HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Հանքավանում ներդրումներ չեն արվում, որովհետեւ բնակիչ չկա

«Էկոլոգիայի՞ց եք»,- գյուղում անծանոթի հանդիպելով` դիմեց Հանքավանի ավագանու անդամ Ռաֆիկ Հայրապետյանը: Տեղեկանալով, որ լրագրողներ ենք, հանգիստ շունչ քաշեց ու ավելացրեց. «Ոչինչ, դրանց կվախեցնենք, որ էլ գետը չկեղտոտեն»:

Ինչպես ավելի ուշ պարզեցինք, «դրանք» աղանդավորներ էին, որոնք գյուղում հանգստյան տուն են ձեռք բերել եւ անասնապահությամբ են զբաղվում: «50 հատ կով ունեն, 100 քանի հատ էլ` ոչխար: Ոչխարը հիմա սար են տարել, բայց կովերը ստեղ են: Կեղտը լվանում են, լցնում գետը: 10 անգամ բողոքել եմ, որ ըտենց բան չանեն: Իրիկունն ու առավոտը որ գաք, գետը լրիվ կարմիր գույնի ա»,- պատմեց Ռ. Հայրապետյանը: 


«Հավատացյալները գոմը լվանում են, լրիվ լցնում գետը: Գալիս-անցնում ա մեր տների մոտով: Հիվանդություններ կլինեն: Ամեն իրիկուն, ամեն առավոտ չենք կարում տնից դուրս գանք»,- նշեց հանքավանցի Թամարա Կարագյոզովան:

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանից 29 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում, ըստ պաշտոնական տվյալների, բնակիչների թիվն այսօր 132 է, սակայն փաստացի բնակվողներն ավելի քիչ են:

Նախկին Միսխանան (ներկայումս` Հանքավան) հիմնադրվել է 19-րդ դարի վերջին, բնակիչները 13 հույն ընտանիքներ էին: Խորհրդային տարիներին Հանքավանի բնակչության գերակշիռ մասը հույներ են եղել, որոնք Հայաստանի անկախացումից հետո վերադարձել են իրենց հայրենիք: Ըստ Հայկական Սովետական Հանրագիտարանի (Եր—ան, 1980, հատոր 6, էջ 235)` 80-ականների սկզբին Հանքավանն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղ սպասարկման տաղավար, բուժկայան: Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր, հացահատիկի, կերային ու բանջարաբոստանային բույսերի մշակումը: Խորհրդային Հանքավանից գյուղն այսօր ժառանգել է միայն ակումբը, գրադարանն ու բուժկետը: Դպրոցի բացակայությունը բնակիչներին չի մտահոգում, քանի որ գյուղի մի քանի դպրոցականները հաճախում են հար—ան գյուղի դպրոց: Համայնքապետ Գարիկ Մուշեղյանի ասելով` գյուղում երիտասարդություն չկա, հիմնական բնակիչները տարեցներն են: Յուրաքանչյուրն ապրում է իր հոգսերով: Գյուղում շրջելիս բնակիչների հազվադեպ կարելի է հանդիպել: Երբ զարմանում ես, թե ինչպես կարող է երբեմնի առողջարանային կենտրոնն այսպես ամայանալ ու լքվել, համայնքապետարանում բացատրում են, որ Հանքավանում կենսապայմաններ չկան:

Գյուղի հրատապ խնդիրներից համայնքապետ Գ. Մուշեղյանն առանձնացրեց գազաֆիկացումը, ճանապարհների ու ջրագծերի անմխիթար վիճակը: Գյուղի գազաֆիկացումը դադարեցվել է վերջին 15 տարիներին: Համայնքապետարանում փաստեցին, որ մեծ միջոցներ են պետք բնակիչներին կրկին գազով ապահովելու համար: Վերջին 10 օրվա ընթացքում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն ապամոնտաժել է Հանքավանն ու մոտակա հանգստյան տները նախկինում սնուցող գազի խողովակաշարը:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ «Կոտայք գազ» ԳԳՄ պետ Գագիկ Փիլիպոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղի գազատար խողովակները մեծ տրամագիծ ունեին, մինչդեռ այդքան գազի կարիք այնտեղ չկա: «Մեծը հանում ենք, տեղը պիտի ավելի փոքր դիամետրով գցենք, հողի տակով պիտի անցկացնենք»,-ասաց Գ. Փիլիպոսյանը եւ ավելացրեց, որ առ այսօր Հանքավանում դեռ ոչ ոք չի դիմել գազաֆիկացման համար: «Էնտեղ երեւի սկի գազ չեն էլ ուզում: Բայց եթե ուզում են, կքաշենք: Համայնքապետը երեւի քնած ա»: Ըստ Գ. Փիլիպոսյանի` նոր խողովակները կտեղադրվեն այն ժամանակ, երբ համայնքը գազաֆիկացման հարց բարձրացնի:

Վերջին շրջանում Հանքավանում ոչ մի լուրջ ներդրում չի կատարվել: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անժելա Գասպարյանը չցանկացավ մեկնաբանել այս հանգամանքը` մոռացության մատնվելը մերթ կապելով հեռավորության, մերթ` բնակիչների թվաքանակի հետ:

Երբ համայնքային իշխանություններին հարցնում ենք, թե ինչու է գյուղն ամայանում, բացատրում են, որ պայմաններ չկան, այդ պատճառով էլ մարդիկ հեռանում են: Իսկ երբ փորձում ենք պարզել, թե ինչու պայմաններ չեն ստեղծվում, պատասխանում են, որ մարդ չկա, որպեսզի ներդրումներ կատարվեն:

Խորհրդային տարիներին այստեղ մի շարք հանգստյան տներ են գործել: Հանքավանը համարվել է առողջարան: Բուժիչ հատկություն ունեն գյուղի աղբյուրների ջրերը, որոնք նման են եսենտուկյան ջրերին:

Հարուստ բնական ռեսուրսներ չունեցող, բայց պատմամշակութային արժեքներով ու կլիմայական բարենպաստ պայմաններով օժտված մեր պետությունը տնտեսական զարգացման հիմքում պետք է դներ նախեւառաջ զբոսաշրջության զարգացումը: Այդ մասին բազմիցս նշել են նաեւ պատկան այրերը: Հանքավանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորն այսօր դարձել է «հանգիստ փնտրողների» նախընտրելի վայրերից մեկը: Այստեղ կտրուկ աճել են հողերի ու տների գները: Սեփականաշնորհվել ու միջազգային չափանիշներին համապատասխան վերանորոգվել են խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած հանգստյան տները, կառուցվել են նորերը:

Երբեմնի առողջարանային կենտրոն Հանքավանի հերթն այս առումով դեռ չի եկել: Ներդնողների ուշադրությունից այն ուղղակի վրիպել է: Դրանում համոզվում ենք` ծանոթանալով աճուրդների միջոցով օտարվող հողերի մեկնարկային գներին, որոնք հիմնականում սահմանվում են կադաստրային արժեքի 30-40 %-ի չափով: Որպես կանոն` աճուրդների մասնակիցների հայտերը քիչ են` 1-2 դիմում յուրաքանչյուր հողակտորի համար:

Բնակլիմայական պայմաններից բացի, Հանքավանը հարուստ է նաեւ հողերով: Հունիսի 24-ին վարձակալման նպատակով աճուրդի էին դրված մոտ 220 հա տարբեր կարգի հողակտորներ: Համայնքապետարանում բարձր մասնակցություն չէին կանխատեսում: Այնուամենայնիվ, հողերի օտարման հաշվին հնարավոր է լինում որոշակի գումար խնայել եւ որոշ խնդիրներ լուծել:

2007 թ. համայնքի բյուջեն 15,6 մլն դրամ է կազմել, որից 10 մլն-ը` ֆոնդային մասը: 7 մլն դրամ տրամադրվել է գյուղի 3 թաղամասերից մեկի խմելու ջրագծի եւ ջրամբարի նորոգմանը: Աշխատանքներ են տարվել գիշերային լուսավորության համակարգի եւ համայնքապետարանի շենքի վերանորոգման ուղղությամբ: 2008 թ. բյուջեն 18,2 մլն է կազմում: Մյուս համայնքների համեմատությամբ` սա զգալիորեն բարձր ցուցանիշ է 132 բնակիչ ունեցող գյուղի համար: Այստեղ բավականին առատաձեռն են աշխատավարձերի հարցում: Համայնքին տրամադրվող դոտացիան մոտ 2 մլն դրամ է կազմում, մինչդեռ աշխատավարձերի համար 2008 թ. նախատեսված է 3,8 մլն դրամ (համայնքապետի, աշխատակազմի քարտուղարի, ֆինանսիստի, հավաքարարի, ակումբավարի եւ գրադարանավարի հաստիքներ):

Այս տարի նախատեսված ամենամեծ աշխատանքը եւս մեկ թաղամասի ջրագծի նորոգումն էր: Աշխատակազմի քարտուղար Ա. Գասպարյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն արդեն ավարտել են: Դրանք մոտ 8,9 մլն դրամ են արժեցել: «Գումարների ծախսման» վերաբերյալ որոշումներ կայացնում է ավագանին: Դատելով արձանագրություններից` ավագանու նիստերն անցնում են առանց լուրջ անհամաձայնությունների, միաձայն ընդունվում են բոլոր նախագծերը:

Փաստացի Հայկական բնաշխարհի գանձերից մեկի` բնակլիմայական բարենպաստ պայմաններով օժտված Հանքավանի ճակատագիրը մի քանի բնակչի ընտրած համայնքապետի ու ավագանու անդամների ձեռքում է (կոպիտ հաշվարկներով` ընտրելու իրավունք ունեցող ու փաստացի բնակվողների թիվն այստեղ հազիվ թե 50 լինի), մինչդեռ Հանքավանը պետական հոգածության եւ ուշադրության կարիք ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter