HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Սպիտակ ներկայացում. «Կրեդո» թատրոնի ձյունե բեմադրությունը

Տարիներ առաջ բուլղարական «Կրեդո» թատրոնը, որը բաղկացած է երկու հոգուց, հիացրեց ու գրավեց հանդիսատեսին աշխարհի տարբեր երկրներում Գոգոլի «Շինել» ներկայացումով: 2 տարի առաջ «Շինել» ներկայացումը ցուցադրվեց նաեւ Հայաստանում` Հայֆեստի օրերին: 

Այս զույգի նոր ներկայացումը, որը հիմնված է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի վրա, երկու տարի անց Երեւանում նորից գրավեց ու հաճույք պարգեւեց լեփ-լեցուն դահլիճին: Այս զույգը բեմի վրա ստեղծում է մի մեծ աշխարհ, որտեղ անգամ սիրահարները «ձյունից են» ստեղծված: Բուլղարական «Կրեդո» թատրոնը ներկայացնում էր իր բեմադրությունը Տիկնիկային թատրոնի բեմում:

«Հայրիկը միշտ ճիշտ է»-ն մի հրաշալի պատմություն է` պարուրված ձյունով, որը պատմում է կյանքի փոքրիկ եւ կարեւոր բաների մասին: Այն Դանիայում ապրող տարեց մարդկանց մասին է, ովքեր համբուրվում են տոնի ժամանակ, եւ այդ համբույրը նրանց համար վերածվում է ամենաթանկ բանի: Այն հատկապես հուզիչ է մեծ մարդկանց համար, որովհետեւ հիշեցնում է, որ միայն սերն է գեղեցկացնում այն ամենը, ինչ շրջապատում է մեզ:

Պատմությունն այն մասին է, թե ինչպես է մարդը գնում շուկա` վաճառելու իր ձին: Նա ձին փոխանակում է նախ կովի հետ, հետո` ոչխարի, ապա` հավի եւ վերջում` փտած խնձորի հետ: Եվ մենք այս ամենը ոչ թե տեսնում ենք, այլ երեւակայում:

«Կրեդո» թատրոնը կարողանում է ամեն ինչ պատմել եւ ցույց տալ հասարակ իրերի միջոցով: Երկու սպիտակ ծաղրածուները, որոնք դահուկների վրա հայտնվում են բեմում, կարծես խորը ձյան մեջ լինեն: Ի՞նչն է ստիպում անթարթ նայել այս զույգին բեմի վրա. նրանց հաջողվում է ստեղծել հեքիաթի մի ամբողջական պատրանք ամբողջ ներկայացման ընթացքում: Նրանց խաղը ստեղծում է ջերմության մի մթնոլորտ, որը բավականություն է պատճառում այս դուետի կախարդական խաղը դիտողին:

Թատերախմբի անդամները` ամուսիններ Վասիլ Վասիլեւ Զուեկը Եւ Նինա Դիմիտրովան, օգտագործում են արվեստի ցանկացած տեսակ իրենց պատմությունը պատմելու եւ ներկայացնելու համար:

«Կրեդո» անկախ թատերախումբը հիմնադրվել է 1992 թ. Սոֆիայում` Կինոյի եւ թատրոնի ազգային ակադեմիայի շրջանավարտներ, դերասաններ Նինա Դիմիտրովայի եւ Վասիլ Վասիլեւի կողմից: Իր առաջին թատերաշրջանը «Կրեդո» թատրոնը բացել է հենց Ն. Գոգոլի «Շինել» ներկայացումով, որը թատրոնին միջազգային ճանաչում է բերել: Արդեն 20 տարի է, ինչ այս զույգը խաղում է «Շինելը», որն ունի 14 միջազգային մրցանակ, իսկ 1996-ին Էդինբուրգի փառատոնի «Թեժ 20-յակ»-ում է եղել:

Անգլիական «Independent» թերթի քննադատներից մեկը «Շինելի» մասին գրել էր. «Այնտեղ կան միմեր, բայց դա մնջախաղ չէ, կան տիկնիկներ, բայց դա տիկնիկային թատրոն չէ, դու ծիծաղում ես, բայց դա կոմեդիա չէ, երբեմն նրանք ծաղրածուների նման են խաղում, բայց դա կրկես չէ, լաց ես լինում, բայց դա ողբերգություն չէ: Աստված գիտի, թե դա ինչ է, բայց դա մաքուր թատրոն է»:

«Մենք երբեք չենք որոշում ինչ- որ ժանր, որովհետեւ դա որեւէ գրական ստեղծագործության մեր ընկալումն է: «Կրեդո» թատրոնի կրեդոն` հավատամքը, այն է, որ մենք միշտ փորձում ենք ներկայացնել հայտնի, դասական ստեղծագործություններ, որոնք ամբողջ աշխարհը գիտի, բայց դա անում ենք անսովոր թատերական լեզվով` օգտագործելով բոլոր հնարավորությունները, որ մենք ունենք: Մենք կարողանում ենք խաղալ մատերիայի, տիկնիկների հետ, կենդանի դերասանական խաղ ցույց տալ, դիմակներով  խաղալ եւ այլն: Այսինքն` մենք այդ ամենը միախառնում ենք եւ օգտվում մեր բոլոր ունակություններից, որոնք մենք ունենք մեր կրթության շնորհիվ»,- ասում է Նինա Դիմիտրովան:

«Մենք հույսներս դնում ենք երեւակայության վրա, եւ դրա համար օգտագործում ենք աղքատ թատրոնի էսթետիկան»,- ավելացնում է նա:

Դիմիտրովան եւ նրա ամուսինը իրենց ներկայացումների ընթացքում խոսում են հանդիսատեսի հետ 9 լեզուներից մեկով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, սերբերեն, ճապոներեն, հունարեն եւ բուլղարերեն:

«Միշտ աշխատում ենք հանդիսատեսի հետ: «Կրեդո»-ի մեջ է մտնում նաեւ այն, որ հանդիսատեսը պետք է մեզ հետ խաղա: Եթե նա չխաղա, եթե նա միայն որպես հանդիսատես լինի եւ նայի, նա կարող է դա անել հեռուստացույցով, բայց այդ կայծը չի լինի»,- ասում է Վասիլ Վասիլեւը:

Բուլղարացի զույգի համար առաջին հանդիսատեսը իրենց աղջիկն է, եթե նա հասկանա, նշանակում է` մեծ մարդն էլ կհասկանա:

Դերասանները մեծ տեղ են հատկացնում հանդիսատեսի երեւակայությանը, իրենց ներկայացումների հաջողության համար միշտ ակնկալում են այդ երեւակայությունը, ինչպես նաեւ հանդիսատեսի` խաղալու ցանկությունը:

Այն, ինչ մենք տեսնում ենք բեմի վրա, երեւակայության լեզուն է: Նինան ասում է, որ իրենց չի հետաքրքրում` տիկնի՞կ է, դիմա՞կ, թե՞ առարկա:

Անդերսենի հեքիաթը բեմադրելիս ամուսնական զույգը նաեւ որոշ փոփոխություններ է արել պատմության մեջ: Անդերսենի մոտ իրադարձությունները տեղի էին ունենում ամռանը, մինչդեռ այս բեմադրությունն ամբողջովին սպիտակ է: Այդ փոփոխությունը հայեցակարգի մաս է, որի իմաստն այն է, որ ձյան մեջ նույնպես կարող է տաք լինել:

«Սա շատ տաք ձյուն է, տեսնու՞մ եք: Դրա տակ շատ շոգ է: Սպիտակը նույնպես կոնցեպցիա է: Ռուս քննադատ Լոեւսկին ներկայացումը բնութագրել է որպես կորուսյալ դրախտ: Դե սովորաբար ողբերգություն են խաղում, իսկ սա դրախտ է: Ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես որ պետք է, ինչպես ամենաիդեալական դեպքերում»,- ասում է Դիմիտրովան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter