HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ֆրանսիական համալսարանում դաս տալը հոբբիի պես բան է»

Գեւորգ Հակոբյանը սովորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսում: Բուհի ներսում իր իրավունքները պաշտպանել չկարողանալով` Գեւորգը համարձակվել է առկա խնդիրների մասին բարձրաձայնել, ի հեճուկս իրավաբանական ֆակուլտետի դեկան Գրիգոր Բադիրյանի հորդորների, թե դրանք պետք է մնան համալսարանի պատերի ներսում:

Արդյունքում Գ. Բադիրյանը հայտարարել է, որ կհրավիրեն կարգապահական հանձնաժողով եւ Գեւորգին բուհից կհեռացնեն:

Այս տարվա փետրվարին «Միջազգային հանրային իրավունք» առարկայից Գեւորգը հանձնել է քննություն: Ոսումնասիրելով գրավոր աշխատանքը` նա պարզել է, որ իր ճիշտ լուծած խնդիրը դասախոս Շահեն Ավագյանը համարել է սխալ, ինչի արդյունքում նրա գնահատականը 5 բալով նվազել է:

«Ես նույնիսկ խորհրդակցության եմ գնացել պետհամալսարան: Եվ պատրաստ եմ համապատասխան գրքերով ու մասնագետների ներկայությամբ ապացուցել իմ ճշմարտացիությունը»,- վստահեցնում է Գեւորգը: Նա խնդրի առնչությամբ դիմում է գրել համալսարանի տնօրինությանը: Պատասխանում, վկայակոչելով բուհի քննական կանոնակարգը, ուսանողին հայտնել են, թե գնահատականն այլեւս փոփոխման ենթակա չէ:

Ըստ հիշյալ կանոնակարգի 5.2 կետի` «Միայն տեխնիկական սխալները (սխալ գումարում, որեւէ հարցի անտեսում) կարող են թույլ տալ գնահատականի փոփոխություն»: Ստացվում է, որ եթե դասախոսը ուսանողի աշխատանքը սխալ գնահատի, տուժելու է բացառապես ուսանողը: 

«Այս հիմար կետից խուսանավելու համար ես դիմումիս մեջ գնահատականի բարձրացման պահանջ չէի ներկայացրել: Ուղղակի խնդրել էի գրավորս վերանայել»,- մանրամասնում է ապագա իրավաբան Գեւորգը եւ նշում, որ վերանայման դեպքում, եթե պարզվի, որ ինքը ճիշտ է, մեխանիկորեն առաջ կգա նաեւ գնահատականի բարձրացման հարցը:

Գեւորգը գրել է նաեւ երկրորդ եւ երրորդ դիմումները: Վերջինում նա իրեն թույլ է տվել օգտագործել «պահանջում եմ» ձեւակերպումը, ինչից ռեկտոր Անն-Մարի Շլոսերը վիրավորվել է: Դեկան Գ. Բադիրյանի հորդորով` ուսանողը ներողություն է խնդրել ռեկտորից` կոպիտ լինելու համար: 

«Դրանից հետո Բադիրյանը թեեւ ասաց, որ գնահատականս չի կարող փոխվել, սակայն խոստացավ, որ ներքին կարգով հարցն իրավական առումով կլուծվի, եւ գրավորս կվերանայվի: Բայց ոչինչ էլ չարվեց: Ամեն անգամ, երբ դեկանին դիմում էի, զբաղված լինելու պատճառաբանությամբ հարցը ձգձգում էր»,- պատմում է Գեւորգը:

Որոշ ժամանակ անց նա կուրսային աշխատանք է հանձնել նույն` «Միջազգային հանրային իրավունք» առարկայից: Ուսանողի խոսքերով` այս անգամ էլ ճիշտ գրված բառերի եւ արտահայտությունների տակ անհասկանալի կերպով ընդգծվել է: Առարկան դասավանդող Շ. Ավագյանից բացի գրավորը ստուգել են եւս երկու դասախոսներ, այդ թվում` դեկան Գ. Բադիրյանը:

«Որպեսզի իմանամ, թե դասախոներից ով ինչ է գնահատել, եւ որոնք են աշխատանքիս թերությունները, խնդրեցի ցույց տալ յուրաքանչյուր դասախոսի գնահատականը: Բայց պրակտիկանտների բաժնից ստացա մի երկտող, թե «Մեզ արգելվում է առանց թույլտվության ուսանողներին առանձին գնահատական ասել կամ դասախոսի ստուգած-գնահատված թերթիկ ցույց տալ»: Սա ուղղակի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կոպիտ խախտում է,- պարզաբանում է Գեւորգը:- Մեզ մոտ, եթե դիմում ես գրում, պատասխանում են միայն զզվեցնելու պարագայում, այն էլ` բավականին ուշացումով: Դրա համար որոշեցի հանդիպել անձամբ ռեկտորին: Մեկ ժամ սպասեցնելուց հետո, երբ ռեկտորն իմացավ, որ ես եմ, ասաց` այս էտապն արդեն անցել ենք, ու շատ կոպիտ ձեւով ինձ դուրս վռնդեց»:

Գեւորգը նշում է, որ ռեկտորը նման իրավունք չուներ, քանի որ, համաձայն համալսարանի կանոնադրության, վերջինս պարտավոր է լուծել ուսանողի եւ բուհի աշխատակցի միջեւ առկա վեճը:

Իրականում այդ վեճը, այս դեպքում` գնահատականի բարձր կամ ցածր լինելը, պայմանավորում է այլ հանգամանքներ եւս: Ըստ Ֆրանսիական համալսարանում գործող կարգի` ելնելով ուսանողի առաջադիմության տարեկան արդյունքներից` որոշվում է, թե տվյալ ուսանողը որ համակարգում պետք է սովորի` անվճա՞ր, վճարովի՞, թե՞ զեղչային: Ֆակուլտետի առաջին 3 տեղերում սովորողները վարձավճարից ազատված են: Հաջորդ 3-4 տեղերի համար սահմանված է 75, այնուհետեւ` 50 եւ 25 տոկոս զեղչ: 

Գեւորգն առաջադիմության ցուցակում 4-րդ տեղն է զբաղեցնում եւ, ինչպես ինքն է պատմում, անցյալ տարի դարձյալ նմանատիպ թյուրիմացության պատճառով ընդամենը 0,1 բալի տարբերությամբ զրկվել է 3-րդ տեղից: Բացի այդ, գնահատականները մեծ դեր ունեն նաեւ Ֆրանսիա մեկնելու հարցում: Ինչպես բուհում են վստահեցնում` պրակտիկան Ֆրանսիայում անցկացնելու ռեալ հնարավորություն ունեն ֆակուլտետի առաջին 5 տեղերում սովորող ուսանողները:

«Դրա համար էլ իրենք հենց հիմիկվանից դասավորում են, թե ով պետք է գնա Ֆրանսիա: Պարզ է, որ իրենց մարդիկ պետք է լինեն»,- նշում է իրավաբանական ֆակուլտետի մեկ այլ ուսանող եւ խնդրում անունը չհրապարակել` «ավելորդ խնդիրներ չեմ ուզում ունենալ» հիմնավորմամբ: Վերջինիս ասելով` իրենց բուհում նորմալ կրթական համակարգ չկա, եւ եթե համապատասխան չափորոշիչներով ստուգումներ անցկացվեն, համալսարանը պարզապես լիցենզիայից կզրկվի: «Ամեն շաբաթ դասացուցակը փոխվում է: Շաբաթվա սկզբում փակցվում է 3 օրվա դասացուցակ, իսկ մյուս օրերի համար առհասարակ չի կազմվում: Որովհետեւ մեր դասախոսներից շատերը քննիչներ են, դատավորներ, արդարադատության խորհրդի անդամներ, եւ նրանց համար դաս տալը հոբբիի պես բան է: Ամեն ինչ հարմարեցվում է դասախոսների զբաղվածության ծանր գրաֆիկին: Դրա համար էլ օրվա մեծ մասը պարապ ենք անցկացնում: Անհասկանալի է, թե ինչի համար ենք վարձ մուծում»,- ասում է ներկայանալ չցանկացող ուսանողը:

ֆրանսիական համալսարանում ուսանողները մոտավորապես են իմանում, թե հաջորդ տարվա վարձավճարն ինչքան է լինելու: Սովորաբար, դատելով փորձից, ենթադրում են, որ նախորդ տարվանից 40-50 հազար դրամով բարձր կլինի: 

Բուհն ուսանողի հետ պայմանագիր կնքելիս նշում է, որ «Ուսման վճարները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար` ըստ Հոգաբարձուների խորհրդի որոշման» (խորհրդի նախագահն «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն է - Ա. Դ.): Սա «բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է, քանի որ, ըստ դրա, «Բուհի եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է տվյալ բուհում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների: Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի չափը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չէ»:

Համալսարանի ռեկտոր Անն-Մարի Շլոսերն այս եւ մեր մյուս հարցերի կապակցությամբ մեկնաբանություններ տալուց հրաժարվեց` «խիստ զբաղված եմ» պատճառաբանությամբ: Նա նշեց նաեւ, որ քննաշրջանի սկսվելու հետ կապված` ժամանակ չի ունենալու նաեւ առաջիկա շաբաթներին: Իսկ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գրիգոր Բադիրյանն էլ ասաց, թե հարցերին պատասխանելու լիազորությամբ օժտված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter