HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ հայրենիքն է Աղդամը

Մի անգամ նրանց խոսակցությունից մի պատառիկ որսացի, որն այդ ժամանակ ինձ կարեւոր չթվաց։ Խոժոռ ու անժպիտ մարդը խոսում էր Արեւմտյան Հայաստանի մասին ու ասում, որ տասնհինգ թվականից հետո թուրքերն այդ հողերը չեն բնակեցրել, որովհետեւ վախենում են, թե հայերը կվերադառնան։

Խոսակցությունը 1975 կամ 76  թվականին էր, իսկ նշված պատառիկը վերհիշել եմ տասնյոթ-տասնութ տարի անց՝ առաջին անգամ տեսնելով գրավյալ Աղդամը։ Պատերազմը դեռ չէր ավարտվել, ու ես կարծում էի, որ հաղթական (իսկ հաղթանակը մոտ էր) ավարտից հետո այդ քաղաքը կվերականգնվի, կշենանա եւ այդտեղ ապրելու կգան մարդիկ, ովքեր Աղդամն իրենց հայրենիքն են համարում։

Անցան տարիներ։ Հայրենիքն անտեր մնաց։ Այդ ընթացքում զբոսաշրջիկների պատմածներից, սիրողական նկարահանումներից, ինտերնետից ու այլ տեղերից իմացա, որ պապիս խոժոռ ու անժպիտ ազգականի պատմածը չի համապատասխանում իրականությանը։ Ճիշտ է, Արեւմտյան Հայաստանը կամ, ինչպես թուրքերն են ասում՝ Արեւելյան Անատոլիան, չի ծաղկում եվրոպական չափանիշներով, բայց նաեւ ամայի ու լքված, նախկին տերերին սպասող հող չէ։ Արեւելյան մեր կողմերի բոլոր պետությունների նման Թուրքիայում էլ գործում է «ուժեղ կենտրոն-թույլ ծայրամասեր» սկզբունքը։

1993-ից մինչ օրս՝ շուրջ տասնհինգ տարի, մեզ բացատրել են, որ Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքները գրավվել են անվտանգության նկատառումներով։ Արտասովոր ոչինչ չկա։ Կրակակետերը բուն Ղարաբաղի սահմաններից հեռացվել են այնքան, որքան պետք է։ Անհրաժեշտ հեռավորությունն ապահովելով՝ մենք՝ հայկական կողմը, ակամա արձանագրել ենք, որ այդ տարածքները մեր Հայրենիքը չեն։ Դրանց մի մասը մեզ պետք են Հայաստանի հետ ցամաքային կապ ունենալու, իսկ մյուս մասը՝ Ղարաբաղի շրջանների հաղորդակցությունն ապահովելու համար։

Հիմնովին ավերված Աղդամն այսօր օգտագործվում է որպես ճանապարհային հանգույց։ Թեեւ կա «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, բայց Աղդամով են անցնում Ստեփանակերտը Մարտակերտին եւ Մարտունուն կապող համեմատաբար կարճ ու ցածրադիր ճանապարհները։ Ցածրադիրը շեշտում եմ, որովհետեւ Ղարաբաղում հաճախ պատահող մառախուղի ժամանակ զգալի է դրանց առավելությունը։

Եթե Աղդամը սոսկ անվտանգության գոտի ու ճանապարհային հանգույց չէ, այլ մեր Հայրենիքն է, ուրեմն անվտանգության աշխարհագրությունն ուրիշ պիտի լիներ։ Անվտանգության այս գոտուց անդին պիտի լիներ եւս մեկ գոտի, որպեսզի հակառակորդի արկերը ոչ թե բուն Ղարաբաղի սահմաններին չհասնեին, այլ անհասանելի լինեին նաեւ Աղդամին։ Թե չէ ստացվում է, որ բուն Ղարաբաղն ավելի «նվիրական» Հայրենիք է, քան՝ Աղդամը։

Բայց եթե մեր քաջարի մարտիկները մի հատ էլ անվտանգության գոտի ստեղծեին Աղդամի համար, անպայման կհայտնվեին հայրենասերներ, ովքեր կպնդեին, որ անվտանգության այդ գոտին էլ է մեր Հայրենիքը։ Հարավային Կովկասում ծառ ու թուփ չկա, որի տակ հայերեն մի արձանագրություն կամ մի խաչքար չգտնես, սար ու ձոր չկա, ուր մի կիսավեր մատուռ կամ մամռոտած մի գերեզմանաքար չլինի։ Ուրեմն՝ ստիպված պետք է ստեղծեինք մի նոր անվտանգության գոտի՝ այդպես հասնելով մինչեւ Բաքու։ Այդ ժամանակ արդեն անվտանգության գոտիների կարիք չէինք ունենա։ Կարիք չէինք ունենա նաեւ բանակցությունների, մադրիդյան սկզբունքների, մայենդորֆյան համաձայնագրերի։

Պատերազմի ավարտից տասնչորս տարի անց անվտանգության գոտին պահպանում է ռազմաքաղաքական իր նշանակությունը, բայց հաստատապես կորցրել է բարոյական արժեքը։ Ուրիշի հողը, ուրիշի ծննդավայրը, ուրիշի ապրելու տեղը կրակակետից հեռավորություն ապահովելու նպատակով կարելի էր օգտագործել երկու, երեք, առավելագույնը հինգ տարի, երբ ոչ թե ձգձգելով ձգձգում ես քո հարցի լուծումը, այլ՝ ակտիվորեն սակարկում «մերը՝ մեզ, քոնը՝ քեզ» սկզբունքով։

Աղդամի ավերակները հիշելով ու պապիս խոժոռ ազգականի ասածը վերհիշելով՝ հիմա մտածում եմ, որ ավերակը Հայրենիք լինել չի կարող։ Հայրենիքը մարդն է։ Մարդ չկա, Հայրենիք էլ չկա։ Եթե մարդը չկա, ուրեմն այդ տարածքը պահելը սովորական վնասարարություն է այն մարդու հանդեպ, ով ինչ-որ տեղ Բաքվի մոտերքում, Ռուսաստանում կամ արտասահմանում կարոտում է իր Հայրենիքը։

Հետք - Հեղինակի տեսակետները միշտ չէ, որ համընկնում են խմբագրության կարծիքի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter