HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանները զենք ու զրահով դիմավորեցին գյուղացիներին

Ինչպես գրել էինք' այսօր առավոտյան Արմավիրի մարզի Գայ եւ հարակից գյուղերի մոտ 100 տղամարդիկ գյուղից Էջմիածին` 10 կմ անցան ոտքով: Գյուղացիները որոշել էին որպես բողոքի նշան փակել Էջմիածնի հրապարակը: Նրանց հետ էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Գայ գյուղի բնակիչները պահանջում էին «Հայաստանի էլեկտրական ցանցերից» զրոյացնել հավելագրումները, որոնք իբրեւ պարտք 2002 թվականից կուտակել են իրենց անվան դիմաց:

Այդ մասին իմացել են մոտ 3 օր առաջ, երբ գյուղացիները ծանուցում են ստացել էլցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի գրասենյակի տնօրեն Արայիկ Հովակիմյանից, որում ասված է, որ գյուղացիները պետք է 5 օրվա ընթացքում վճարեն պարտքերը, հակառակ դեպքում կկիրառվի օրենքի պահանջը, այսինքն' կդիմեն դատարան: Ծանուցումը կազմված է կոպիտ թերություններով. չկա ամիս, ամսաթիվ, հղում է արված գյուղացիների հետ կնքած պայմանագրին, սակայն այդպես էլ պայմանագրի համարը նշված չէ: Գյուղացիների ասելով' պայմանագրի համարը չէին կարող նշել, որովհետեւ հաշվիչները փոխել են, նախկին ցուցմունքներն արդեն չկան, իսկ իրենց հետ «պարտքերի» մարման վերաբերյալ պայմանագիր-ժամանակացույց չեն կնքել:

«Մուսալեռ» մասնաճյուղի գլխամասային տնօրեն Դավիթ Ղազինյանը, Էջմիածնի ոստիկանապետի հետ դեռ Էջմիածին չհասած, ճանապարհին կանգնեցրեց գյուղացիներին: Նա փորձում էր հանդարտեցնել բողոքի դուրս եկած գյուղացիներին' ասելով, որ կստեղծեն հանձնաժողով եւ հարցը կուսումնասիրեն' միայն թե մարդիկ հետ գնան իրենց տները:

«Մենք հավելագրումների խնդրի մասին տեղյակ ենք: Ես նշանակվել եմ 2007թ. սեպտեմբերի վերջին, մինչ այդ խնդիրներ եղել են, եւ յուրաքանչյուր դիմումին տվել են անհատական լուծում: Ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում միայն Արշալույս գյուղում 22 մլն դրամ պարտք դուրս է գրվել: Հիմա նույնը ձեզ եմ առաջարկում, որ հանձնաժողովն ուսումնասիրի խնդիրը»,-ասաց Դ. Ղազինյանը: Նա խոստացավ, որ եթե հանձնաժողովը պարզի, որ հավելագրումներ են եղել, ապա գյուղացիները ոչ մի կոպեկ ավելի չեն վճարի:

Գյուղացիները որոշեցին չենթարկվել «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի հորդորներին եւ շարունակեցին իրենց երթը: Հասնելով Էջմիածնի հրապարակ' որոշեցին ճանապարհը չփակել եւ շարժվեցին Էլցանցերի Էջմիածնի մասնաճյուղի ուղղությամբ: Այնտեղ գյուղացիներին սպասում էին վահաններով ու ձեռնափայտերով զինված մոտ 50 ոստիկան: Էջմիածնի ոստիկանապետնն առաջարկեց գյուղացիներից խումբ ստեղծել տնօրինության հետ բանակցելու համար, սակայն գյուղացիները չհամաձայնեցին եւ պահանջեցին, որ տնօրինությունն իջնի ներքեւ եւ հանդիպի իրենց հետ: «Լայաղ չեն անում իջնեն ներքե՞ւ, թող գան այսքան մարդու պատասխան տան»,-ասաց գյուղացիներից մեկը: Այդպես էլ եղավ:

Նույն խոսակցությունը ծավալվեց նաեւ այստեղ, ինչը զայրացրեց գյուղացիներին եւ նրանք որոշեցին մի մասը ոտքով, մյուս մասը' ավտոմեքենաներով գնալ Երեւան' անձամբ հանդիպելու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

 Ճանապարհին ավտոմեքենաների շարասյունը կանգնեցրեց Գայ գյուղից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Սեյրան Սարոյանի հայրը' Ֆիրդուս Սարոյանը: Նա բավականին հուզված էր, ձեռքերը դողում էին: Պատգամավորի հայրը գյուղացիներից պահանջում էր ասել մեղավորի անունը, ով յուրացրել է էլեկտրաէներգիայի համար վճարած գումարները, մնացած հարցերն ինքը կլուծի, միայն թե շարասյունը Երեւան չգնա: Գյուղացիները որոշեցին պայքարել մինչեւ վերջ, հետ չկանգնել իրենց որոշումից եւ խնդրի մասին տեղյակ պահել անձամբ նախարարին: Դրանից հետո Ֆիրդուս Սարոյանը, գրեթե սպառնալով, մի քանիսին ասաց, թե հետո իր հետ են գործ ունենալու: «Փրթել դրել են ընդեղ, գնացեք Երեւան»,-ասաց Ֆիրդուս Սարոյանն ու հեռացավ:

Գյուղացիների ասելով' Գայ գյուղի վրա էլցանցը գրել է մոտ 40 մլն դրամի պարտք, ինչն իրականում գոյություն չունի:

Գյուղի բնակիչ Աղասի Զաքարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 100 դրամի համար իր տան լույսն անջատել են' չխնայելով նույնիսկ 1 տարեկան երեխային: Աղասին զարմանում է, թե ինչպես է ստացվել, որ գյուղ մտնող էլեկտրաէներգիան չեն անջատել, երբ գյուղացիների վրա այդքան պարտք է կուտակվել, այն դեպքում, երբ 100 դրամի համար լույս են անջատել:

«2000 թվականից մինչ օրս մեր տանը մարդ չի ապրել, բայց 53 հազար դրամ պարտք են գրել: 99 հազար դրամ մյուս տան վրա են գրել: Ինչի՞ պիտի տամ, եթե այդ տանը մարդ չի ապրել»,-ասում է Աղասին:

Գայ գյուղի մեկ այլ բնակիչ' Համլետ Խաչատրյանն ասաց, որ իր վրա էլ 38 հազար դրամ պարտք են գրել: Համլետը սկզբում ուրախացել է, որ պարտք չկա իր անվան դիմաց, սակայն օրեր առաջ պարտքի մասին առանց ամսաթվի ծանուցում եկել է նաեւ իր անունով: 73-ամյա Սարգիս Հովհաննիսյանն ասաց, որ պարտաճանաչ բոլոր վճարումներն անելուց հետո իր մեջքին 109 հազար դրամ պարտք են գրել: «Սա ի՞նչ հանելուկ ա»,- հարցնում է գյուղացին:

 Վազգեն Մանուկյանի ընտանիքը բաղկացած է 13 հոգուց: Ընտանիքը ստանում է աղքատության նպաստ, նրանց վրա էլ գրված է 160 հազար դրամի պարտք:

Վ. Մանուկյանը ցույց տվեց իր վճարումների կտրոնների տրցակը: Ասաց, որ այդ կտրոններով գնացել է էլցանցերի Էջմիածնի մասնաճյուղ, որպեսզի վերահաշվարկ անեն: Այնտեղից աշխատակիցները պատասխանել են, թե չեն կարող իր կտրոնները ստուգել, քանի որ ժամանակ չունեն, իսկ 160 հազար դրամ պարտքը պետք է պարտադիր վճարվի: Ոմանց էլ ասել են, թե կտրոնները «ֆալշ» են: «Ձեր տված չեկը, դուք, ո՞նց է ֆալշ»,- ասում էին գյուղացիները: Մեկն էլ ցույց տվեց իր վճարած կտրոնները, որոնց վրա որևէ ամսաթիվ գրված չէ, և պարզ չէ, թե տվյալ գումարը որ ամսվա համար է վճարվել:

Նորիկ Ինջիղուլյանն էլ պատմեց, որ առավոտյան իր ու ոստիկանների միջեւ քաշքշուկ է եղել: Նրա ասելով' երբ ժողովրդին հավաքել է, որ երթ անցկացնեն, Էջմիածնի ոստիկանապետը ասել է, թե իրեն բռնեն գցեն ավտոմեքենայի մեջ ու տանեն բաժանմունք, սակայն այդ պահին գյուղի երիտասարդները սկսել են բջջային հեռախոսներով նկարել, ինչը կանգնեցրել է ոստիկաններին:

«130 հազար դրամ իմ վրա են գրել, 230 հազար էլ հորս, 50-60 հազար դրամ ախպերներիս վրա են պարտք հաշվել: Մենք պարտք չունենք, այդ պարտքերն իրենք են հորինել: Այդպես են արել, որ էլեկտրիկներն ամեն օր գառ են ուտում, ջիփերով են ման գալիս: Տեսե՞լ եք մի գյուղացու, որ ջիփ քշի: Չէ, որովհետեւ գյուղացին իրա հալալ քրտինքով ա ապրում»,-ասում է Նորիկ Ինջիղուլյանը:

 Գյուղացիներից Ռաֆիկ Ներսիսյանն ասում էր, որ ինքն ազատամարտիկ է, և ՀՀԿ անդամ: Նա ցույց էր տալիս պատերազմի մասնակցի իր վկայականն ու ՀՀԿ-ի անդամատոմսը և բողոքում, որ այսօր իր վրա 114 հազար դրամ են գրել: «Դրա՞ համար եմ ես կռվել»,- հարցնում էր Ռաֆիկը:

Գյուղացիներն ասում էին, որ իրենցից Էջմիածնի էլեկտրացանցից պահանջում են 2002 թ.-ից ի վեր վճարման կտրոնները, սակայն շատերն այդ կտրոնները չեն պահպանել, քանի որ 2002 թ. իրենց մտքով չի անցել, որ այսպիսի խնդրի առաջ են կանգնելու: Ըստ էլցանցի փաստաթղթի' նրանցից մեկը պարտք է 2002-2007 թթ.-ի, մեկ ուրիշը' 2007-2011 թթ.-ի համար: Սակայն այս ընթացքում գյուղացիների հոսանքը չեն անջատել այդ պարտքի պատճառով:

Գայի բնակիչների պահանջը մեկն է. իրենց անվան դիմացից ջնջել հորինված պարտքերը, եւ իրենք կմոռանան էլեկտրիկների մասին էլ, բողոքի ակցիաներնն էլ:

Նշենք, որ բողոքի ակցիայի ամբողջ ընթացքում գյուղացիների հետ էր Գայ գյուղի համայնքապետ Սեյրան Մարկոսյանը: Ճիշտ է, նա ակցիան չէր գլխավորում, սակայն շարժվում էր գյուղացիների հետեւից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter