HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիում ծնելության և մահացության ցուցանիշները մտահոգիչ են

Աքորի գյուղում 1000 տնտեսությունից ներկայումս բնակվում են 750-ը: Աքորիում կան տներ, որոնք ամբողջությամբ դատարկ են: «Գյուղից վերջին տարիներին 500 տղամարդ է մեկնել Ռուսաստան, 200-ն այնտեղ հաստատվել են, 300-ը` գնում-գալիս են»,- ասաց  համայնքապետը: Վերջինս այս առումով կարեւորեց գյուղում աշխատատեղերի ստեղծումը: Աքորիում տարեկան գրանցվում է 14 ծնունդ, 42 մահ:  Հրահատ Սիմոնյանը 2013թ.-ի համայնքի բյուջեի սոցիալական տողով նախատեսված 1,9 մլն դրամից 1մլն դրամը  տրամադրել է գյուղի հանգուցյալների հարազատներին`մահվան արարողությունների համար: Ծնելության եւ մահացության թվերը մտահոգում են համայնքապետին: «Ես մտածում եմ, եթե մի 10 տարի, Աստված ոչ անի, էս տեմպով ծնունդներն ու մահերը շարունակվեն, գյուղը կվերանա»,- ասում է նա: 

Ծնելիությունը խրախուսելու նպատակով Հրահատ Սիմոնյանը համայնքի 2014թ. բյուջեի բնապահպանական վճարներից  900  հազար դրամ է  նախատեսել գյուղի հղի կանանց սննդով ապահովելու համար: Աքորիի համայնքապետը դժգոհում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական  գործարանի ծխնելույզը  Կոշաբերդ սարի գագաթը տեղափոխելուց հետո գործարանի արտանետումները շատ են վնասում աքորեցիներին: «Կոշաբերդում խողովակը Աքորիին հավասարացրել են, քամին փչում է, մեկ էլ տեսնում ենք գյուղը թաղվում է ծխի մառախուղի մեջ»,- բացատրում է նա: Գյուղը գործարանի արտանետումներով աղտոտելու համար 2014թ.-ին պետբյուջեից համայնքի բյուջեին 28 մլն դրամ բնապահպանական սուբվենցիա է վճարվել: 

Հ. Սիմոնյան Վ.Սիմոնյան

2014թ.-ի  բյուջեի նախատեսված եկամուտները կազմում են  79,4 մլն դրամ, որից  47,2 մլն դրամը կազմում են պաշտոնական տրանսֆերտները: Համայնքապետ Հրահատ Սիմոնյանը  մարտի 14-ին Աքորիի սոցիալական վիճակը շատ ծանր համարեց եւ «Հետքին» հայտնեց, որ աքորեցիներն ապրում են արտագնա աշխատանքով ու անասնապահությամբ: 

Հողագործությունը Աքորիում գրեթե վերացվել է: Գյուղի 210 հա վարելահողերից ոչ մի հեկտար չի մշակվում` ոռոգման ջրի պատճառով: Աքորիի վարելահողերը ոռոգելու համար 2004-2009թթ.-ին կատարվել են 73 մլն դրամի ներդրումներ: «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպության նվիրաբերած 43 մլն դրամով եւ համայնքի բյուջեի 12 մլն դրամ ներդրումով 2004թ.-ին կառուցված «Չափրելաձոր-Աքորի» ոռոգման ջրատարը կառուցման օրից ոռոգում է ընդամենը գյուղի Սեդվի թաղամասի մի քանի տնամերձերը: Այստեղ 2008թ.-ին պետբյուջեից հատկացված 6,8 մլն դրամով կառուցվել է ոռոգման նոր ջրագիծ`գյուղի «Տափի դուզ» հանդամասի ոռոգման համար, որն այդպես էլ հանդամասի 40 հա վարելահողերին չի հասել: Պետբյուջեի  9,7 մլն դրամով իբր թե վերանորոգվել են գյուղի ոռոգման ներքին ջրագծեր, որոնք իրականում գոյություն չունեն: 

Այսուհանդերձ, Հ. Սիմոնյանն ասում է, որ Աքորիի ամենացավոտ հարցը  ոռոգման ջուրն է: Հիշեցնենք, որ «Հետքը» ահազանգել գյուղի ոռոգման ջրի համար հատկացված ֆինանսական միջոցների փոշիացման մասին: Հրապարակման փաստերով Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ հարուցվեց, որը սակայն հետեւանք չունեցավ: Ոռոգման ջրի պատճառով «Տափի դուզ» հանդամասի 40 հա բարեբեր հողերը դարձել են խոտհարքներ: Հրահատ Սիմոնյանը հանդամասի ոռոգման ջրի խնդիրն սկսել է լուծել 0-ից: Նա 2014թ. համայնքի բյուջեից 2 մլն դրամ է հատկացրել գյուղի ջրատարից դեպի հանդամաս գնացող ջրագծերը վերականգնելու համար: «Եթե ոռոգման ջուր լինի`գյուղացիներն այդ հանդամասի վարելահողերը կմշակեն, մեր ժողովուրդն աշխատող ժողովուրդ ա»,- ասում է նա:  Հողի  մշակման գործում համայնքապետը կարեւորեց նաեւ նոր գյուղտեխնիկայի ձեռքբերումը: 

Աքորիի շատ հիմնախնդիրներ տեղ չեն գտել գյուղի զարգացման 2013-2016թ.-ի քառամյա ծրագրում:  Հ. Սիմոնյանը քառամյա ծրագրով նախատեսել է հիմնանորոգել համայնքապետարանը, դպրոցը, համայնքային կենտրոնը: Ի դեպ, համայնքի վարչական շենքը վատ վիճակում չէ, իսկ դպրոցի շենքի վերանորոգման պատասխանատվությունը կրում է մարզպետարանը: Քառամյա ծրագրից դուրս են մնացել գյուղի արտագաղթը կանխելու կարեւորագույն խնդիրները: Աքորիի զարգացման քառամյա ծրագիրը չի բխում գյուղացիների շահերից եւ ձեւական փաստաթուղթ է: 

Աքորիի արտագաղթի հետեւանքներից «Հետքին» դժգոհեցին գյուղամիջում կանգնած տարեց աքորեցիները: «Ջահելները գնում են Ռուսաստան, որը գնում է ավարիա տալի, որը ինվալիդ դառած գալի: Ինձ նմաննին էլ թոշակ են առնում, չալիշ են գալիս, որ հացն էլ նիսյա չանեն: Ես հլա ստիպված ծխելս էլ եմ թողել: Խմեի`էդ էլ եմ բոշացրել: Բա խեղճ ջահելն ի՞նչ անի»,- դժգոհեց Վանիկ Սիմոնյանը: