HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթական հայցը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը Կենտոն եւ Նորք-Մաշաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ծանուցում է ստացել այն մասին, որ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը վիրավորվել է ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանի եւ նույն վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի մասին արված մեր հրապարակումից եւ պահանջում է փոխհատուցում` 804 հազար դրամի չափով: Դատական նիստը կկայանա հոկտեմբերի 24-ին:

Նշված հրապարակման մեջ «Ժողովորդը» մեջբերումներ էր արել խմբագրությանը հասցեագրված մի նամակից, որտեղ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանին եւ պետի ներկայիս տեղակալ Աշոտ Մարկոսյանին մեղադրանքներ էին ուղղվել:

Եւ ահա Գ. Աղաջանյանը որոշել է նրանց երկուսի փոխարեն վիրավորվել ու այսպիսի հայց է ներկայացրել դատարան. «Հոդվածում իմ անունից տարածված տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաեւ դրա հետեւանքով արատավորվել է իմ պատիվն ու արժանապատվութունը»: Ահա թե որ տողերից է վիրավորվել քաղաքացի Գուրեգն Աղաջանյանը. «Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք», «7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ, «գիտնական», կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ», «Կ. Կիրակոսյանն իրեն այդ ոլորտում ավելի ապահով զգալու համար եւ պետգույքի մի զգալի մասը յուրացնելու նպատակով աճուրդի կենտրոնի տնօրեն է նշանակել իր քեռու տղային` Մարտին Քալաշյանին, ով նույնպես կեղծիքների մեծ վարպետ է»…: Բայց նշենք, որ նույն նյութում «Ժողովուրդը» ներկայացրել էր թե Կարինե Կիրակոսյանի, թե վարչության ներկայիս պետ Արման Սահակյանի կարծիքները:

Ավելի ուշ խմբագրություն այցելեց Գուրգեն Աղաջանայնը, որի անունից «Ժողովուրդը» նամակ էր ստացել եւ հրապարակել: Նա պնդեց, թե ինչքը չէ նամակի հեղինակը: Երբ Աղաջանյանի ցույց տվեցինք «Հայփոստի» միջոցով խմբագրությանն ուղարկված նամակը (նամակի հետադարձ հասցեն Պետգույքի կառավարման վարչությանն է), վերջինս պատճենահանեց նամակն ու ծրարը եւ հեռացավ:

Հաջորդ օրը Աղաջանյանը խմբագրությանը ներկայացրեց մի հերքման տեքստ, որն իրականում հերքում չէր պարունակում, այլ գովեստի խոսքեր` իր հետ խմբագրություն այցելած Ա. Մարկոսյանի հասցեին: Եւ քանի որ տեքստն անհեթեթ էր, հրապարակված նյութի հետ որեւէ առնչություն չուներ, ուստի անիմաստ համարվեց այն որպես հերքում ընկալելն ու հրապարակելը :

Չնայած այս զավեշտալի դատական հայցերին, «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարում է, որ շարունակելու է հրապարակել քաղաքացիներից ստացված նամակներն ու բանավոր դիմում-բողոքները` հետամուտ լինելով դրանց ընթացքին: Որեւէ մեկի ներկայացրած հայցը կամ դրա թիկունքում կանգնած իշխանական ուժերի հնչեցրած սպառնալիքները «Ժողովուրդին» չեն վախեցնելու ու չեն կաշկանդելու: Մենք կշարունակենք աշխատել նույն ոգով` ցանկացած խնդրի վերաբերյալ ներկայացնելով բոլոր կողմերի տեսակետները` բնականաբար պահպանելով նաեւ անաչառությունը:

«Ժողովուրդ» օրաթերթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter