքում ինքնուրույն, առանց խաղաղապահ ուժերի ներկայության պահպանվում կրակի դադարեցման ռեժիմը, այլ ոչ թե այն պատճառով, որ նույնիսկ այսպիսի խաղաղության պահպանումը եւ այսպիսի քաղաքական բանակցություններ վարելը ձեռնտու է նախեւառաջ հակամարտության կողմերին:

Մյուս փորձագետները (օրինակ` Ս. Սարգսյանը) համարում են, որ «աշխարհաքաղաքական հավասարակշռությունը բոլոր ռեալորեն հնարավոր իրադրություններից առավել ընդունելի վիճակն է», եւ «ներկա ժամանակահատվածում ընդունելի վիճակը խաղաղությունն է»: Սակայն կարող է լինել նաեւ շահերի հավասարակշռություն դրան հակադիր իրավիճակի` պատերազմի, հարցում:

Հավասարակշռության մի քանի տարբերակների առկայությունը ստիպում է հակամարտության հիմնական կողմերին մշակել գործողությունների համապատասխան սցենարներ: Հետեւաբար` ինչպես խաղաղ իրավիճակի պահպանումը, այնպես էլ ռազմական գործողություններին անցնելը հնարավոր է աշխարհաքաղաքական համաձայնության դեպքում, եւ այն մտավախությունը, թե լայնածավալ պատերազմը կարող է սկսվել «պատահաբար, ինքն իրեն» եւ կամ միակողմանի, ոչ կոլեկտիվ որոշման արդյունքում, այսօր հիմնավոր չէ:

Առաջին հայացքից թվում է, թե երկու հայ փորձագետների գնահատականները հավասարակշռության ազդեցության մասին հակադիր բեւեռային են. «այդ հավասարակշռության շնորհիվ պահպանվում է խաղաղությունը, բայց միեւնույն ժամանակ այդ հավասարակշռության պատճառով մինչ օրս չկա կարգավորման տարբերակ» (Ռ.Սաֆրաստյան) եւ «դերակատարների միջեւ հավասարակշռության խախտման դեպքում դոմինանտ պետությունը կսկսի թելադրել իր պայմանները, հետեւաբար` կարգավորման գործընթացը մեծապես կախված է աշխարհաքաղաքական հավասարակշռությունից» (Ս.Մովսիսյան):

Սակայն ակնհայտ է, որ առաջին դեպքում որպես հիմք է ընդունվում հարցի լուծումը կողմերից մեկի համար հնարավոր եւ առավելագույնս ընդունելի տարբերակով, երկրորդ դեպքում` կարգավորում երկուստեք ընդունելի պայմաններով (եթե այդպիսիք դեռ հնարավոր է մշակել):

Մնացած բոլոր փորձագետների գնահատականներից տարբերվում է, բայց Ադրբեջանում միակը չի, փորձագետ Է. Մեհթիեւի պնդումը, որ հավասարակաշռությունն առաջացել է ոչ թե արտաքին ուժերի մրցակցության (այսինքն` հակադիր նպատակների), այլ այն բանի պատճառով, որ բոլորն են ուզում ստիպել Ադրբեջանին համակերպվելու Ղարաբաղի կորստի հետ:

Բազմատարր, բազմակողմանի, ներքին ու արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական, մշակութային ու հոգեբանական եւ մի շարք այլ բաղկացուցիչներից կազմված այս հավասարակշռությունը փորձագետների մի մասի մոտ առաջացնում է այն զգացողությունը, որ հայ եւ ադրբեջանական կողմերը դատապարտված են ընդամենը ռեֆլեքսիվ արձագանքելու գլոբալ միջազգային գործընթացներին (Ա.Յունուսով` «Հայաստանն ու Ադրբեջանն արտաքին դերակատարների գլոբալ աշխարհաքաղաքական առճակատման պատանդներն են», Թ. Ջուվարլի` «արտաքին դերակատարների ազդեցությունն իրեն զգացնել է տալիս տարածաշրջանում լարվածության ահագնացումով եւ թուլացումով»):

Ուրիշ մասնագետներ վստահ են, որ «ազդեցությունը հակառակ ուղղությունն ունի, այս սյուժեում Հայաստանն օգտագործում է Ռուսաստանին, եւ ոչ հակառակը, ինչպես ընդունված է կարծել, Ադրբեջանն օգտագործում է ԱՄՆ-ին ու Թուրքիային, եւ ոչ հակառակը» (Ա.Իսկանդարյան), որ «մենք քիչ գիտենք այն մասին, որ Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ն, Թուրքիան ու Իրանն իրենք կարող են լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոչ գծային գործընթացների պատանդները» (Ն. Մեհթի):

Եվ շահերի վրա այս բազմակողմ ու միաժամանակյա խաղի (արտաքին ուժերի խաղը հակամարտության կողմերի շահերի վրա, հակամարտության կողմերի խաղը արտաքին ուժերի շահերի վրա), իսկապես ստեղծում են բոլորի պատանդ լինելու տպավորություն:

«Սովորաբար Ղարաբաղյան հակամարտության շուրջ շահեր» ասելով առաջին հերթին եւ գլխավորապես հասկանում են այլ երկրների (խոշոր ու միջին, սահմանակից ու հեռավոր) ունեցած անմիջական ու միջնորդավորված, քաղաքական ու «զուտ» պրագմատիկ, տնտեսական հետաքրքրություններ:

Մինչդեռ, Հայաստանում ու Ադրբեջանում հակամարտությունն ունի բավական ակտիվ, Լեռնային Ղարաբաղում (նրա դեռեւս ճանաչված չլինելու պատճառով) թույլ արտահայտվող արտաքին քաղաքական գործառնություն: Աշխարհաքաղաքական առաջնահերթությունների ողջ այս զանգվածում հայկական ու ադրբեջանական շահերի այսպիսի ընկալումը սկսեց ամրապնդվել այն ժամանակվանից, երբ պարզ դարձավ հակամարտության միջազգային նշանակությունը:

Աշխարհաքաղաքականության նշանակության հարցում տարածված է երկու բացատրություն: Առաջինի համաձայն ոչինչ կախված չէ հակամարտության կողմերից, եւ կարգավորում կլինի այն ժամանակ, երբ դա ձեռնտու կդառնա գերտերություններին:

Ըստ երկրորդ կարծիքի` կարգավորումը կախված է միայն հակամարտող կողմերից, եւ լուծումը միայն «աշխարհաքաղաքական բարդ գործընթացներով» պայմանավորելը կողմերի համար ընդամենը հարմար արդարացումներ են:

Մենք խնդրել էինք փորձագետներին պարզաբանելու, թե այս երկուսից ո՞ր բացատրությունն են նրանք ավելի հիմնավոր համարում: Նրանց մի մասը (Սաֆրաստյան, Մովսիսյան, Յունուսով, Ջուվարլի) կարծում են, որ ճիշտ են երկու պատճառաբանություններն էլ. կարգավորման համար պետք է լինի համընդհանուր համաձայնություն, եւ արտաքին ուժերի, եւ հակամարտող կողմերի միջեւ:

Ս. Սարգսյանի եւ Ն. Մեհթիի տեսանկյունից կարգավորում կարող է լինել այն ժամանակ, երբ հակամարտությունը կսկսի սպառնալ տարածաշրջանային ուժերին, առայժմ հակամարտության ձգձգումը աղետալի հետեւանքներ չի խոստանում: Իսկ ահա Ա. Իսկանդարյանը, քանի որ համոզված է, որ դիմադրումը կարգավորմանը ներքին-խորքային է, ուրեմն եւ լուծումն ավելի շատ կախված է հակամարտության կողմերից:

Կարծիքների ողջ այս բազմազանությունը պահպանվում է նույնիսկ Կոսովոյի անկախության ճանաչումից հետո: Իրադարձություն, որին մինչեւ վերջերս Հայաստանում ու Ադրբեջանում տարբեր կերպ էին վերաբերվում: Հայաստանում հույսով, Ադրբեջանում` մտավախությամբ, որ չնայած եվրոպացիների եւ ԱՄՆ-ի կողմից ի սկզբանե արած հայտարարություններին, Կոսովոն, այնուամենայնիվ կարող է նախադեպ դառնալ:

Այժմ արդեն բոլորն են (եւ հայերը, եւ ադրբեջանցիները) հասկանում իրավիճակի վտանգավորությունը, քանի որ Կոսովոն քաղաքական որոշում էր, եւ հենց այս երեւույթը կարող է էլ ավելի խճճել աշխարհաքաղաքական շահերի հետ կապված իրավիճակը եւ պայքարը Ղարաբաղի համար:

Վտանգը, ինչպես պնդում է ադրբեջանցի փորձագետ Ն.Մեհթին, այն է, որ այսուհետ «երկրները հեշտորեն կսկսեն էթնիկ եւ կրոնական համերաշխությունից բխող իրենց համակրանքը շատ հեշտորեն արտահայտել նաեւ պաշտոնական ճանաչմամբ, այդ պատճառով էլ Կոսովոյից հետո աշխարհում ինչպես չճանաչման, այնպես էլ ճանաչման ակտը կկորցնի իր արժեքը»:

«Պետք է տեղի ունենա հակամարտության վիրտուալացում». ելքի ինքնատիպ առաջարկ է անում ադրբեջանցի փորձագետը: Ճիշտ է, հենց ինքն էլ հետո նշում է, որ այս միջոցն ունի ավելի տեսական, քան գործնական նշանակություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter