HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Մինսկի խմբի ձեւաչափը` վտանգված

Կիրակի` նոյեմբերի 2-ին, Մոսկվայի Մայենդորֆ ընդունելությունների տանը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը եւ դրան հաջորդած հռչակագիրը ամբողջ շաբաթ քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին:

ՌԴ նախագահ Մեդվեդեւի այս նախաձեռնությունը ողջունեցին Բրյուսելում, Վաշինգտոնում, Անկարայում: 

Թեեւ մոսկովյան հանդիպման ժամանակ երեք կողմերը եւս մեկ անգամ հաստատեցին, որ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ձեւաչափը չի փոխվի (մի բան, որ վերջերս հաճախ է կասկածի տակ դրվում), այնուամենայնիվ, հանդիպմանը Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները ներկա չէին, իսկ նախաձեռնությունը, փաստորեն, պատկանում էր բացառապես ռուսական կողմին: Թերեւս այս պատճառով եվրոպացի պաշտոնյաները,Մոսկվայի նախաձեռնությունը ողջունելով հանդերձ, շտապում էին հիշեցնել Մինսկի խմբի ձեւաչափի անփոփոխելիության մասին:

Եվրամիության Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հիշեցրեց, որ Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. «Մենք խոսել ենք այս թեմայով Հայաստանի նախագահի հետ, եւ լավ կլիներ շարունակել այս գործընթացը»,- ընդգծեց քարտուղարը:

Յուրի Մերզլյակովի խոսքերով՝ «թեեւ հանդիպումը Մոսկվայում այն անցկացնելուց դեռ շատ առաջ նախապատրաստվում էր Ռուսաստան-Հայաստան եւ Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ խողովակներով, այնուամենայնիվ, այն գտնվում է բանակցություններում միջնորդության հարցով Մինսկի խմբի երկրների ջանքերի շրջանակներում»:

Թուրքիան, իր հերթին, կրկին ողջունելով մոսկովյան հանդիպումը՝ հիշեցրեց Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի իր նախաձեռնության մասին: Պլատֆորմը, ճիշտ է, ուղղակի կապ Ղարաբաղյան կարգավորման հետ չունի, սակայն, ինչպես գտնում են Անկարայում, այն կարող է վստահություն ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Կովկասյան պետությունները՝ հատկապես Ադրբեջանը, հակված են աջակցել այս առաջարկությանը: Մենք հավատում ենք, որ այն մթնոլորտը, որ կստեղծվի երկխոսության եւ փոխըմբռնման միջոցով, կհանգեցնի Կովկասում խնդիրների լուծմանը: Ես կարող եմ պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր շրջան է սկսվել»,- նշեց Գյուլը Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

Դրան նախորդել էր Ալի Բաբաջանի հայտարարությունն այն մասին, որ անհնար է տարածաշրջանում կարգավորման հասնել առանց Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների ներգրավվածության: Ուստի, «…հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի քայլերը փոխլրացնում են միմյանց»,- եզրափակեց նա:

Միաժամանակ, Թուրքիայի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ նշվեց, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, շարունակելու է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաեւ աջակցելու է այդ ուղղությամբ տարվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:

Մոսկվան չի նահանջի Կովկասում

Այս մասին հայտարարեց Դմիտրի Մեդվեդեւը Դաշնային Խորհրդին հղած իր ուղերձում: «Կովկասյան ճգնաժամը կրկին ցույց տվեց, որ հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից ուժի կիրառումը չի կարող ապահովել կենսունակ լուծումներ: Այդ պատճառով միջազգային իրավունքի նորմերի հիման վրա մենք հետագայում էլ կնպաստենք հարակից տարածաշրջաններում անկայունության օջախների վերացմանը: Եւ ելնելով գործող ձեւաչափերի հանդեպ հարգանքից՝ կնպաստենք մերձդնեստրյան եւ ղարաբաղյան կարգավորմանը, կհամագործակցենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ, կհասնենք փոխընդունելի համաձայնությունների»,- նշեց  Մեդվեդեւն իր ուղերձում:

Վերլուծաբանների խոսքերով` Մոսկվայի ակտիվ նախաձեռնությունները Մինսկի ձեւաչափից դուրս ռուս-վրացական պատերազմի հաղթանակից հետո իր դիրքերը Հարավային Կովկասում ամրապնդելու ռուսական քաղաքականության շարունակությունն են: Ինչպես գտնում են մասնագետները, այս առումով Ռուսաստանի գերխնդիրը Ադրբեջանի վրա վերահսկողություն հաստատելն է:

«Մոսկվայի հիմնական ցանկությունը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում նվազագույնի վրա պահելն է եւ նույնիսկ այն ամբողջովին վերացնելը: Երբ Վրաստանը փակուղում է, եւ Հայաստանը` արդյունավետորեն Մոսկվայի գրպանում, թվում է, թե այժմ Ադրբեջանն է Կրեմլի հավակնությունների իրականացման բանալին»,- գրում է Միացյալ Նահանգների բանակի` Պատերազմի քոլեջի պրոֆեսոր Ստեֆան Բլանքը «Eurasia Insight»-ում:

Հոդվածագիրը նշում է, որ Բաքվի ամենազգայուն կետը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, եւ պատահական չէ, որ Ռուսաստանը հենց այդ ուղղությամբ է ճնշում գործադրում:

«Մոսկվայի պնդումը ուժի հնարավոր կիրառումից հրաժարվելու վերաբերյալ` գաղափար, որը հաստատվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի կողմից ստորագրված հռչակագրում, խիստ սահմանափակում է Բաքվի հնարավորությունները: Իհարկե, ուժի կիրառման հանդեպ Մոսկվայի ընդդիմությունը կարող է արդարացվել շատ պատճառներով, բայց դա նաեւ գուցե միակ ճանապարհն է, որով Բաքուն երբեւէ իրական հնարավորություն կունենար վերադարձնել իր կորցրած հողերը: Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը սահմանափակումներ է դրել Ադրբեջանի բանակցային դիրքերի վրա՝ Բաքվին թողնելով խիստ անբարենպաստ պայմաններում»,- եզրակացնում է Ս. Բլանքը:

Ավելին, Մոսկվայի կողմից ճնշումը չի սահմանափակվում միայն Ղարաբաղի հարցով: Ըստ շրջանառվող լուրերի` Կրեմլը ցանկանում է ռազմակայան ունենալ Ադրբեջանում` ավելի ընդարձակ եւ ավելի երկարաժամկետ ներկայություն ապահովելով Գաբալայի օդային պաշտպանության կայանում, ինչպես նաեւ ավելի ուժեղ դիրքեր ձեռք բերել Ադրբեջանի տնտեսության մեջ:

«Մասնավորապես, Ռուսաստանը հակված է Ադրբեջանն ինտեգրել Կրեմլի Կասպյան էներգետիկ շրջանակներին: Այս նպատակը նոր թափ է ստացել եւ ավելի հրատապ դարձել, քանի որ Ռուսաստանը, Իրանը եւ Կատարը ներկայումս լրջորեն խորհում են բնական գազի միություն ստեղծելու գաղափարի շուրջ, եւ որովհետեւ Թուրքմենստանի գազային հանքերը համաշխարհային մասշտաբի նշանակություն ունեն: Ադրբեջանը` մյուս խոշոր գազ արդյունաբերողը Կասպից ծոցում, միակն է, որ խոչընդոտում է Ռուսաստանի կողմից դեպի Եվրոպա տրանսկասպյան էներգետիկ հոսքերի մենաշնորհացմանը»,- եզրափակում է հեղինակը:

Ռուս-վրացական պատերազմից հետո փորձելով միջնորդի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` «Մոսկվան նաեւ հույս ուներ ցուցադրելու իր ունակությունը՝ կարգավորելու հակամարտությունը դիվանագիտության միջոցով, ոչ միայն ուժի: Դիվանագիտության այս վարժանքի գլխավոր նպատակներից մեկը, սակայն, կարգավորման որոշակի փուլում հակամարտության թատերաբեմում ռուսական զորքերի տեղադրումն է որպես «խաղաղապահներ» կամ «երաշխավորողներ»,- մեկնաբանում է «Eurasia Daily Monitor»-ը:

«Հանդիպման միակ տեսանելի հետեւանքը, սակայն, համատեղ հռչակագիրն էր, որն անբավարար էր Մոսկվայի նպատակների համար… Եթե Կրեմլը ցանկանում էր «առաջընթաց» ցույց տալ այս հանդիպումը հյուրընկալելուց հետո, նրա հույսերն իզուր էին»,- նշում է թերթը:

Հայաստանը պատրաստ չէ զիջումների

Փարիզում ֆրանսիական «Le Monde» թերթի լրագրողի հետ զրույցում Հայաստանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է չխոչընդոտել բանակցությունների ընթացքին, սակայն «պատրաստ չէ գնալ մեծ զիջումների»: Ս. Սարգսյանի` թերթին տված պատասխաններից տպավորություն է ստեղծվում, որ հռչակագրի ստորագրումը ընդհանրապես ոչինչ չի նշանակում. դա լոկ մի քայլ էր` խթանելու կարգավորման գործընթացը, քանի որ «բանակցությունների գործընթացը դադարել էր»:

Նահագահ Սարգսյանը եւս մեկ անգամ հաստատեց Մինսկի խմբի ձեւաչափը պահպանելու Հայաստանի պատրաստականության մասին Բրյուսելում` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպես ինքը կարձագանքի, եթե Թուրքիայի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրի եռակողմ հանդիպման, Ս. Սարգսյանը պատասխանեց, թե Թուրքիան չի կարող միջնորդ լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Նախագահը հիշեցրեց մոսկովյան հռչակագրում ամրագրված այն դրույթը, որի համաձայն կարգավորումը կիրականանա Մինսկի խմբի շրջանակներում:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, այս երկիրը Մինսկի խմբի համանախագահ չէ, թեեւ Մինսկի խմբի անդամ է»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Աբդուլլա Գյուլը, սակայն, արդեն իսկ հանդես է եկել նման նախաձեռնությամբ: Նա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրել է Անկարա` եռակողմ հանդիպման: Ադրբեջանի նախագահը տվել է իր համաձայնությունը, իսկ թուրք պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, «Today\'s Zaman»-ին հայտնել է, որ «հանդիպումը կարող է տեղի ունենալ մի քանի ամսից»:

Մինսկի խմբի ձեւաչափը, այսպիսով, դեռ շարունակում է կասկածի տակ մնալ` չնայած կողմերը հաստատեցին այն պահպանելու իրենց պատրաստականության մասին: Ակնհայտ է, որ նախագահների մայենդորֆյան հանդիպումը ոչ մի կապ չուներ Մինսկի խմբի համանախագահության հետ. Ռուսաստանը ապագայում էլ կօգտագործի համանախագահության իր աթոռը` փորձելով միջնորդի դեր խաղալ որպես խմբի համանախագահ երկիր, բայց գործելով միակողմանիորեն:

Թուրքիան, իր հերթին, չի նահանջի Կովկասում` փորձելով ԼՂ հակամարտության լուծումն իրականացնել իր առաջարկած պլատֆորմի շրջանակներում: «Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմը» այլեւս հինգ պետությունների համագործակցություն չի կարող ենթադրել: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Վրաստանը պլատֆորմի շրջանականներում որեւէ առնչություն միմյանց հետ չեն ունենա, ուստի Անկարան այս գաղափարը կփորձի օգտագործել եռակողմ` Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան պայմանավորվածությունների համար: Ղարաբաղյան կարգավորման նոր փուլում, այսպիսով, առավել ակտիվորեն են հանդես գալիս հենց Ռուսաստանն ու Թուրքիան: Կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում կարող է, ի վերջո, ձեւական բնույթ ունենալ: Թեեւ հայաստանյան ընդդիմությունը գտնում է, որ վերջնական հանգուցալուծումը կլինի Վաշինգտոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter