HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Համաճարակաբանների խնդիրը տուգանելն է, համայնքապետերինը` տուգանքը վճարելը

Պատճառները վերացնելու պարտավորություն ոչ ոք չի ստանձնում

Շուրջ մեկ տարի աշխատելով Կոտայքի մարզի տարբեր համայնքներում եւ լսելով բնակիչների բողոք-դժգոհությունները` այսօր կարող ենք հիմնախնդիրների մեր սեփական «Թեժ տասնյակը» կազմել, որը «գլխավորում է» խմելաջրի հարցը: Բողոքները «թեժանում» են հատկապես գյուղերում:

Այն, որ ծորակից հոսողը երբեմն ջրի նման չէ, փաստում են շատերը: Օրինակ` Գառնի գյուղում մեզ խորհուրդ տվեցին «ջրի որակի մասին մի բան գրել»: «Մենք ջուր չենք խմում, կեղտ ենք խմում»,- ասաց գառնեցի Դերիկ Հովհաննիսյանը: Սոլակում դժգոհեցին, որ երկար ժամանակ ծորակը բաց են թողնում, որպեսզի ջուրը մաքրվի: «Ժանգոտ ջուր է գալիս, մինչեւ մաքրվում է` կտրվում է»: Հանքավանի բնակչուհի Ն. Ավգիտովան պատմեց, որ թեեւ համայնքապետարանը գումար էր ծախսել, փոխել թաղամասերի խողովակները, «երկու ավազաններն էլ հոտած են»: Գեղադիրցիները հույսը սեփական աղբյուրների վրա են դրել: Իրենց խոսքով` փորում են հողը ու ջուր հանում: Գյուղացիների հաշվարկներով` «ծակելն ու ջուր հանելը» մոտ 5000 դոլար արժե, որն այսօր ոչ բոլոր ընտանիքներն են իրենց կարողանում թույլ տալ: Որոշ համայնքներում ծորակներից վաղուց ջուր չի հոսել: Օրինակ` Ֆանտանում ու Քաղսիում խմելաջուրը երբեմն սայլերով է տուն հասնում: 

Իհարկե, բնակիչների հավաստմամբ` նախկինի համեմատությամբ զգալի տեղաշարժեր կան: Շատ համայնքներում փոխվել են մաշված ջրագծերը, երկարել է ջրի սպասարկման ժամանակացույցը: Սակայն, իրավիճակն առայժմ հեռու է բավարար լինելուց:

Մի կողմ թողնելով ջրամատակարարման ժամանակացույցը եւ բնակիչների բողոքներն այն մասին, «որ 21-րդ դարում հոսող ջրի տակ չես կարող նույնիսկ լողանալ, քանի որ հազիվ հասցնես տանդ եղած-չեղած ամանները լցնել»` մենք որոշեցինք անդրադառնալ ջրի որակին: Իհարկե, ջրի որակի վերաբերյալ բնակիչների դիտարկումները չենք կարող հիմք ընդունել, քանի որ դրանք միայն «զգայարանային հետազոտությունների» արդյունք են:

Խմելաջրի որակի նկատմամբ ՀՀ-ում սահմանվում են արտադրական պետական սանիտարահամաճարակային վերահսկողություններ, որոնք կատարվում են համապատասխանաբար ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպությունը եւ ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը (ՊՀՀՏ):

Վերջինիս իրականացրած ուսումնասիրություններին ու դրանց արդյունքներին ծանոթանալու նպատակով հարցում կատարեցինք տեսչություն: Երկարատեւ բանակցությունների արդյունքում մեզ, ի վերջո, հաջողվեց «ինչ-որ» տեղեկություններ ստանալ հետազոտությունների մասին:

Մեկ-երկու էջում ամփոփված էին մարզի 67 համայնքներում արձանագրվող դժգոհությունների պատասխանները: Մեզ մոտ, բնականաբար, հարցեր ծագեցին դրանց վերաբերյալ: Սակայն, անհասկանալի պատճառներով, տեսչությունից հրաժարվեցին մեզ պատասխանել: Խմելաջրի հիմնախնդիրներն ուսումնասիրելու փոխարեն մենք ստիպված էինք ՊՀՀՏ համառությունը կոտրելու փորձեր անել: Անհասկանալի ու առավել եւս անհիմն էին լրագրողին տեղեկատվություն տրամադրելու, լրագրողների հարցերին պատասխանելու արգելքները: Խոսքը հիշյալ տեսչության մարզային մասնաճյուղերի մասին է: Մասնաճյուղերից մեկում նույնիսկ զգուշացված էին լրագրողների այցի մասին: «Դուք ջրի հարցո՞վ եք եկել»,- հարցրին մեզ եւ, դեռ բառ չլսած, հրաժարվեցին պատասխանից: Հասկանալի պատճառներով բոլոր հարցերի պատասխանները տանում էին դեպի տեսչություն, իսկ տեսչությունն արդեն իսկ «որոշակի» պատասխաններ տվել էր:

ՊՀՀՏ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Կոտայքի մարզում իրականացված հետազոտությունների արդյունքում ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել: Խախտումներն արձանագրվել են օրվա կարգավորիչ ջրամբարներում, որոնց համար, ՀՀ վարչական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն (սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնների եւ նորմերի խախտում), «վարչական տույժեր` տուգանքներ են սահմանվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արեւմտյան» մասնաճյուղի, «Երեւան-Ջուր» ՓԲԸ-ի մասնաճյուղի եւ 5 համայնքների նկատմամբ` Աղավնաձոր, Մարմարիկ, Փյունիկ-Արտավազ, Մեղրաձոր, Արզական»: Նշենք, որ նշված 5 գյուղերում ջրասպասարկումն իրականացնում են համայնքները:

Մեղրաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանի խոսքով` իրենց գյուղում աղտոտված է եղել ջրամբարը: Եկել են, խախտումն արձանագրել, 30-40 հազար դրամ տուգանել: «Հիմա մաքրված է: Եկել-տեսել են, որ ամեն ինչ նորմերին համապատասխանում է»,- պատմեց գյուղապետը:

Արտավազի գյուղապետը կատակեց, թե «սանէպիդկայանն իր գործն ա անում` բոլորի վրա էլ ակտ կա գրած»: «Ոնց էլ անես, գրելու բան կլինի»,- նշեց Ռեմ Հովհաննիսյանը: Արտավազի գյուղապետարանը 60.000 դրամի չափով էր տուգանվել: Պատճառը ջրամբարի պարսպի բացակայությունն էր: Գյուղապետը հավաստեց, որ «կսարքեն»:

Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը տուգանքը կապեց ջրագծերի վթարների հետ` վստահեցնելով, որ դրանք վերականգնվել են:

Աղավնաձորում ՕԿՋ-ի պահպանման խնդիր էր գրանցվել: «Կողքի սետկեքը չկան: Ձմեռը ջարդվել ա ձյան հետեւանքով, հիմա նորը կառուցում ենք»,- նշեց համայնքապետ Մխիթար Դանիելյանը: Աղավնաձորի տուգանքը 40.000 դրամ էր:

Գյուղապետերը տուգանքների նշանակումը բնական էին համարում` մեզ վստահեցնելով, որ գրանցված խախտումների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Առավել իրատես ու անկեղծ էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի պետ Ռուբիկ Մկրտչյանը, որի խոսքով` ամեն տարի էլ տուգանքները մուծում են, սակայն խնդիրը չի լուծվում: Իրենց մոտ արձանագրված խախտումները կապված են եղել ՕԿՋ-ների ցանկապատերի, լուսավորության, առանձին գոտիների ստեղծման հետ:

«Խնդրի լուծողը ես չեմ, պիտի կառավարությունից ֆինանսավորում լինի «Հայջրմուղկոյուղուն»: Հսկա գումարների հարց ա: Ես դրա համար էլ բողոքեցի: Ասացի` հասկացա, բերեք` ամեն տարի էլ ես մուծեմ էդ գումարները: Դրանով հարցը լուծվու՞մ ա: Ամեն տարի տուգանում են, բայց ոչ մի բան չի փոխվում»,- ասաց Ռ. Մկրտչյանը: Փաստորեն, ստուգումներն անիմաստ են դառնում, իսկ տուգանքները` սովորական պատժամիջոցներ, որոնք կորցրել են իրենց արդյունավետությունը:

Զարմանալի է, որ ՊՀՀՏ-ի գրության մեջ խոսք չկար խողովակների մաշվածության ու դրանց հետեւանքով խմելաջրի անորակության մասին: Գյուղապետերը բազմիցս նշել են, որ ջրագծերի մեծամասնությունը 50-60-ական թվականներին է կառուցվել:

Նույնիսկ եթե համաճարակաբաններն արձանագրեն խողովակների մաշվածության հետ կապված խախտումները (դրանց վերանորոգումով զգալիորեն կբարելավվի խմելաջրի որակը, հնարավորություն կստեղծվի խուսափել ջրի կորուստներից` երկարացնելով ջրամատակարարման ժամանակացույցը), խնդրի լուծումը կավարտվի տուգանքների նշանակմամբ ու վճարմամբ միայն: Խնդիրը հիմնովին լուծելու համար պետական մոտեցում է պետք, խոշոր ներդրումներ:

Նախորդ տարվա սեպտեմբերին կառավարության` մարզերին տրամադրված ֆինանսական միջոցներով հանրապետության մի շարք համայնքներում վերանորոգվեցին ջրագծերը: Սակայն այն ավարտին հասցնելու համար դեռ շատ անելիք կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter