HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդաքարցիները հրաժարվել են Նոր Կյանքի դպրոցում ուսում ստանալուց

«Ինչի՞ է նման գյուղն առանց դպրոցի ու առանց եկեղեցու: Մեր նախնիները, որ գյուղ են հիմնել, նախ` եկեղեցի են կառուցել, հետո` իրենց տներն ու անպայման դպրոց, որ երեխաները կրթվեն, իսկ Վարդաքարի դպրոցը քանդեցին, չնայած խոստացել էին նորը կառուցել»,- դժգոհում է Շիրակի մարզի Վարդաքար համայնքի ղեկավար Գալուստ Ավետիսյանը:

Վարդաքարի դպրոցը 1930-40թթ.-ի կառույց էր՝ միահարկ, երկարավուն մի շինություն` նեղլիկ, անհրապույր դասասենյակներով, առանց սպորտային ու նիստերի դահլիճի, խոհանոցի և կոմունալ տարրական պայմանների: Խորհրդային տարիներին Վարդաքարն ու հարեւան Նոր Կյանք համայնքը միավորված էին մեկ կոլեկտիվ տնտեսության մեջ: Նոր Կյանքում երկհարկանի տիպային դպրոցական շենք կառուցվել էր 1969թ., որտեղ այդ տարիներին, ցանկության դեպքում, կարող էին հաճախել  նաեւ վարդաքարցիները: Անցած դարի 80-ականներին համայնքներն առանձնացան, սակայն դա չլուծեց Վարդաքարում տիպային դպրոց ունենալու խնդիրը, այլ, ընդհակառակը, ավելացրեց:

1988թ. երկրաշարժից վնասվեց դպրոցի հնամենի շենքը և ստացավ վթարայնության 4-րդ աստիճան: Դասապրոցեսը դպրոցական հանրույթը ստիպված էր շարունակել այդ պայմաններում՝ հուսալով, որ մի օր կտեղափոխվեն նորակառույց շենք: Երկար սպասումներից հետո, միայն 2010թ.-ին, աչքալուսանքի նման գյուղ հասավ լուրը, թե հին դպրոցը քանդելու են ու տեղում նորը կառուցեն:


«Կառավարությունը վերջապես գումար էր հատկացրել: Մրցույթ հայտարարվեց, շինարարը եկավ, սկսեց քանդել, հետո կիսատ թողեց-գնաց,- պատմում է Վարդաքարի համայնքապետ Գալուստ Ավետիսյանը,- հարևան չորս գյուղերում դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ էին սկսվել, դրանք մի տարի հետո ավարտեցին, մերն էդպես էլ մնաց կիսաքանդ»:

2011թ.-ին հարեւան Նոր կյանք գյուղում «Լինսի» հիմնադարմով վերանորոգվեց և շահագործման հանձնվեց հիմնանորոգված դպրոցը, ինչպես նաեւ նորակառույց մեկ մասնաշենք:

Նոր կյանքի դպրոցը նախատեսված էր 360 երեխայի համար: Վարդաքարի համայնքապետի փոխանցմամբ՝ իրենց դպրոցի կառուցման աշխատանքները կասեցվել էին «բյուջեում համապատասխան գումար չկա» պատճառաբանությամբ ու որպես տարբերակ առաջարկել էին երեխաների ուսումնառությունը կազմակերպել հարեւան համայնքում: Նոր կյանքի հիմնանորոգված դպրոցում սովորում էր ընդամենը 200 երեխա եւ վարդաքարցի 100 դպրոցականները նույնպես կարող էին ուսում ստանալ այնտեղ:

Վարդաքարի դպրոցի` չորս տարի առաջ կիսաքանդ արած շենքը

«Թող էդ մի մասնաշենքը չկառուցեին Նոր կյանքում,- դժգոհում է Գալուստ Ավետիսյանը,- թող էնտեղ ծախսված միջոցների վրա մի բան էլ ավելացնեին, մեր դպրոցը կառուցեին»:

Վարդաքարցիներն այդպես էլ չընդունեցին հարևան համայնքի դպրոց իրենց երեխաներին ուղարկելու առաջարկը: Դպրոցը տեղակայվեց գյուղի մշակույթի տանը:

Գյուղի մշակույթի տունը, որտեղ տեղակայված է նաև դպրոցը

«Պայմաններ չկան, ինչպես նախկին հին շենքում էր,- նկատում է դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը,- փայտե զուգարանը դրսում է, ջուր չկա թաղում, աշխատակիցներս դույլերով բերում են որ հատակ ու պատուհան լվանան: Ձմռանը տաքանում ենք սոլյարայուղի վառարաններով: Խնդիրները շատ են»:

Վարդաքարի դպրոցն ունի 99 աշակերտ, այս տարի առաջին դասարան են ընդունվել ութ երեխա: Հանրույթի 28 անդամները կդառնան գործազուրկ, եթե գյուղում այդպես էլ դպրոց չկառուցվի: «Դպրոցի կառուցման հարցը ներառվել է մարզի զարգացման 2014-17թթ.-ի զարգացման ծրագրում: Որքան ինձ է հայտնի 280 մլն դրամ է նախագծի արժեքը, պիտի կառուցվի դպրոց՝ նախատեսված 100 աշակերտի համար, բայց թե որ տարում, հայտնի չէ, պիտի պետբյուջեից հատկացում կատարվի»,- ասում է Նարինե Սահակյանը:

Համայնքապետ Գալուստ Ավետիսյանը վստահեցնում է , որ դպրոցի կառուցումով երկու խնդիր է լուծվում` համայնքապետարանի և մշակույթի տան: 2010թ.-ից համայնքապետարանը վարձակալությամբ գործունեություն է ծավալում բնակելի տներից մեկում՝ տարեկան 60 հազար դրամ վարձավճարով:

«Մանկահասակ մոտ 40 երեխա ունենք գյուղում, որ մանկապարտեզ հաճախելու կարիք ունեն, բայց տեղ չունենք: Գյուղում մի հատ մեծ շենք ունեինք, էն էլ դպրոցը տեղավորեցինք: Ճիշտ է, համայնքի բյուջեն մեծ չէ, բայց եթե որոշենք մանկապարտեզ բացել, դոտացիան կավելանա, մենք էլ բյուջեից որոշ գումար կավելացնեինք հարցը կլուծվեր»,- ասում է համայնքապետը:

797 բնակիչ ունեցող Վարդաքարում զբաղվում են հավասարապես թե' հողագործությամբ, թե' անասնապահությամբ, չնայած նրան, որ գյուղն արոտավայր չունի: Գյուղի 500 գլուխ անասունի համար արոտավայր է ծառայում Հոռոմի ջրամբարի մերձակա տարածքը:

Գյուղացիներն ստիպված են սպասել մինչեւ հացահատիկն հնձելը , որ անասունը դաշտ տանեն: «Անասունը շուրջ տարին խոտ ու ծղոտ է ուտում, կոմբինացված կեր էլ չկա: Կաթնատվությունը ցածր է, կաթը հանձնում ենք լիտրը 100 դրամով, գյուղի անասունը արածելու տեղ չունի՝ Հոռոմի, Նոր կյանքի արոտների հաշվին յոլա ենք գնում»,- ասացին վարդաքարցիները:

Վարդաքարում սեփական եկամուտներն ամբողջությամբ հավաքագրում են, սակայն գումարն է քիչ: 2013թ-ին հավաքագրվել է մոտ 3 մլն 800 հազար դրամ: Պետությունից ստացվող դոտացիան կազմում է 7 մլն 400 հազար դրամ է: Բյուջեից հինգ մլն դրամը հատկացվում է համայնքապետարանի չորս հոգանոց աշխատակազմը պահելու վրա: Նման գումարներով մեծ ծրագրեր իրականացնել հնարավոր չէ:

Սեփական միջոցներով կարողացել են նախորդ տարում 11 կետ գիշերային լուսավորություն ապահովել, այս տարի եւս 10 կետ կավելացնեն: Վարդաքարի խմելու ջրի ներքին ցանցը համայնքային ենթակայության է, սակայն մարտի 14-ին «Հայջրմուղից» համայնքապետը գրություն է ստացել ցանցը նրանց հանձնելու վերաբերյալ: «Կհանձնենք, որովհետեւ ինքնուրույն այլեւս չենք կարող շահագործել, ոչ տեխնիկա ունենք, ոչ էլ գումարներ վթարները վերացնելու համար»,- ասում է համայնքապետը: 2013 թ. մոտ 2 կմ ոռոգման ցանցի նորացում է կատարվել մարզի հրատապ ծրագրերի շրջանակում:

Վարդաքարում ծնելիությունը ցածր չէ, անցած տարի 13 երեխա է ծնվել, իսկ այս տարի 11 նոր ընտանիք է ձեւավորվել: Վերջին երեք տարում հինգ ընտանիք ընդմիշտ հեռացել է գյուղից: Սոցիալական պայմանները ստիպում են հեռանալ հատկապես երիտասարդ ընտանիքներին: Արտագնա աշխատանքի մեկնողների թիվն է մեծ: Վարդաքարից սեզոնային աշխատանքի են մեկնում մոտ 150 հոգի:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Հետաքրքիր կլինի կարդալու թէ Վարդաքարի ծնողները ինչու՞ են հրարժարվել իրենց երեխաներին Նոր Կյանքի դպրոցը ուղարկելուց: Ո՞րն է պատճառը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter